«Սպուտնիկ Լայթ»

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության երկրորդ փուլն ավարտվել է

39
(Թարմացված է 14:53 05.03.2021)
Տեղեկացվում է, որ երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի -  Sputnik. Ռուսաստանում ավարտվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Հիմա տվյալներն ուղղվել են փորձագիտական գնահատական ստանալու», - ասել է նա լրագրողներին։

Երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին: Այս ուսումնասիրությունը կկատարվի երկու խմբերի համար։ Կօգտագործվի նաև պլացեբո։ Ուսումնասիրությունը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 28-ը:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մտնում է «Սպուտնիկ» շարքի մեջ, այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ «լայթ տարբերակը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, որտեղ կան ուժեղ համաճարակային օջախներ, իսկ Ռուսաստանում առաջատար կմնա «Սպուտնիկ V»-ն:

Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև

Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ այդ երկրներում «Սպուտնիկ Լայթի» օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդացության մակարդակն ու ծանրաբեռնվածությունը տեղական առողջապահության համար: Նա ավելացրել է, որ պատվաստումից հետո իմունիտետը կպահպանվի, ամենայն հավանականությամբ, մոտ երեք-չորս ամիս, իսկ պատվաստման արդյունավետությունը կկազմի մոտ 85%:

Սխեման ներառում է միայն մեկ ներարկում («Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը) ու կարճ ժամանակահատվածում հակամարմինների արտադրություն։ Ընդ որում, նույնիսկ եթե պատվաստվածը վարակվի կորոնավիրուսով, նրան հիվանդության ծանր ընթացք չի սպառնում, քանի որ վիրուսի հարուցիչը թոքեր չի իջնի: Պաշտպանությունը երկարացնելու համար երեք ամիս անց կարելի է ներարկել երկրորդ մասը:

39
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, պատվաստանյութ, պատվաստումներ, Սպուտնիկ V
Ըստ թեմայի
Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը
Թույլ կտա՞ն Եվրոպա մեկնել «քաղաքականապես սխալ պատվաստանյութով»
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու
Զորավարժություններ

Արդեն փորձարկել են․ Ռուսաստանն անսովոր զենքով կպաշտպանի հյուսիսային տարածքները

273
(Թարմացված է 23:57 22.03.2021)
Բարձր անցանելիություն, կրակի ճշգրտություն, ունակություն՝ գործել այնտեղ, որտեղ սովորական մարտական տեխնիկան պարզապես չի գոյատևի․ Ռուսաստանում պատրաստվում են սպառազինության վերցնել «Մագնոլիա» ինքնագնաց հրետանային կայանքը (ԻՀԿ)։

Այս հրանոթները կփոխանցեն արկտիկական ստորաբաժանումներին, որոնք խնդիրներ են կատարում կլիմայական արտակարգ պայմաններում։ Նորագույն ԻՀԿ-ի և Անդրբևեռյան կայանների մյուս բացառիկ սարքավորումների մասին՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Նիկոլայ Պրոտոպոպով, ՌԻԱ Նովոստի

Հատուկ պահանջներ

Ծայրագույն հյուսիսի շրջաններում տեղակայված ստորաբաժանումների համար նախատեսված նոր ինքնագնացի մասին հայտնի էր դարձել դեռ 2017-ին: Այն ժամանակ ՊՆ-ում հայտարարել էին, որ 120 միլիմետրանոց «Մագնոլիան» դրվելու է զրահապատ երկօղակ թրթուրավոր փոխադրողի շասսիի վրա:

Կայանք
© Photo : Public Domain / U.S. Army Corps of Engineers, photographer not specified or unknown : Clear Air Force Station Alaska

Փորձանմուշները նախնական փորձարկումներ են անցնում, որոնք արդեն ցույց են տվել, որ կայանքը կարող է արդյունավետ գործել անկայուն հողերի վրա, այդ թվում՝ ճահճապատ և ձյունածածկ տեղանքում: Իսկ շարժիչն անխափան աշխատում է ծայրահեղ ցածր ջերմաստիճանների դեպքում։

Նախագիծը մշակել են «Բուրեվեստնիկ» կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները՝ «Նաբրոսոկ» փորձնական-կոնստրուկտորական աշխատանքի շրջանակում։ Բացի ԻՀԿ-ից, ենթադրվում է, որ Հյուսիսում մարտական գործողությունների համար կթողարկվի բարձր ինտենսիվ հրետանային-ականանետային սպառազինության մի ամբողջ ընտանիք։

«Մագնոլիայի» տեխնիկական բնութագրերը մասամբ բացահայտվեցին «Բանակ-2019 համաժողովի ընթացքում։ Քարշակը 27 տոննանոց թրթուրավոր զրահապատ ԴՏ-10ՊՄ «Վիտյազ» ամենագնացն է՝ ավելի քան 10 տոննա բեռնունակությամբ։ Արագությունը՝ մինչև 45 կմ/ժ, ջրային արգելքների հաղթահարումը՝ մինչև 6 կմ/ժ։ Առանց վերալիցքավորման կարող է անցնել մոտ 700 կմ։ Անձնակազմը՝ 4 մարդ, մարտական բաժինը տեղակայված է հետևի հատվածում։

Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը

Համակցված կիսաավտոմատ ակոսավոր թնդանոթը համատեղում է հաուբիցի և ականանետի ֆունկցիաները: Ունի զինամթերքի լայն տեսականի, այդ թվում՝ կրակում է «Նոնա» ԻՀԿ-ի արկերով։ Կարելի է օգտագործել նաև կառավարվող «Կիտոլով-2»-ները, որոնք նախատեսված են թեթև զինտեխնիկան և ինժեներական կառույցները ոչնչացնելու համար։ Լազերային կիսաակտիվ ինքնանշանավորման համակարգի շնորհիվ անշարժ թիրախը խոցելու հավանականությունը մոտ է մեկի։ Մարտական պաշարը՝ 80 արկ։ Զենքը բեկորաֆուգասային զինամթերքով թիրախը խոցում է ավելի քան 8 կմ հեռավորությունից, կառավարվողներով՝ մինչև 10 կմ։ Արագությունը՝ րոպեում 10 կրակոց։

Արկտիկայի «պատյանը»

«Մագնոլիայի» հիմնական խնդիրներն են հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի օբյեկտների, հրթիռային կայանքների, զրահատեխնիկայի, ամրաշինական կառույցների, դեսանտային միջոցների և հակառակորդի կենդանի ուժի ոչնչացումը: Ի դեպ, հեռանկարային ԻՀԿ-ն Արկտիկայի խստաշունչ կլիմայական պայմանների համար նախատեսված մարտական տեխնիկայի միակ օրինակը չէ։

Օրինակ՝ ՀՕՊ ստորաբաժանումների համար մշակել են «Պանցիր» զենիթահրթիռային համալիրի արկտիկական տարբերակը։ Այս զենիթահրթիռային համալիրն իր կարողություններն արդեն ցուցադրել է մի քանի ռազմական հակամարտություններում, սակայն ծայրագույն Հյուսիսի համար նախագծում մի քանի էական փոփոխություններ են կատարել:

«Պանցիր-ՍԱ»-ի մարտական մասը տեղակայել են նույն «Վիտյազ» զրահապատ քարշակի վրա, սակայն հրաժարվել են զենիթային ինքնաձիգից, քանի որ ծայրահեղ ցածր ջերմաստիճանների դեպքում կրակոցների արդյունավետությունը լրջորեն նվազում է։ Թնդանոթի փոխարեն ավելացրել են վեց լրացուցիչ հրթիռային կայան՝ մինչև 20 կիլոմետր գործողության շառավղով։

Ֆրանսիական ռազմական օգնությունը Հայաստանին. ի՞նչ է թաքնված դրա հետևում

Հակաօդային պաշտպանության՝ ընդլայնված անցանելիությամբ ևս մեկ միջոց է «Տոր-Մ2ԴՏ» ԶՀՀ-ն, որը սպառազինության մեջ է ներառվել նախորդ տարվա ամռանը։ Այդ տեխնիկան կարող է աշխատել -50 °C –ից ցածր ջերմաստիճանում, շարժվել խիստ խոչընդոտային տեղանքում և հաղթահարել ջրային արգելքները։ Համալիրը հիմնված է երկօղակ զրահապատ ամենագնացի վրա։ Գլխավոր օղակում անձնակազմի կենսապահովման մոդուլն է, իսկ հրթիռային գործարկիչը հետևում է` երկրորդ օղակում։

Մարտավարական-տեխնիկական բնութագրերը նույնն են, ինչ սովորական «Տորինը»։ Խոցում է օդային թիրախների բոլոր տեսակները՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, թևավոր հրթիռներ, կառավարվող զինամթերք և ոչ մեծ ԱԹՍ-ներ՝ մինչև 16 կմ հեռավորության և մինչև 12 կիլոմետր բարձրության վրա։ Մարտական պաշարը՝ 16 զենիթային հրթիռ, որոնք գործարկվում են 2,5 վայրկյան ընդմիջումով։ Ընդ որում՝ «Տորն» աշխատում է «մեկ հրթիռ-մեկ թիրախ սկզբունքով», ինչը հաստատում է դրա բարձրագույն ճշգրտությունը։

Ցամաքում մարտական գործողությունների համար արկտիկական ստորաբաժանումներին մատակարարում են Տ-80ԲՎՄ արդիականացված տանկեր, ինչպես նաև ՄՏ-ՄԲ զրահափոխադրողների վրա հիմնված հաուբիցներ։

Տեղափոխման միջոցներ

Արկտիկական խմբավորման զինծառայողները նույնպես տեղափոխվում են հատուկ պատրաստված տեխնիկայով։ Օրինակ՝ Մի-8ԱՄՏՇ–ՎԱ ուղղաթիռով։ Այս ուղղաթիռի առանձնահատկություններից մեկը յուղի և փոխանցման համակարգերի տաքացումն է, շարժիչները գործարկվում են առանց որևէ խնդրի անգամ -60°C-ի դեպքում։Պտուտակաթև մեքենայի բեռնախցիկը նույնպես տաքացվող է։

Արկտիկական Մի-8-ի թռիչքի հեռավորությունը՝ լրացուցիչ վառելիքային բաքերով, գերազանցում է 1400 կիլոմետրը, իսկ օդում կարող է գտնվել ավելի քան 7 ժամ։

Ցամաքում զինծառայողներն օգտագործում են նաև լավ հայտնի «մոտոլիգաները», բայց հատուկ թրթուրներով, որոնց դեպքում գետնի վրա ճնշումն ընդամենը 0,28 կգ է 1 սանտիմետր քառակուսու վրա, այսինքն՝ ավելի քիչ, քան հետիոտնի դեպքում։

Կան նաև ձնաճահճագնացներ՝ գերցածր ճնշման հսկայական անիվներով։ Դրանցով զինվորականները տեղանքի հետախուզում են իրականացնում, երթուղիներ բացում, գնահատում սառցային իրավիճակը, ուղեկցում ռազմական տեխնիկայի շարասյուները։

Բացի այդ, զինվորներն ու սպաները տեղաշարժվում են ջեռուցվող խցիկով ձնագնացներով, ծայրահեղ ցածր ջերմաստիճաններին հարմարեցված «Ուրալ» և «ԿԱՄազ» լիաքարշակ բեռնատարներով, օդային բարձիկ ունեցող նավակներով։ Որոշ ստորաբաժանումներ օգտագործում են նաև սահնակներ՝ լծված շներին կամ եղջերուներին․ այս հնագույն տրանսպորտը կարող է անցնել այնտեղով, որտեղով չի անցնի ամենալավ պատրաստված ամենագնացը։

Բնականաբար, արկտիկական ստորաբաժանումները նաև հատուկ արտահագուստ են ստանում։ Հագուստի ստանդարտ փաթեթը բաղկացած է մոտ 20 կտորից։ Հանդերձանքը պատրաստված է բազմաշերտ նյութից, շատ տաք է, թեթև և չի կաշկանդում մարտիկի շարժումները։

Ռուսական Ս–400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

273
թեգերը:
Զենք, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Նոնայի» փոխարեն «Լոտոս». Ռուսաստանը նորագույն ինքնագնաց թնդանոթ է փորձարկել
«Գաղտնազերծել են շրջանները»․ ո՞ր կողմ է ուղղված ԱՄՆ ռազմական նավատորմի զենքը
Էրդողանը կկարողանա՞ ԱԷԿ-ն օգտագործել ատոմային ռումբ ստեղծելու համար
Բենզալցակայանում

Ինչպես կազդի ՌԴ-ում բենզինի թանկացումը Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վրա

117
(Թարմացված է 00:04 23.03.2021)

Ռուսաստանի հաշվիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ նախազգուշացրել էր երկրում վառելիքային ճգնաժամի ռիսկի առաջացման և բենզինի գների բազմակի թանկացման մասին։ Ռուսաստանյան բենզալցակայաններում վառելիքի կտրուկ թանկացման հետևանքները կարող են այս կամ այն կերպ անդրադառնալ նաև ԵԱՏՄ երկրների սպառողների վրա, նախազգուշացնում են փորձագետները։

Նիկիտա Չիկունով, Sputnik

Շուկան հարվածի տակ է

Նավթի համաշխարհային գների բարձրացմա պատճառով Ռուսաստանում վառելիքի գներն արագ աճեցին 2018 թվականի գարնանը (Аи-92-ը (ռեգուլյար) թանկացավ 9%-ով, Аи-95-ը (պրեմիում)՝ 8,5%)։ Այդ ժամանակ կառավարությունը ստիպված եղավ անհապաղ միջամտել իրավիճակին։

Ռուսաստանում նման սցենարի կրկնությունը, ինչի հավանականության մասին այսօր նախազգուշացնում է հաշվիչ պալատը, ռիսկեր է ստեղծում ԵԱՏՄ մյուս երկրների համար, նշում են Sputnik-ի կողմից հարցված տնտեսագետները։ Դա հատկապես վերաբերում է այն պետություններին, որոնք ինքնուրույն նավթ չեն վերամշակում և կախված են ռուսաստանյան մատակարարումներից։

Բելառուսի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսեյ Ավդոնինի խոսքով՝ վերջնական սպառողի համար վառելիքի ամենշաբաթյա թանկացումները, թող որ ոչ էական, երկու գործոնով է պայմանավորված․ նավթի համաշխարհային գների աճ ու վառելիքի վերամշակման ծախսերի ավելացում։

Մասնագետի խոսքով՝ սեփական նավթավերամշակման գործարաններում նավթ վերամշակող ԵԱՏՄ անդամ երկրները կախված են այդ հումքի համաշխարհային արժեքից։ Այդ պատճառով Բելառուսը նույն դինամիկան է ցուցադրում, ինչ Ռուսաստանը։

Ռուսաստանյան բենզալցակայաններում գների կտրուկ թանկացումն ավելի շատ սպառնում է Ղրղզստանին, քան հարևան Ղազախստանին։

Այն բանից հետո, երբ 2021 թվականի սկզբին Ղազախստանը միակողմանիորեն դադարեցրեց դեպի Ղրղզստան նավթամթերքի արտահանումը  ներքին շուկայում վառելիքի ծավալների ընդլայնման նպատակով, Ռուսաստանը միակ մատակարարն էր, որը ավտոմոբիլային բենզին էր մատակարարում հանրապետություն։

Ռուսաստանում վառելիքային ճգնաժամը միանշանակ բացասական հետևանքներ կունենա հանրապետության բնակիչների համար, հաստատել է նաև Ղրղզստանի վարչապետի նախկին խորհրդական Կուբատ Ռախիմովը։

Ինչու է Ռուսաստանը փոխում Հայաստան եկող գազի երթուղին. փորձագետների կարծիքներ

Թեպետ հաշվի առնելով Ռուսաստանի և Ղրղզստանի բարեկամական հարաբերությունները, երկու երկրների իշխանությունները կարող են համաձայնագրեր կնքել, որոնք կապահովագրեին հանրապետությունը մեծածախ-բացթողումային գների լրացուցիչ թանկացումներից։

Հայաստանը տարբերակներ է փնտրում

Վառելիքի ռուսաստանյան շուկայում գների թանկացումը նմանատիպ անդրադարձ կունենա նաև Հայաստանի վրա, քանի որ նավթամթերքի 60%-ից ավելին հանրապետություն է մտնում Ռուսաստանից, հայտարարել է «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Արթուր Ալավերդյանը։

Ռուսաստանում վառելիքի գների նույնիսկ աննշան թանկացումները զգալի են, հավելել է նա։ Այսպես օրինակ 2020 թվականին Հայաստանում մանրածախ վաճառքի գները աստիճանաբար էին բարձրանում, իսկ վերջին ամսվա ընթացքում 10%-անոց ցատկ գրանցվեց, ինչը համընկավ Ռուսաստանում վառելիքի թանկացման հետ։

«Հայաստանում վառելաքսուքային նյութերի գներն ավանդաբար բարձր են։ ՌԴ-ի հետ ընդհանուր սահմաններ չունենալով՝ նավթամթերքը մեզ է հասնում բարդ ճանապարհով․ արտադրող գործարանից Սև ծովի նավահանգիստներ, այնուհետև վրացական նավահանգիստներ և ամբողջ Վրաստանով դեպի Հայաստան։ Այս սխեման տարանցման մեծ ծախսեր է ենթադրում»,- պարզաբանել է Ալավերդյանը։

Փորձագետը խոստովանել է, որ այլընտրանքային մատակարարումներ ևս կան, օրինակ՝ Իրանից։ Ռուսաստանում 2018 թվականի ճգնաժամի կրկնության պարագայում իրանական նավթամթերքի մասնաբաժինը հայկական շուկայում կաճի։

«Իրանի արտադրող գործարանից նավթամթերքը մինչև Հայաստան տեղափոխվում է ավտոցիստեռներով առանց փոխաբեռնման։ Դա մի քանի անգամ նվազեցնում է տեղափոխման ծախսերն ու սպառողի համար վերջնական գինը։ Ռուսաստանի նավթամթերքի շուկայում ցանկացած ցնցում անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ իրանական ռեսուրսը դուրս կմղի ռուսական ավելի թանկ ռեսուրսը», - կանխատեսել է նա։ 

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունում շտապել են հանգստացնել․ վառելիքային ճգնաժամի համար նախադրյալներ չկան, իսկ մեծածախ գներն արդեն սկսել են նվազել։

«2021 թվականին 2018 թվականի իրադարձությունների կրկնության նախադրյալներ մենք չենք տեսնում։ Ձեռնարկած միջոցների շնորհիվ նկատվում է բենզինի մեծածախ գների իջեցում։ Բենզինի արտադրությունն ավելացվել է, պաշարներն աճում են, փետրվարի սկզբից դրանք ավելի քան մեկ երրորդով աճել են», - «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նախարարի տեղակալ Պավել Սորոկինը։

Sputnik-ի կողմից հարցված փորձագետները կիսում են նախարարության դիրքորոշումը։ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովի խոսքով՝ Հաշվիչ պալատի զեկույցը մի փոքր հնացել է։

«Խոսքն այն մասին էր, որ մինչև նոր տարի նավթային ընկերությունները կառավարության հետ չեն պայմանավորվել դեմպֆիրային (նավթային ընկերությունների համար հարկի հանում – Sputnik) հավելավճարի մեխանիզմի ճշգրտման մասին։ Այժմ կառավարությունը ընդառաջել է։ Մայիսի 1-ից բյուջետային վճարներն ավելի մեծ կլինեն, իսկ ընկերությունները պետք է մեծացնեն վերամշակումը, հագեցնեն շուկան և զսպեն գնաճը մանրածախ շուկայում», - ասել է նա։

Սրա հետ համաձայն է նաև Ազգային էներգետիկայի ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ֆրոլովը։ Նա ընդգծել է, որ զեկույցը ռուսական վառելիքային շուկայի համար «դատավճիռ» չէր։

Բենզինն ու դիզվառելիքն էլի են թանկանալու. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է թանկացման պատճառները

«Հաշվիչ պալատն ընդամենը նշել է առկա ռիսկերը, որոնց մասին դեռևս 2018 թվականից խոսում էին նաև նավթարտադրողները։ Որոշակի տարաձայնություններ կային ֆինանսների նախարարության և ընկերությունների միջև։ Ֆինանսների նախարարությունն այնուամենայնիվ զիջումների գնաց։ Կարծում եմ, որ իրավիճակը բարեհաջող լուծում կստանա։ Ճգնաժամ, ամենայն հավանականությամբ, չի լինի», - կանխատեսել է նա։

Անկախ դրանից, որոշակի գնաճ կարող է լինել ԵԱՏՄ երկրներում 2025 թվականին, երբ Միությունում նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկա ձևավորվի։ Ենթադրվում է, որ նման շուկայի ստեղծումը կհանգեցնի փոխադարձ առևտրում տուրքերի չեղարկման և նավթի ու վառելիքի ստանդարտների նույնականացման։

Տնտեսագետ Սերգեյ Սմիռնովը չի կասկածում, որ ընդհանուր շուկայի ձևավորման դեպքում ԵԱՏՄ ողջ տարածքում վառելիքի գները «մոտենալու» են ռուսական գներին։

«Հասկանալի է, որ գները կողմնորոշվելու են ոչ թե ղազախստանյան կամ որևէ այլ շուկայի, այլ ռուսական շուկայի գներով։ Ավելի ցածր, քան Ռուսաստանում, վառելիքը չի արժենա, ավելի թանկ՝ գուցե։ Կարծում եմ, մինչև 2025 թվականը ԵԱՏՄ բոլոր երկրներում աստիճանաբար գները կհավասարվեն», - եզրափակեց տնտեսագետը։

117
թեգերը:
Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Ռուսաստան, Հայաստան, բենզին
Ըստ թեմայի
Հայաստանում բենզինն ու հեղուկ գազը թանկացել են․ ո՞րն է պատճառը
Խաչատուր Սուքիասյանը կանոններ կթելադրի՞ շուկայում. Դավթյանը «բենզինային» գործարքի մասին
Ինչո՞ւ է Հայաստանում աճում բենզինի գինը