ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ռուսաստանի զբոսաշրջային ինդուստրիայի միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի տարածք մուտք գործելու թույլտվությունը չի անդրադառնա ներգնա զբոսաշրջային հոսքի վրա, քանի որ այդ երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը Ռուսաստան է մեկնում մասնավոր այցով կամ աշխատելու նպատակով:
Տյուրինան հիշեցրել է, որ զբոսաշրջիկներ են համարվում նրանք, ովքեր գալիս են փող ծախսելու համար։
«Համավարակից առաջ մեծ հոսք կար Ուկրաինայից, բայց բոլորի համար ակնհայտ է, որ ուկրաինացիները գալիս են Ռուսաստան ոչ թե փող ծախսելու, այլ փող աշխատելու։ Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի քաղաքացիների մասին», - պարզաբանել է գործակալության զրուցակիցը։
Նա ասել է, որ 2019 թվականին Հայաստանից Ռուսաստան է մեկնել 816,45 հազար մարդ:
«Ամենից շատ գալիս էին մասնավոր նպատակներով (410,8 հազար մարդ)։ Երկրորդ տեղում են նրանք, ովքեր աշխատելու համար են եկել (170,4 հազար մարդ), նրանց հաջորդում են գործնական նպատակներով եկածները (145,7 հազար մարդ)», - հստակեցրել է միության ներկայացուցիչը։
Հատկանշական է, որ միայն 12,6 հազար մարդ է զբոսաշրջային նպատակներով մեկնել Ռուսաստան։
«Երբ տվյալներ ենք հավաքում այն երկրների վերաբերյալ, որտեղից զբոսաշրջիկներ են գալիս Ռուսաստան, մենք նկատի չունենք Հայաստանը, քանի որ այդ երկիրը չի մտնում նույնիսկ այդ վարկանիշի թոփ-30-ում։ Այդ պատճառով Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստան այցելելու թույլտվությունը զբոսաշրջային հոսքը զգալիորեն չի աճի»,– ամփոփել է Տյուրինան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիները կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում փետրվարի 1-ից կկարողանան օդային ճանապարհով մեկնել Ռուսաստան:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանցավոր սխեման բացահայտվել է լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում իրենց դերն են կատարում ՊԵԿ շնագիտական կենտրոնի կինոլոգներն ու ծառայողական շները, ովքեր նույնպես ներգրավվել են այս խոշոր դեպքի բացահայտման աշխատանքներում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։
ԱԱԾ–ի հետ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը շարունակվում է` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:
Թմրանյութը`հարսի շորի ծալքերի մեջ. 2020–ին մաքսանենգության բացահայտման դեպքերն ավելացել են


