Գազ

Սակագնային պատնեշ․ ի՞նչ խնդիրների է բախվում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի նախագիծը

89
Անցած շաբաթ Ռոման Գոլովչենկոն հայտարարեց, որ շուտով անցում կկատարվի ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի նախագծի իրականացման հաջորդ փուլին: Սակայն ԵԱՏՄ տարածքով գազի փոխադրման սակագնի ձևավորման հարցը դեռ բաց է. այսօրվա դրությամբ կողմերին չի հաջողվել պայմանավորվել։

Որոշվել է արագացնել նախագծի իրագործումը

Ռուսաստանն առաջիկայում կպատրաստի գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագիրը, և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրները կսկսեն աշխատել փաստաթղթի նախագծի վրա: Այս մասին անցած կիրակի «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտարարեց Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

«Մինչև 2025 թվականը ինտեգրման զարգացման ռազմավարության վերաբերյալ որոշումը ԵԱՏՄ պետությունների ղեկավարները կայացրել են բարձրագույն խորհրդում,- ասել է Ռոման Գոլովչենկոն։ -Այժմ Ռուսաստանի Դաշնությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կողմից տրված հանձնարարականներին համապատասխան, գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագիր է պատրաստում: Ռուս գործընկերներն ըմբռնումով են ընկալում այն, որ պետք է արագացնել աշխատանքը։ Այդ պատճառով շուտով, կարծում եմ, մենք արդեն կսկսենք աշխատել գազի շուկայի մասին պայմանագրի նախագծի վրա»։

ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով՝ պայմանագրի նախապատրաստման ավարտը կարող է լինել արդեն այս տարի, իսկ համաձայնագրի ստորագրումը նախատեսված է 2022թ․-ին:

Հիշեցնենք, որ 2016թ․-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը հաստատել էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը: Փաստաթղթի համաձայն ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը պետք է գազի ընդհանուր շուկա ձևավորեն մինչև 2025 թվականը։

Գազի ընդհանուր շուկան ենթադրում է տվյալ տեսակի հումքի առևտրի կանոնների միասնականացում, ընդհանուր շուկայում սակագնային քաղաքականության ձևավորման միասնական մոտեցումների իրականացում, անդամ պետությունների՝ գազի ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակեցում, ինչպես նաև ԵԱՏՄ պետությունների տարածքներում տեղակայված գազատրանսպորտային համակարգերի հասանելիության միասնական կանոններ:

Հետաքրքրությունների բախում

Բելառուսն ու Հայաստանը, գազի ոլորտի փորձագետների գնահատմամբ, շահագրգռված են գազը ռուսական ներքին շուկայի գներով ստանալու հարցում։ Ռուսաստանն իր հերթին պնդում է, որ ԵԱՏՄ շրջանակներում պետությունների ինտեգրման ավելի խոր մակարդակ է պետք։

Ինչպես անցյալ տարվա գարնանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, միասնական սակագինը կարող է իրականացվել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով և հարկման միասնական համակարգով:

Ըստ փորձագետների` բելառուսական և հայկական կողմերն այդ աստիճանի ինտեգրման դեռ պատրաստ չեն, իսկ ռուսական կողմն իր հերթին շահագրգռված չէ տնտեսական ռիսկեր վերցնել իր վրա՝ առանց որոշակի քաղաքական երաշխիքների:

«ԵԱՏՄ երկրների գազի ընդհանուր շուկան, որը պետք է սկսի գործել 2025թ․-ից, մի քանի բան է ենթադրում,- ասում է Վառելանյութային-էներգետիկ համալիրի (ТЭК) տեխնոլոգիաների զարգացման ինստիտուտի փորձագիտական խորհրդի անդամ Դմիտրի Կոպտևը,- դա ընդհանուր շուկայի անդամ երկրների համար ներմուծման և արտահանման տուրքեր չկիրառելն է, ոչ խտրական հասանելիությունը գազատրանսպորտային ցանցերին, գազի առևտրի կանոնների միասնականացումը, գնային և սակագնային քաղաքականության ոլորտում միասնական մոտեցումը, այդ ոլորտում անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցումը:

Պարզ ասած՝ ընդհանուր շուկայի շրջանակում պետք է ապահովվի ներքին շուկա և համաձայնագրի անդամ երկրների շուկաներ գազի մատակարարման հավասար եկամտաբերությունը՝ հաշվի առնելով փոխադրման ծախսերը»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար սա առաջին հերթին քաղաքական նախագիծ է, քանի որ առանց դրա անհնար է ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների իրական ինտեգրումը: Ղրղզստանի և Ղազախստանի համար դա հիմնականում երկկողմ հարաբերությունների հարց է. Ղրղզստանը ղազախական գազի ներկրող է։

«Հայաստանի և Բելառուսի համար ընդհանուր շուկայի ձևավորումը կապված է այն հույսի հետ, որ կհաջողվի նվազեցնել այդ երկրներին մատակարարվող ռուսական գազի գինը՝ կատարյալ կլինի, եթե հասցվի ներռուսական գնին, ինչը, ամենայն հավանականությամբ, երբեք չի լինի, – շարունակում է Դմիտրի Կոպտևը: -  Չկարգավորված վերջին հարցը վերաբերում է գազի փոխադրման սակագների ձևավորմանը, չէ՞ որ հենց դրանցից է կախված լինելու վերջնական գինը Հայաստանի և Բելառուսի համար: Այդ երկրների հետաքրքրությունը շատ պարզ է՝ նրանք ձգտում են նվազագույնի հասցնել իրենց ծախսերը: Ռուսաստանն էլ իր կողմից կցանկանար երաշխիքներ ստանալ, որ Բելառուսն ու Հայաստանը կգործեն Եվրասիան որպես միասնական մակրոտնտեսական տարածաշրջան պահպանելու տրամաբանությամբ»։

«Ենթադրվում է, որ ընդհանուր շուկան ԵԱՏՄ-ի ներսում երկրների միջև գազի առևտրի ոչ մի սահմանափակում չի նախատեսում,- ասում է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան, ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարանի գիտաշխատող Իգոր Յուշկովը։- Հիմա, օրինակ, Ռուսաստանից գազատար խողովակներով գազի արտահանման մենաշնորհային իրավունք ունի «Գազպրոմը»։ Բացի «Գազպրոմից», Ռուսաստանի ներսում մեծ ծավալներով գազ են վաճառում «Նովատեկն» ու «Ռոսնեֆտը», որոնք չեն կարող իրենց գազը մատակարարել, օրինակ, Բելառուս»։

Բելառուսի ղեկավարությունն իր հերթին, փորձագետի խոսքով, «Ընդհանուր շուկա» ասելով հասկանում է բելառուսցիների համար ռուսական գազի գների նվազում՝ Սմոլենսկի մարզի գների մակարդակի:

«Բելառուսը նաև հայտարարում է, որ գազի ընդհանուր շուկայի դեպքում Ռուսաստանը պետք է թույլ տա ղազախական գազի տարանցումը Ռուսաստանի տարածքով Բելառուսի սպառողներին: Դա հազիվ թե հնարավոր լինի, քանի որ այդ գինը նույնիսկ Ռուսաստանի ներսում է սուբսիդավորվում։ Հայաստանը նույն շահերն ու սպասումներն ունի ընդհանուր շուկայից, ինչ Բելառուսը»,-կարծում է Իգոր Յուշկովը։

Մշուշոտ հեռանկարներ

Ըստ Յուշկովի՝ ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ստեղծումն առևտրի ընթացքում էական փոփոխությունների չի հանգեցնի. երկրների միջև գազի մատակարարման սահմանները փաստացի բաց կլինեն, բայց շուկաների իրական վերակառուցում տեղի չի ունենա:

«Հայաստանի և Բելառուսի համար գները չեն նվազի, քանի որ Ռուսաստանում գազի արդյունահանման շրջաններից (Յամալո-Նենեցկի ինքնավար շրջան - Sputnik) առաքումը մինչև այդ հանրապետություններ բավականին թանկ արժե: Անկախ արտադրողները նոր շուկաներ չեն մտնի, քանի որ նրանք պատրաստ կլինեն վաճառել միայն ավելի բարձր գներով, քան 1000 խմ-ի դիմաց 130 դոլարը, որով այժմ վաճառում է «Գազպրոմը», քանի որ գազատրանսպորտային համակարգին տիրապետող «Գազպրոմի» «դուստրերին» մեծ վճար են մուծում տարանցման համար»,- նշում է Յուշկովը։

Նրա խոսքով՝ Ղազախստանը նույնպես չի կարող գազ մատակարարել Բելառուս կամ Հայաստան՝ տրանսպորտային մեծ հեռավորությունների պատճառով ։ «Նա ավելի շատ է վաստակում Չինաստան մատակարարվող գազից», - եզրափակում է փորձագետը:

«Անկեղծ ասած, ես վստահ չեմ, որ ընդհանուր շուկան առհասարակ կաշխատի,-ասում է Դմիտրի Կոպտևը։- Բանակցությունները դժվար են ընթանում, համաձայնագրի ստորագրման ժամկետն անընդհատ հետ է մղվում։ Իսկ եթե կողմերը կարողանան պայմանավորվել, ապա գներն ընդհանուր շուկայում, ինչպես նախատեսված է ԵԱՏՄ փաստաթղթերում, կորոշվեն երկու ճանապարհով ՝ ուղղակի պայմանագրերի շրջանակներում և բորսաներում, որոնք, ի դեպ, դեռ պետք է ստեղծել»։

Սակագնի ձևավորման մեխանիզմը, որը կհամաձայնեցվի արդյունքում, այսօր անհնար է մատնանշել, իսկ ԵԱՏՄ փաստաթղթերում այդ հարցին նվազագույն ուշադրություն է հատկացված։

«Ասված է միայն, որ այն պետք է բխի անդամ պետությունների սպառողների, գազի մատակարարների և բնական մենաշնորհների սուբյեկտների շահերի հավասարակշռությունից, որն ապահովում է մատուցվող ծառայությունների հասանելիությունը և սպառողների համար դրանց որակի պատշաճ մակարդակը, բնական մենաշնորհների սուբյեկտների արդյունավետ գործունեությունն ու զարգացումը: Հասկանալի է, որ նման լղոզված ձևակերպումը յուրաքանչյուր կողմն իր օգտին է մեկնաբանում»,-ասում է Դմիտրի Կոպտևը։

«Մենք խոսում ենք գազի ընդհանուր, ոչ թե միասնական շուկայի մասին, այստեղ մեծ տարբերություն կա,-նշում է Էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտի էներգետիկ գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Բելոգորևը:- Միասնական շուկա գոյություն կունենար, եթե ԵԱՏՄ անդամ երկրների հինգ շուկաները միավորվեին, և այդ շուկայի վրա վերազգային կարգավորիչ կանգնած լիներ։ Ընդհանուր շուկան առանձին թեմա է, որը գործում է իր կանոններով: Այն վերաբերում է միջսահմանային, միջպետական առևտրին»։

Այսպիսով, եզրակացնում է փորձագետը, օրենսդրական պայմանները երկրներում չեն միասնականացվում, այլ միայն ներդաշնակեցվում են, և այդ պատճառով էլ պահպանվում են բազմաթիվ տարբերություններ, այդ թվում՝ փոխադրման սակագների և գնագոյացման մակարդակներում:

89
թեգերը:
Բելառուս, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական և քաղաքական ապագային». Փաշինյան
Իրանի ապրանքների արտադրության վերջին փուլը կիրականացվի ՀՀ-ում. «Արմօյլը» վերագործարկվում է
Կառավարությունը զրոյացնում է գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսները
Թուրքական ապրանքների արգելքը կերկարաձգվի ևս 6 ամսով. արգելվել է նաև վերելակների ներկրումը
«Սպուտնիկ V»

«Սպուտնիկ V»-ն հավանության արժանացրած երկրների թվով երկրորդ տեղում է՝ անցնելով Pfizer-ին

44
Ռուսական պատվաստանյութի կիրառումն արդեն հավանության է արժանացել աշխարհի 45 երկրներում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Ռուսական «Սպուտնիկ V»-ն բարելավել է դիրքերը պատվաստանյութերի շարքում և արդեն 2-րդ տեղում է հավանության արժանացրած երկրների թվով։ «Սպուտնիկ V»-ն առաջ է անցել Pfizer-ից։ Տեղեկությունը նշված է պատվաստանյութի Twitter-ի պաշտոնական էջում։

«Սպուտնիկ V»-ն կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութն է կարգավորիչների կողմից հավանությունների քանակով։ Շնորհակալություն ձեր վստահության համար»,- նշել են պատվաստանյութը ստեղծողները։

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը հավանության է արժանացել բազմաթիվ երկրներում, այդ թվում ՝ հետխորհրդային տարածքում։

Աշխարհում հավանությունների թվով դեռևս առաջին տեղում է AstraZeneca պատվաստանյութը, որը թույլատրված է 49 երկրներում։ Հաջորդում է «Սպուտնիկ V»-ն․ այն հավանության է արժանացել 45 երկրներում։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Pfizer-ը (43 երկիր)։ Այնուհետև հաջորդում են Moderna պատվաստանյութը (19 երկիր), ինչպես նաև չինական 3 պատվաստանյութեր՝ Sinopharm (18), Sinovac (16), CanSino (4): Ութերորդ տեղը զբաղեցնում է Johnson & Johnson պատվաստանյութը․ այն հավանության է արժանացել ընդամենը 4 երկրներում:

Այժմ «Սպուտնիկ V»-ի կիրառումը թույլատրված է Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Սերբական Հանրապետությունում (Բոսնիա-Հերցեգովինա), Լիբանանում, Մյանմայում, Պակիստանում, Մոնղոլիայում, Բահրեյնում, Չեռնոգորիայում (Մոնտենեգրո), Սենթ Վինսենթ և Գրենադիններում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Գաբոնում, Սան Մարինոյում, Գանայում, Սիրիայում, Ղրղզստանում, Գայանայում, Եգիպտոսում, Հոնդուրասում, Գվատեմալայում, Մոլդովայում, Սլովակիայում, Անգոլայում, Ջիբութիում, Կոնգոյի Հանրապետությունում, Շրի Լանկայում, Լաոսում ու Իրաքում։

«Սպուտնիկ V»-ն գրանցած 45 երկրների ընդհանուր բնակչության թիվն ավելի քան 1.2 միլիարդ է։

Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը

Արտասահմանյան շուկաներում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջխաղացմամբ զբաղվում է Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ վստահությունը ռուսական պատվաստանյութի նկատմամբ աճում է, քանի որ այն կողմնակի ազդեցություններ չունի ու ալերգիա չի առաջացնում։

Պատվաստանյութը ստեղծվել է մարդու՝ ուսումնասիրված ու ստուգված ադենովիրուսային վեկտորների հարթակի վրա, որոնց կարևոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը։

44
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստանյութ, աշխարհ, Ռուսաստան, Սպուտնիկ V
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ո՞ր պատվաստանյութով արժե պատվաստվել․ 5 գլխավոր միֆերը
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ երրորդ`«ԿովիՎակ»  պատվաստանյութը
Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը
Համատեղ զորավարժություն, արխիվային լուսանկար

2020–ի աշնան դասերը. ինչու են Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություն անցկացնում

310
Տարածաշրջանում նոր զինված հակամարտությունների առաջացման բարձր հավանականությունը պահպանվում է։ Այդ ֆոնին ավելանում է ՀՀ–ի ու ՌԴ–ի զորքերի միացյալ խմբավորման դերը, որի հիմնական նպատակը այդ երկրներից մեկի վրա հարձակման կանխարգելումն է և պետական սահմանի պաշտպանությունը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական մեկնաբան

Հայաստանն ու Ռուսաստանը հավատարիմ են իրենց դաշնակցային պարտավորություններին և շարունակում են ամրապնդել Հարավային Կովկասի անվտանգության ընդհանուր սահմանագիծը՝ երկու երկրների զորքերի միացյալ խմբավորման զորավարժությունների ձևաչափով:

Մարտի 2-4-ը ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն, որում ընդգրկված են եղել Հայաստանի և Ռուսաստանի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (ԶՄԽ) զորամասերը, ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանը, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերը։ Զորամասերի մշտական տեղակայման վայրերում անցկացված վարժանքի նպատակն էր խաղաղ ժամանակահատվածից պատերազմականի անցնելիս զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատրաստության կատարելագործումը։ Բացի այդ, վարժանքի նպատակն էր նպաստել հրամանատարական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում կառավարման մարմինների ներդաշնակ աշխատանքի ապահովմանը։

Դրան զուգահեռ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը մարտի 3-5-ը ճշգրտել է մարտական պատրաստականության պլանները և զորքերի կիրառման հավանական տարբերակները, ազգային բանակի բարեփոխումները, ինչը ենթադրում է կոնկրետ իրավիճակներ և նպատակներ: Օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞ր հակառակորդի դեմ են զորավարժություններ կազմակերպվում և մարտական կիրառման պլաններ մշակվում։

Պատճառը դժվար թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացասական կանխատեսումը լինի, այն է` Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է խաղաղության ոչ շահավետ պայմանների պատճառով, բայց Կովկասում, անշուշտ, պետք է վառոդը չոր պահել։ Իսկ Հայաստանում տարաբաղադրիչ խմբավորման զորքերը պետք է լինեն մարտունակ, լավ պատրաստված և ամենաժամանակակից սպառազինություններով ու տեխնիկայով հագեցած։ Զորքերի միացյալ խմբավորման (ԶՄԽ) ամրապնդման լավագույն մեթոդը համատեղ զորավարժություններն են միասնական տեղեկատվական տարածքում, նույնատիպ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և կապի միջոցներով մարտավարական փոխգործակցության մշակումը:

Հայ-ռուսական համատեղ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրն ինտեգրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ամենամյա զորավարժություններին և ներառում է տասնյակ համատեղ միջոցառումներ: ՀԱՊԿ զորավարժություններին հայկական ստորաբաժանումների իրավահավասար մասնակցությունը հաստատում է ազգային բանակի աճող մարտական հնարավորությունները:

Պետք է հաշվի առնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր աշխարհաքաղաքական խաղում ձգտում է տարբեր ձևերով օգտագործել Կովկասում առկա խնդիրներն ու հակասությունները, ցանկացած հարմար պատրվակով սրել ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում (դրա հաստատումն է Թուրքիայի վերջին «եղբայրական» մասնակցությունը Ղարաբաղում ռազմական գործողություններին)։

2020 թվականի աշնան դասերը

Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները բացահայտեցին հայկական բանակի և ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք խոցելի կետերը։ Մեծ քանակով արդյունավետ զենք և ժամանակակից տեխնիկա ունենալը (ՀՀ ԶՈւ-ն ստանում է ՌԴ արտադրության ամենաժամանակակից զենքերը ներռուսական գներով) դեռ բավարար չէ, պետք է կարողանալ այդ ամենին պրոֆեսիոնալ կերպով տիրապետել, բարձրացնել կատարողական և ֆինանսական կարգապահությունը, զորքերի ընդհանուր կազմակերպվածությունը (ներառյալ կազմակերպչական-զորահավաքային ոլորտը)։

Անհրաժեշտ է հստակ վերլուծել արտաքին քաղաքական իրադրությունը և ժամանակին կատարել վերադաս հրամանատարության հրամանները, առանց ինքնագործունեության և ինքնավստահության իրականացնել այն ծրագրերը, որոնք նախապես և հանգամանորեն մշակվել են իրադրության սրման բոլոր դեպքերի համար: Ցանկացած պատերազմ 90%-ով բաղկացած է լոգիստիկայից և նախնական կազմակերպչական միջոցառումներից (զորավարժություններից)։

Տարածաշրջանում նոր զինված հակամարտությունների առաջացման բարձր հավանականությունը պահպանվում է։ Այդ դեպքի համար Հայաստանն ու Ռուսաստանն ունեն զորքերի հատուկ (միացյալ) խմբավորում՝ միավորված կառավարման համակարգով և գործողությունների պլաններով, ինչը թույլ է տալիս ավելի առավել ճշգրիտ և բազմատարբերակ ձևով հետ մղել սպառնալիքները։ Ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները կանոնավոր կերպով տագնապի ազդանշանով հարյուր կմ-անոց երթեր են կատարում դեպի Բաղրամյան զորավարժարան՝ ՀՀ ՊՆ զորքերի հետ համատեղ զորավարժությունների անցկացման վայր:

Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը

Զորավարժությունների համար սցենարներ հորինել պետք չէ, չէ՞ որ հարևանությամբ պարբերաբար անցկացվում են ադրբեջանա-թուրքական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի», «Ձմեռ-2021»-ի տիպի զորավարժություններ, որոնց նպատակն է շտաբային պլանավորման համատեղելիության հասնելը, Ադրբեջանի և Թուրքիայի ստորաբաժանումների համակարգումը զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային և տրանսպորտային ուղղաթիռների, երկու երկրների ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ գործողություններում: Ադրբեջանա-թուրքական նման փոխգործակցությունը վառ արտահայտված հակահայկական ուղղվածություն ունի և շատ մտահոգիչ է Ռուսաստանի համար։ Ազգային անվտանգության խնդիրների լուծման ուղիների մասին Երևանի և Բաքվի պատկերացումները տարբեր են, և հնարավոր են ողբերգական անցյալի կրկնություններ։

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական փոխգործակցությունը բազմաչափ է։ Երևանը Մոսկվայից խոշորագույն ռազմական օգնություն ստացողների եռյակում է, և միայն այդ պատճառով է, որ տիրապետում է սպառազինությունների նորագույն նմուշներին՝ բարձր ճշգտության և 100 տոկոսով հուսալի «Իսկանդեր-Մ» ՕՏՏՀ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» համակարգեր, «Սմերչ» համազարկային կրակի համակարգեր, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա համալիրներ և կապի միջոցներ:

Դաշնակցային հարաբերություններ

Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորումը ստեղծվել է 2016 թ․-ին՝ կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության առկա և հեռանկարային սպառնալիքները հետ մղելու համար: Միացյալ խմբավորման հիմնական նպատակը Ռուսաստանի կամ Հայաստանի վրա հարձակման կանխարգելումն է, պետական սահմանի պաշտպանությունը։

Խմբավորումը ղեկավարում է միացյալ հրամանատարությունը։ Զորքերի ծավալման և կիրառման որոշումը համատեղ ընդունում են երկու երկրների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները: Խաղաղ ժամանակ խմբավորման հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ՝ ռուսական բանակի հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարին կամ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետին (Ռուսաստանի և Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ)։

Զորքերի համատեղ խմբավորման մասին համաձայնագիրը կարգավորում է կողմերի պատասխանատվությունն ու լիազորությունները պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքում, վերաբերում է ուժային կառույցներին, սահմանային, մաքսային կառույցներին և չի դիպչում Հայաստանի պետական անկախությանը, քաղաքական ինստիտուտներին: ԶՄԽ-ի կազմում ներառված ստորաբաժանումներն ապահովվում (ֆինանսավորվում) են այն պետությունների միջոցների հաշվին, որոնց բանակներին նրանք պատկանում են։

Տարվա արդյունքները. «ցիրկոնապատում» և ՌԴ ռազմածովային նավատորմի 40 նոր նավ

ԶՄԽ-ի արդյունավետությունը հսկայական նախնական աշխատանքի օրինաչափ շարունակությունն է։ Նկատենք, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունների իրավապայմանագրային բազայում շուրջ 200 համաձայնագիր կա, որոնց նպատակներն են երկու պետությունների համաձայնեցված արտաքին քաղաքականությունը, միջազգային կապերի զարգացումը, ուժային կառույցների միասնական օպերատիվ տարածքը։

ԶՄԽ-ի մասին համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, չի վերաբերում այլ միջազգային պայմանագրերով Մոսկվայի և Երևանի ստանձնած պարտավորություններին։ Ավելի վաղ փոխգործակցության այս համակարգը ստուգվել է Աբխազիայում և Հարավային Օսեթիայում։

310
թեգերը:
զորք, Զորավարժություններ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»
Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը
Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները
Գագիկ Ծառուկյան. արխիվային լուսանկար

Գագիկ Ծառուկյանն ամուսնացնում է որդուն. հայտնի է հարսանիքի օրն ու տեղը. «Հրապարակ»

0
Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը մեկ անգամ արդեն իսկ հետաձգվել էր։ Սակայն այժմ ամեն ինչ որոշվել է։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքի օր է նշանակվել ապրիլի 10-ը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

«Նվեր Ծառուկյանի հարսանիքը կկայանա «Փարավոն» ռեստորանային համալիրում»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է:

0
թեգերը:
հարսանիք, որդի, Գագիկ Ծառուկյան