ԵՐԵՎԱՆ, 29 մարտի- Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարարությունն այսօր գրանցել է «Սպուտնիկ Լայթ» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, տեղեկանում ենք դեղամիջոցների պետական գրանցամատյանի տվյալներից:
«Սպուտնիկ Լայթը» վեկտորային պատվաստանյութ է կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար։ Գրանցման ամսաթիվը` 29.03.2021», - ասված է գրանցամատյանում.
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ Լայթ» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտություններ անցկացնելու թույլտվություն էր տվել:
«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի» ղեկավար Կիրիլ Դմիտրիևն ասել է, որ «Սպուտնիկ Լայթը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, Ռուսաստանում կշարունակի առաջնային մնալ «Սպուտնիկ V»-ն։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Երևանում կայացել է քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների որոշ ասպեկտների:
«Կողմերն ընդգծեցին համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը՝ նշված բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ իրագործման համատեքստում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ խորհրդակցությունների արդյունքները պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ կայացած հանդիպմանը:
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Նշվում է, որ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Վալենտինա Մատվիենկոն կարևորել է երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: Նա վստահություն է հայտնել, որ տարբեր ձևաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա:
«Վալենտինա Մատվիենկոն կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարեւորագույն գրավական է: Նա վերահաստատել է ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց», – նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր է գնահատել կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը:
Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ տարբեր ոլորտներում:
Նա իր ռուս գործընկերոջը ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարևորությունը: ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին
«Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին շնորհել է Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման և Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարևորագույն ներդրման համար:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստան կատարած այցի շրջանակում այցելել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդին:
Ինչպես հաղորդում Է Sputnik Արմենիայի թղթակիցը, նախագահը ժամանել է պատրիարքի նստավայր՝ տիկնոջ ՝ Նունե Սարգսյանի ուղեկցությամբ։ Պաշտոնական արարողությունից հետո Արմեն Սարգսյանը զրուցել է Իլյա Երկրորդի հետ։ Նրանք մտքեր են փոխանակել երկու երկրներին հետաքրքրող մի շարք կարևոր հարցերի շուրջ։
Նախատեսված է նաև նախագահի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ:
Նշենք, որ Հայաստանի նախագահը Վրաստան է մեկնել ապրիլի 15-ին։ Այցի շրջանակներում նա արդեն հանդիպել է վրացի իր գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանի անվտանգության հարցերը՝ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքները։
Ի՞նչ կտա Արմեն Սարգսյանի թբիլիսյան այցը. Վրաստանի փոխվարչապետի մեկնաբանությունը
Վրաստանի նախագահի նստավայրում Արմեն Սարգսյանի և նրան ուղեկցող Նունե Սարգսյանի պատվին տրվել է հանդիսավոր ճաշ: Սարգսյանը և Զուրաբիշվիլին բաժակաճառերի ընթացքում խոսել են հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, ինչպես նաև հարգանքի և փոխադարձ վստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունների, երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարների մասին: