Վլադիմիր Պուտին. արխիվային լուսանկար

ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ. Պուտինը` Բայդենին

288
(Թարմացված է 17:10 18.03.2021)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` իր վերաբերյալ արած հայտարարությանը:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հայտարարությանը՝ ԱՄՆ ընտրություններին իր այսպես կոչված «միջամտության» մասին։

«Ես նրան կպատասխանեի` առողջ եղեք»,-ասել է Պուտինը։

«Փոքր ժամանակ, երբ բակում իրար հետ վիճում էին, ասում էինք․ ով ինչպես հայհոյում է, հենց ինքն էլ այդպիսին է։ Եվ դա պատահական չէ։ Դա ուղղակի մանկական խոսք չէ կամ կատակ։ Այդտեղ շատ խորը հոգեբանական իմաստ կա։ Մենք միշտ դիմացի մարդու մեջ տեսնում ենք մեր սեփական որակները և կարծում ենք, որ նա հենց այնպիսին է, ինչպիսին մենք ենք»,-ավելացրել է Պուտինը։

Նրա խոսքով՝ ամերիկյան քաղաքական վերնախավի գիտակցությունը բարդ պայմաններում է ձևավորվել, հիշեցնում է տեղի բնակչության ցեղասպանության, Ճապոնիայում ամերիկացիների կողմից միջուկային ռումբի օգտագործման, ստրկատիրության մասին՝ ԱՄՆ-ում աֆրոամերիկացիները մինչև օրս անարդարության են բախվում։

«Թեև ԱՄՆ-ն մտածում է, թե մենք էլ իրենց նման ենք, դա այդպես չէ, մենք ուրիշ գենետիկ կոդ ունենք։ ԱՄՆ—ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ»,-Պուտինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Նա ասել է նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ «շատ են դրամատիկ և արյունալի իրադարձությունները»։

«Բայց երբ մենք գնահատում ենք ուրիշ մարդկանց, անգամ երբ գնահատում ենք ուրիշ պետությունները, ուրիշ ժողովուրդներին, մենք միշտ կարծես հայելուն ենք նայում։ Մենք միշտ այնտեղ ինքներս մեզ ենք տեսնում»,-ավելացրել է Պուտինը։

Ավելի վաղ Բայդենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Վլադիմիր Պուտինը «պատասխան կտա ընտրություններին միջամտելու համար»: Բայդենը նշել էր, որ հունվարին կայացած զրույցում ռուս գործընկերոջը «զգուշացրել էր» հետևանքների մասին։

Ինչպես է ՆԱՏՕ-ն վերակազմակերպվում Բայդենի օրոք

Մարտի 16-ին ԱՄՆ-ի ազգային հետախուզության գրասենյակը գաղտնազերծել է մի զեկույց, որում Մոսկվային մեղադրել են Դոնալդ Թրամփի վերընտրվելուն օգնելու, Ջո Բայդենին վարկաբեկելու և ամերիկյան հասարակությունում «թշնամություն սերմանելու» փորձերի մեջ:

Փաստաթղթում նշվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ինչպես նշվում է փաստաթղթում, այդ գործողություններն իբր իրականացրել է «ռուսական կառավարական կազմակերպությունների խումբը»: Գործող անձանց թվում, որոնք, ենթադրաբար, փորձել են ազդել ընտրությունների վրա, նշված են նաև Իրանը, «Հեզբոլլահը» և Կուբան: Չինաստանը չի հիշատակվում։

Կրեմլում զեկույցն անվանել են «անհիմն ու անապացույց»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չի ունեցել ընտրություններում թեկնածուների դեմ արշավների հետ: Նրա խոսքով ՝ նման դատարկ  նյութերն օգտագործվում են որպես նոր պատժամիջոցների առիթ։

ԱՄՆ նախագահի ընտրությունները կայացել են նոյեմբերի 3-ին։ Դրանցում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը` հավաքելով 306 ընտրիչների ձայն` ընդդեմ հանրապետական Թրամփի հավաքած 232-ի։ Վերջինս հակառակորդներին բազմիցս մեղադրել է «ընտրությունները գողանալու» փորձի համար։ Նախագահի փաստաբան Ռուդի Ջուլիանին նշում էր, որ քվեարկության ընթացքում խախտումները համակարգային բնույթ են կրել։

ԱՄՆ–ում ընտրություններին «միջամտելու» հետ կապված մեղադրանքներ բազմիցս են հնչել Ռուսաստանի հասցեին։ Նախկինում ՌԴ–ն մի քանի անգամ հերքել է այդ մեղադրանքները։

ԱՄՆ-ը չի վերացնի պատժամիջոցները, Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը. Բայդեն

288
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն վախեցել է Ատլանտյան օվկիանոսում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ակտիվությունից
Ուղիղ սպառնալիք Ռուսաստանին. ի՞նչ է Պենտագոնը կառուցում Ալյասկայում
Ռուսաստանը աստիճանաբար հաղթահարում է դոլարային կախվածությունը. Պետդումայի նախագահ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

«Լինել բաց՝ չնայած անցյալին»․ Վլադիմիր Պուտին

72
(Թարմացված է 16:29 22.06.2021)
Ռուսաստանի նախագահի հոդվածը Հայրենական մեծ պատերազմի 80-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակվել է գերմանական Die Zeit շաբաթաթերթում։

Գերմանական Die Zeit շաբաթաթերթում հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի «Լինել բաց՝ չնայած անցյալին» հոդվածը, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի սկզբի 80-րդ տարելիցին։ Sputnik Արմենիան ներկայացնում է այն առանց փոփոխությունների:

«1941 թվականի հունիսի 22-ին, ուղիղ 80 տարի առաջ, նացիստները, նվաճելով գրեթե ամբողջ Եվրոպան, հարձակվեցին ԽՍՀՄ-ի վրա։ Խորհրդային ժողովրդի համար սկսվեց Հայրենական մեծ պատերազմը՝ մեր երկրի պատմության մեջ ամենաարյունալի պատերազմը։ Տասնյակ միլիոնավոր մարդիկ զոհվեցին, հսկայական վնաս հասցվեց տնտեսական ներուժին ու մշակութային ժառանգությանը։

Մենք հպարտանում ենք Կարմիր բանակի և թիկունքի աշխատավորների խիզախությամբ ու տոկունությամբ, որոնք ոչ միայն պաշտպանեցին Հայրենիքի անկախությունն ու արժանապատվությունը, այլև ստրկացումից փրկեցին Եվրոպան և աշխարհը: Եվ ով էլ հիմա փորձի վերափոխել անցյալի էջերը, ճշմարտությունն այն է, որ խորհրդային զինվորը Գերմանիայի հողին ոտք է դրել ոչ թե գերմանացիներից վրեժ լուծելու համար, այլ ազատարարի վեհ, մեծ առաքելությամբ։ Նացիզմի դեմ պայքարող հերոսների հիշատակը սրբություն է մեզ համար։ Մենք երախտագիտությամբ ենք հիշում հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցներին, Դիմադրության մասնակիցներին, գերմանացի հակաֆաշիստներին, որոնք մոտեցրել են ընդհանուր Հաղթանակը։

Համաշխարհային պատերազմի սարսափներն ապրելով՝ Եվրոպայի ժողովուրդներն, այնուամենայնիվ, կարողացան հաղթահարել օտարացումը և վերականգնել փոխադարձ վստահությունն ու հարգանքը, ինտեգրման ուղեգիծ վերցրին, որպեսզի վերջակետ դնեն անցյալ դարի առաջին կեսի եվրոպական ողբերգություններին: Եվ ուզում եմ հատուկ ընդգծել, որ նման Եվրոպայի կայացման համար հսկայական դեր խաղաց մեր ժողովրդի պատմական հաշտեցումը գերմանացիների հետ, որոնք ապրում էին ժամանակակից միացյալ Գերմանիայի ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում։

«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

Հիշեցնեմ նաև, որ հետպատերազմյան տարիներին հենց գերմանացի ձեռնարկատերերը դարձան մեր երկրի հետ կոոպերացիայի պիոներները։ 1970 թվականին ԽՍՀՄ-ի և ԳԴՀ-ի միջև կնքվեց «դարի գործարքը»՝ դեպի Եվրոպա բնական գազի երկարաժամկետ մատակարարման մասին, որը հիմք դրեց կառուցողական փոխկախվածությանը, որը դարձավ հետագա բազմաթիվ մեծ նախագծերի, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք» գազատարի շինարարության սկիզբը:

Մենք հույս ունեինք, որ սառը պատերազմի ավարտն ընդհանուր հաղթանակ կլինի Եվրոպայի համար։ Թվում էր՝ ևս մի քիչ, և իրականություն կդառնա միասնական մայրցամաքի մասին Շառլ դը Գոլի երազանքը, նույնիսկ ոչ թե աշխարհագրական՝ «Ատլանտիկայից մինչև Ուրալ», այլ մշակութային, քաղաքակրթական իմաստով՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ։

Հենց այս տրամաբանությամբ՝ ընդհանուր արժեքներով և շահերով միավորված Մեծ Եվրոպայի կառուցման տրամաբանությամբ էր Ռուսաստանը ձգտում զարգացնել եվրոպացիների հետ իր հարաբերությունները։ Թե մեր, թե Եվրամիության կողմից այդ ճանապարհին շատ բան է արվել։

Բայց գերակշռեց մեկ այլ մոտեցում։ Դրա հիմքում ընկած էր Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը, որն ինքնին սառը պատերազմի վերապրուկն էր։ Չէ՞ որ հենց այդ դարաշրջանի հակամարտության համար էր այն ստեղծվել։

Հենց դաշինքի շարժը դեպի արևելք, որը, ի դեպ, սկսվեց նրանից, որ խորհրդային ղեկավարությանը փաստացի համոզեցին, որ միացյալ Գերմանիան պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, Եվրոպայում փոխադարձ անվստահության սրընթաց աճի հիմնական պատճառը դարձավ։ Այն ժամանակ տրված բանավոր խոստումները՝ «դա ձեր դեմ ուղղված չէ», «դաշինքի սահմանները ձեզ չեն մոտենա», շտապեցին շատ արագ մոռանալ։ Իսկ նախադեպը ստեղծվեց։

Եվ 1999թ․-ից ի վեր ՆԱՏՕ-ի ընդլայնման ևս հինգ ալիք հաջորդեց։ Կազմակերպությանը միացավ 14 նոր երկիր, այդ թվում՝ նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ինչը փաստորեն հողին հանձնեց առանց բաժանարար գծերի մայրցամաք ունենալու հույսերը։ Ինչի մասին, ի դեպ, 80-ականների կեսերին զգուշացնում էր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից մեկը՝ էգոն Բարը, որն առաջարկում էր Գերմանիայի միավորումից հետո արմատապես վերակառուցել անվտանգության ողջ եվրոպական համակարգը, ընդ որում՝ ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Բայց այն ժամանակ ոչ ԽՍՀՄ-ում, ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ Եվրոպայում ոչ ոք չցանկացավ լսել նրան։

Ավելին, շատ երկրներ արհեստական ընտրության առաջ կանգնեցվեցին․ կամ հավաքական Արևմուտքի հետ ես, կամ Ռուսաստանի։ Դա, փաստացի, վերջնագիր էր։ Թե ինչ հետևանքների հանգեցրեց նման ագրեսիվ քաղաքականությունը, մենք տեսնում ենք 2014 թվականի ուկրաինական ողբերգության օրինակով։ Եվրոպան ակտիվորեն աջակցում էր հակասահմանադրական զինված հեղաշրջմանն Ուկրաինայում։ Ամեն ինչ հենց դրանից սկսվեց։

«Պուտինը՝ ԱՄՆ նախագահ»․ Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի նախագահի հարցազրույցը

Ինչի՞ համար էր պետք անել դա։ Այն ժամանակ գործող նախագահ Յանուկովիչն արդեն համաձայնվել էր ընդդիմության բոլոր պահանջներին։ Ինչո՞ւ ԱՄՆ-ն հեղաշրջում կազմակերպեց, իսկ Եվրոպայի երկրներն ակամա աջակցեցին նրան՝ հրահրելով բուն Ուկրաինայի պառակտումն ու Ղրիմի ելքը դրա կազմից։

Հիմա եվրոպական անվտանգության ամբողջ համակարգը խիստ հետընթաց է ապրել։ Լարվածությունը մեծանում է, իրական են դառնում սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկերը։ Մենք բաց ենք թողնում այն հսկայական հնարավորությունները, որոնք մեզ տալիս է կոոպերացիան, որը հատկապես այնքան կարևոր է հիմա, երբ մենք բոլորս բախվել ենք ընդհանուր մարտահրավերների՝ համավարակի և դրա ծանրագույն սոցիալ–տնտեսական հետևանքների հետ:

Ինչո՞ւ է դա կատարվում։ Եվ գլխավորը՝ ի՞նչ հետևություններ ենք մենք պարտավոր անել միասին։ Պատմության ո՞ր դասերը պետք է հիշենք։ Կարծում եմ՝ առաջինը այն, ինչը հաստատում է Մեծ Եվրոպայի հետպատերազմական պատմությունը․ մեր ընդհանուր մայրցամաքի բարգավաճումն ու անվտանգությունը հնարավոր է միայն բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համատեղ ջանքերով։ Որովհետև Ռուսաստանը եվրոպական խոշորագույն պետություններից մեկն է։ Եվ մենք զգում ենք մեր անքակտելի մշակութային ու պատմական կապը Եվրոպայի հետ։

Մենք բաց ենք ազնիվ, ստեղծարար փոխգործակցության համար։ Դա հաստատում է Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս համագործակցության և անվտանգության միասնական տարածքի ստեղծման մեր գաղափարը, որը կներառի տարբեր ինտեգրացիոն ձևաչափեր, այդ թվում՝ Եվրոպական միությունը և Եվրասիական տնտեսական միությունը։

Կրկնեմ․ Ռուսաստանը հանդես է գալիս Եվրոպայի հետ համապարփակ գործընկերության վերականգնման օգտին։ Մենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ թեմաներ ունենք։ Դա անվտանգությունն է և ռազմավարական կայունությունը, առողջապահությունն ու կրթությունը, թվայնացումը, էներգետիկան, մշակույթը, գիտությունն ու տեխնոլոգիաները, կլիմայական և բնապահպանական խնդիրների լուծումը:

Աշխարհը դինամիկ զարգանում է, նոր մարտահրավերների և սպառնալիքների է բախվում։ Եվ մենք պարզապես չենք կարող մեզ թույլ տալ կրել անցյալի թյուրիմացությունների, վիրավորանքների, հակամարտությունների ու սխալների բեռը։ Բեռ, որը կխանգարի մեզ կենտրոնանալ հրատապ խնդիրների լուծման վրա։

Համոզված ենք, որ մենք բոլորս պետք է ընդունենք այդ սխալները և ուղղենք դրանք։ Մեր ընդհանուր և անվիճելի նպատակն է ապահովել մայրցամաքային անվտանգություն առանց բաժանարար գծերի, իրավահավասար համագործակցության և համընդհանուր զարգացման միասնական տարածք՝ հանուն Եվրոպայի և ամբողջ աշխարհի բարգավաճման»:

72
թեգերը:
Ռուսաստան, Եվրոպա, Վլադիմիր Պուտին, Հայրենական մեծ պատերազմ
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզների հիշատակին
Հայերի սրտերը կոտրված են․ Արցախյան առաջին պատերազմի վետերանը՝ մայիսի 9-ի մասին
Երևանում բացվեց հայ-ռուսական բարեկամության հուշարձան
Քննիչներ

«Մամ, ես սպանել եմ նրան». մերձմոսկովյան ճամբարում ջոկատավարուհին դանակահարել է ընկերուհուն

86
(Թարմացված է 15:08 22.06.2021)
23-ամյա ջոկատավարուհին սպանել է 21-ամյա գործընկերուհուն. նրանք վիճել են, թե ով է ավելի լավ աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Մերձմոսկովյան Պուշկինո քաղաքի «Դոբրոյե» մանկական ճամբարի սենյակներից մեկում հունիսի 22-ի առավոտյան հայտնաբերվել է 21-ամյա Ալլա Ֆիլատովայի մարմինը՝ կրծքավանդակի շրջանում դանակի երեք հարվածներով: Տեղեկությունը հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա գործընկերուհին` 23-ամյա Ալեքսանդրա Օսիպովան։ Աղջիկները միասին են ապրել նույն սենյակում։ Նախնական տվյալներով՝ ուսանողուհիները պրակտիկա են անցել ճամբարում։

Լրատվամիջոցը հայտնում է, որ գիշերը աղջիկները խմել են, հետո վիճել։ Ալեքսանդրան վերցրել է դանակը և հարվածել Ալլայի սրտին։ Ըստ տեղեկությունների` նրանք վիճել են, թե ով է ավելի լավ ջոկատավարուհի։

Կրակել է համագյուղացու կրծքավանդակին. Արմավիրում կատարված սպանության դեպքը բացահայտվել է

Ավելի ուշ Օսիպովան քննիչներին ասել է, որ ընկերուհուն սպանելու մտադրություն չի ունեցել, պատահաբար է հարվածել սրտին։ Նշվում է, որ Ալեքսանդրան ինքն է շտապօգնություն կանչել, իսկ հետո զանգել է մորը։

«Մամ, ես սպանել եմ նրան»,– հարբած ձայնով ասել է նա:

Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105 հոդվածով (սպանություն)։ Ալեքսանդրան գտնվում է մեկուսարանում, նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Գցել է գետնին ու կտրել կնոջ պարանոցը. Արտաշատի սարսափելի սպանության մանրամասները

86
թեգերը:
աղջիկ, Սպանություն, Ռուսաստան
Դպրոց

Մեծամորի N 1 դպրոցի նախկին տնօրենը 29 տարի ամուսնուն ապօրինի հրամանագրել է որպես տնտեսվար

0
(Թարմացված է 17:33 22.06.2021)
1985-2014թթ. ընթացքում տնօրենն ու ամուսինը յուրացման եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափի՝ 4.520.932 ՀՀ դրամ գումար։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենը 29 տարի շարունակ ամուսնուն կես դրույքաչափի փոխարեն մեկ ամբողջ դրույքաչափով դպրոցում հրամանագրել է որպես տնտեսվար։ ՀՀ քննչական կոմիտեն պարզել է վերջինիս կողմից կատարված յուրացման դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենը, 1985-2014թթ. իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ ամուսնուն կես դրույքաչափի փոխարեն մեկ ամբողջ դրույքաչափով դպրոցում հրամանագրել է որպես տնտեսվար, մինչդեռ նույն ժամանակահատվածում վերջինս, որպես հիմնական աշխատող, աշխատել է մեկ այլ ընկերությունում հնգօրյա աշխատանքային շաբաթով, որի արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 4.520.932 ՀՀ դրամ գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով ( Յուրացնելը կամ վատնելը), իսկ վերջինիս ամուսնուն՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

0
թեգերը:
չարաշահում, Տնօրեն, դպրոց, Մեծամոր