ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ադրբեջանական գերության մեջ հայտնված Արթուր Ղազարյանը չի պատմել, թե ինչեր է ապրել այնտեղ` հավատարիմ մնալով քրիստոնեական պատվիրաններին, սակայն ադրբեջանցի զինվորների վերաբերմունքն իր նկատմամբ ավելի զուսպ է եղել, քան մնացած հայ գերիների նկատմամբ։
Արթուր Ղազարյանը ծնվել է Ստեփանակերտում, մեծացել ուսուցիչների ընտանիքում, դպրոցն ավարտել գերազանցությամբ։ Ապա մեկնել է Մոսկվա, սովորել Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժնում. ինստիտուտն ավարտելուց հետո մնացել է Մոսկվայում։ Կյանքի մեծ մասը նվիրել է մանկավարժությանը։ 2000-ականների սկզբից Ղազարյանը ծառայել է Մոսկվայի վանքերից մեկում, իսկ 2013 թվականի ամռանն իրագործել իր վաղեմի ցանկությունը` վերադարձել հայրենիք` Արցախ։ Նա ուսուցչություն է արել Վանք գյուղում, այնուհետև Լաչինի շրջանի գյուղերից մեկում, իսկ 2020 թվականի սեպտեմբերին Շուշիի քոլեջից հրավերք ստացել։ Շուշիում էր, երբ սկսվեց պատերազմը։
Շուշիի մյուս բնակիչների հետ մեկտեղ Ղազարյանը ծանր օրեր է ապրել ապաստարանում։ Քաղաքն աստիճանաբար դատարկվում էր, նրան էլ խոստացել էին Երևան տեղափոխել, բայց...
Ղազարյանի որդին` Ալեքսեյը, որը վերջին անգամ նոյեմբերի 5-ին էր հոր հետ խոսել հեռախոսով, լուրջ մտահոգվել էր ծնողից լուր չունենալով։ Ալեքսեյը դիմել էր «Կոմերսանտ» թերթին` խնդրելով օգնել գտնել հորը։ Տղային օգնելու համար խմբագրությունը «խառնել» էր Բաքվի իր կապերից։
Արթուր Ղազարյանը գիտեր` թշնամին գրեթե քաղաք է մտել։ Հասկանալով, որ անելանելի իրավիճակում է` արցախցի ուսուցիչը որոշում է դուրս գալ ապաստարանից և թաքնվել վանքում։ Ինչպես ինքն է ասում` եթե որևէ վատ բան պետք է պատահեր, թող դա տեղի ունենար եկեղեցում։ Թաքնված լինելով Ղազանչեցոց եկեղեցու մի մեկուսի անկյունում` նա մոտակայքում գտնվող դպրոցից ադրբեջանական երգի ձայներ էր լսում, դաշնամուր էին նվագում։ Տեսնում էր` ինչպես են զինվորականները մտնում եկեղեցի և հասկանում, որ շուտով իրեն էլ կհայտնաբերեն։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ հենց այդ գերիի մասին է հարցնում Ադրբեջանի «բարձր ղեկավարությունը»։
Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
Ղազարյանն իր աչքով տեսավ, թե ադրբեջանցիներն ինչպես են գերեվարում Շուշիի 83-ամյա Ջոնիկ Թևոսյանին` ծեր ու հիվանդ մարդու, ով 32 տարի առաջ սումգայիթյան ողբերգությունն էր վերապրել (տարեց տղամարդու խոշտանգման կադրերը ադրբեջանցիները տարածել էին համացանցում)։
Կային նաև այլ գերեվարված հայեր։ Նրանց կապկպած նկուղում էին պահում։ Ղազարյանը պատմում է, որ օրական կես թխվածքաբլիթ էր ուտում ու ավելորդ անգամ վախենում էր կարիքները հոգալու համար դիմել` չցանկանալով զայրացնել հսկողներին` գերիների նկատմամբ ագրեսիա չառաջացնելու համար։
Այո, նրան ևս ստիպում էին ասել, որ Արցախն Ադրբեջան է, բայց նա հեզությամբ ասում էր, որ Արցախը Աստծունն է, ինչպես և աշխարհի բոլոր երկրները` Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան... բոլոր երկրներն Աստծունն են։ Ղազարյանը բացատրում է, որ ադրբեջանցիները չէին կարող դա չընդունել, քանի որ Ղուրանում էլ այդպես է ասվում։
«Կոմերսանտին» տված հարցազրույցում Ղազարյանը պատմել է, թե ինչպես էին իրենց շարում հրապարակում, ադրբեջանցի զինվորների և սպաների առաջ և որոշ դասեր տալիս։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչեր են արել, բայց նշել է, որ գերիների նկատմամբ միշտ էլ անառողջ ու դաժան վերաբերմունք է լինում։
Նոյեմբերի վերջին Ղազարյանն արդեն Բաքվում էր, այնտեղ նրան մեկուսարանում են պահել մինչև հունվարի 9-ը։ Որոշ հասարակական գործիչներ ուսուցչին նույնիսկ Բաքվով զբոսանքի են տարել, նաև շատրվանների հրապարակի հայկական եկեղեցին են այցելել։
Դավիթ Բաբայանը գերիների հարցով դիմել է միջազգային կառույցներին
Այսօր Ղազարյանն արդեն Մոսկվայում է, իր ընտանիքի մոտ։ Գերությունից նրա փրկության պատմությունը զավեշտալի է. տանջանքներից և ստորացումներից հետո, մարդուն կարելի է նաև զբոսանքի տանել, երբ դա պահանջում է «բարձր ղեկավարությունը»` ցանկանալով ռուսական լուրջ պարբերականի աչքին «բարեկիրթ» թվալ գերիների հետ շփման հարցում։ Իսկ խոշտանգումներով, սպանություններով, անարգանքի ու պղծման տեսարաններով տեսանյութերը թող տարածվեն սոցցանցերում, զուտ պրոֆիլակտիկայի համար...
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են համաճարակաբանական իրավիճակի և կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ։
Մրցույթի պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ հստակեցված է, որ «Եվրատեսիլին» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։
Դե իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
Մրցույթի մասնակից երկրների պատվիրակությունները հիմնականում հյուրանոցներում կլինեն և բեմ կբարձրանան միայն փորձերի համար։
Մրցույթի ողջ ընթացքում կազմակերպիչները, արտիստները, լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։
Այս տարի մրցույթին մասնակից երկրների պատվիրակությունների կազմերը ևս կկրճատվեն։
Նշվում է, որ մրցույթը տեղում կարող են լուսաբանել միայն 500 լրագրողներ, ևս 1000-ին հնարավորություն կտրվի աշխատել առցանց մամուլի կենտրոնում։
Դե իսկ մրցույթին հանդիսատեսի մասնակցության հարցը դեռևս քննարկման փուլում է։ Որոշման մասին կազմակերպիչները կհայտնեն ավելի ուշ։
«Մանկական Եվրատեսիլ-2020» - ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
Հավելենք, որ Հայաստանը չմասասնակցեց նաև «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին։ Մրցույթի պաշտոնական կայքում նշվում էր, որ պատճառը Հայաստանում հայտարարված ռազմական դրությունն է և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը։



