ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին։ Կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
«Այո, ապրիլի 7-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով ակտիվ երկխոսություն է ընթանում։ Առաջին հերթին, իհարկե, կքննարկվի եռակողմ պայմանավորվածությունների և եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, որով վերջ դրեց Ղարաբաղում ռազմական գործողություններին», — ասել է Պեսկովը:
Բացի այդ, նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, կքննարկվեն Անդրկովկասի տրանսպորտային ենթակառուցվածքի ապաշրջափակման հետ կապված հարցեր, կարծիքներ կփոխանակվեն ընտրական գործընթացի շուրջ, որն այժմ սկսվել է Հայաստանում, կքննարկվեն ռուս-հայկական համագործակցության այլ արդիական հարցեր:
Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 7–ին Մոսկվա նախատեսված այցից և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ վարչապետ Փաշինյանը ինքնամեկուսացել է։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Երևանում կայացել է քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների որոշ ասպեկտների:
«Կողմերն ընդգծեցին համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը՝ նշված բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ իրագործման համատեքստում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ խորհրդակցությունների արդյունքները պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ կայացած հանդիպմանը:
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Նշվում է, որ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Վալենտինա Մատվիենկոն կարևորել է երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: Նա վստահություն է հայտնել, որ տարբեր ձևաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա:
«Վալենտինա Մատվիենկոն կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարեւորագույն գրավական է: Նա վերահաստատել է ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց», – նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր է գնահատել կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը:
Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ տարբեր ոլորտներում:
Նա իր ռուս գործընկերոջը ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարևորությունը: ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին
«Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին շնորհել է Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման և Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարևորագույն ներդրման համար:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր Facebook-յան գրառմամբ անդրադարձել է Ուկրաինայի փոխվարչապետի Օլեկսի Ռեզնիկովի` ապրիլի 15-ին Ակնա (Աղդամ) կատարած այցին, որի ընթացքում վերջինն իր օգնությունն է առաջարկել քաղաքի վերակառուցման գործում։
«Ռեզնիկովը նշել է, որ պատվիրակության և իր այցի նպատակն այդ տարածքների վերականգնման հարցում Ադրբեջանին օգնության ձեռք մեկնելն ու փորձի փոխանակումն է: Նա նաև ավելացրել է, որ Ադրբեջանն Ուկրաինայի բարեկամն է և գործընկերը, ու որ Կիևը միանշանակ աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին: Փաստորեն, փոխվարչապետը մոռացել է իր երկրի նախագահի կոչը` Ուկրաինային չներգրավել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ»,– գրում է Մարուքյանը` հիշեցնելով, որ 2020թ–ի աշնանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա կատարած այցի ժամանակ կոչ էր անում չեզոք դիրքորոշում ունենալ:
«Չնայած` նաև հիշում ենք, թե Զելենսկին ինչպես էր ուրախանում թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությամբ՝ մոռանալով միջազգային հանցագործություն համարվող ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների արդյունքում զոհված հազարավոր մարդկանց մասին»,– գրում է Մարուքյանը։
Ընդդիմադիր ուժի ղեկավարն այս ամենից եզրակացնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ուկրաինայի հարաբերությունները հիմնված են տնտեսական հիմքերի` ռազմական արդյունաբերության, ներդրումների և էներգետիկայի վրա:
Մարուքյանը Ուկրաինայի այսօրվա ղեկավարներին հիշեցնում է, որ Մայդանի հեղափոխությունն ընդունված է կոչել արժանապատվության հեղափոխություն:
Նա հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս կարող է արժանապատվության մասին խոսել ուկրաինացի մի պաշտոնյա, որը այդաստիճան միակամ ընդունում է պաշտոնական Բաքվի տեսակետը՝ հանուն հաջորդող տնտեսական սպասելիքների՝ մոռանալով հազարավոր զոհերի, հազարավոր վիրավորների, իրենց տունը կորցրած հազարավոր մարդկանց, հարյուրավոր անհետ կորածների, էթնիկ զտումների, քրիստոնեական մշակութային հուշարձանների ցուցադրական ոչնչացման, արգելված զինատեսակների կիրառման, ահաբեկչությունների, վարձկանների, գերության մեջ գտնվողների քաղաքացիական բնակչության ու ռազմագերիների, ինչպես նաև պատերազմական ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին:
Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները․ Լավրով
Մարուքյանը նշում է, որ յուրաքանչյուր ոք, ով ժպիտով այցելում է Ադրբեջան, հետո՝ վերջինիս կողմից բռնազավթված արցախյան տարածքներ, պետք է հիշի այդ ամենը: