Ստեփանակերտ. արխիվային լուսանկար

Արցախի կարգավիճակը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Լավրով

337
(Թարմացված է 14:53 18.01.2021)
Նախարարի կարծիքով՝ բնականոն կյանքին հնարավորինս արագ վերադարձը թույլ կտա ավելի արագ լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Արցախի կարգավիճակի հարցը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Կարգավիճակի խնդիրը հակասական է, որոշվել է շրջանցել այն ու հետո լուծել։ Տեղեկությունն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ այդ հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առաջիկայում նորից տարածաշրջան կայցելեն (վերջին անգամ նրանք նախորդ տարվա դեկտեմբերի էին Երևան ու Բաքու այցելել – խմբ. )։

«Այն տարածքը, որտեղ խաղաղապահ առաքելություն է իրականացվում, խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին է։ Հիմա մշակվում են տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար աջակցության կազմակերպման մանրամասները», - ավելացրել է նախարարը։

Ռուսաստանը շահագրգռված է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը, աշխատեն Արցախում ու տեղի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերեն։  Սակայն օգնության քննարկման ընթացքում առաջանում են հարցեր, որոնք բխում են կարգավիճակի շուրջ եղած հակասություններից։ Երևանի ու Բաքվի միջև առկա այդ հակասությունների պատճառով երեք երկրների առաջնորդները որոշել են շրջանցել այդ կարգավիճակի հարցը։

Լավրովը կարծում է՝ որքան արագ բոլոր համայնքները սովորական կյանքի վերադառնան, այնքան ավելի արագ կարելի կլինի լուծել կարգավիճակի հարցը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

337
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Եռակողմ հայտարարություն, Արցախ, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Լավրովն «էկզոտիկ» է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը
Շուտով Էրդողանը կհեռացվի իր թիմի կողմից. Դավութօղլու
«Ադրբեջանցիները մեր վարորդներին վիզը կտրելու նշան են տալիս». ընդդիմադիրների դժգոհությունը
«Սպուտնիկ V»

«Սպուտնիկ V»-ն հավանության արժանացրած երկրների թվով երկրորդ տեղում է՝ անցնելով Pfizer-ին

52
Ռուսական պատվաստանյութի կիրառումն արդեն հավանության է արժանացել աշխարհի 45 երկրներում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Ռուսական «Սպուտնիկ V»-ն բարելավել է դիրքերը պատվաստանյութերի շարքում և արդեն 2-րդ տեղում է հավանության արժանացրած երկրների թվով։ «Սպուտնիկ V»-ն առաջ է անցել Pfizer-ից։ Տեղեկությունը նշված է պատվաստանյութի Twitter-ի պաշտոնական էջում։

«Սպուտնիկ V»-ն կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութն է կարգավորիչների կողմից հավանությունների քանակով։ Շնորհակալություն ձեր վստահության համար»,- նշել են պատվաստանյութը ստեղծողները։

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը հավանության է արժանացել բազմաթիվ երկրներում, այդ թվում ՝ հետխորհրդային տարածքում։

Աշխարհում հավանությունների թվով դեռևս առաջին տեղում է AstraZeneca պատվաստանյութը, որը թույլատրված է 49 երկրներում։ Հաջորդում է «Սպուտնիկ V»-ն․ այն հավանության է արժանացել 45 երկրներում։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Pfizer-ը (43 երկիր)։ Այնուհետև հաջորդում են Moderna պատվաստանյութը (19 երկիր), ինչպես նաև չինական 3 պատվաստանյութեր՝ Sinopharm (18), Sinovac (16), CanSino (4): Ութերորդ տեղը զբաղեցնում է Johnson & Johnson պատվաստանյութը․ այն հավանության է արժանացել ընդամենը 4 երկրներում:

Այժմ «Սպուտնիկ V»-ի կիրառումը թույլատրված է Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Սերբական Հանրապետությունում (Բոսնիա-Հերցեգովինա), Լիբանանում, Մյանմայում, Պակիստանում, Մոնղոլիայում, Բահրեյնում, Չեռնոգորիայում (Մոնտենեգրո), Սենթ Վինսենթ և Գրենադիններում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Գաբոնում, Սան Մարինոյում, Գանայում, Սիրիայում, Ղրղզստանում, Գայանայում, Եգիպտոսում, Հոնդուրասում, Գվատեմալայում, Մոլդովայում, Սլովակիայում, Անգոլայում, Ջիբութիում, Կոնգոյի Հանրապետությունում, Շրի Լանկայում, Լաոսում ու Իրաքում։

«Սպուտնիկ V»-ն գրանցած 45 երկրների ընդհանուր բնակչության թիվն ավելի քան 1.2 միլիարդ է։

Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը

Արտասահմանյան շուկաներում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջխաղացմամբ զբաղվում է Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ վստահությունը ռուսական պատվաստանյութի նկատմամբ աճում է, քանի որ այն կողմնակի ազդեցություններ չունի ու ալերգիա չի առաջացնում։

Պատվաստանյութը ստեղծվել է մարդու՝ ուսումնասիրված ու ստուգված ադենովիրուսային վեկտորների հարթակի վրա, որոնց կարևոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը։

52
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստանյութ, աշխարհ, Ռուսաստան, Սպուտնիկ V
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ո՞ր պատվաստանյութով արժե պատվաստվել․ 5 գլխավոր միֆերը
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ երրորդ`«ԿովիՎակ»  պատվաստանյութը
Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը
Համատեղ զորավարժություն, արխիվային լուսանկար

2020–ի աշնան դասերը. ինչու են Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություն անցկացնում

349
Տարածաշրջանում նոր զինված հակամարտությունների առաջացման բարձր հավանականությունը պահպանվում է։ Այդ ֆոնին ավելանում է ՀՀ–ի ու ՌԴ–ի զորքերի միացյալ խմբավորման դերը, որի հիմնական նպատակը այդ երկրներից մեկի վրա հարձակման կանխարգելումն է և պետական սահմանի պաշտպանությունը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական մեկնաբան

Հայաստանն ու Ռուսաստանը հավատարիմ են իրենց դաշնակցային պարտավորություններին և շարունակում են ամրապնդել Հարավային Կովկասի անվտանգության ընդհանուր սահմանագիծը՝ երկու երկրների զորքերի միացյալ խմբավորման զորավարժությունների ձևաչափով:

Մարտի 2-4-ը ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն, որում ընդգրկված են եղել Հայաստանի և Ռուսաստանի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (ԶՄԽ) զորամասերը, ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանը, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերը։ Զորամասերի մշտական տեղակայման վայրերում անցկացված վարժանքի նպատակն էր խաղաղ ժամանակահատվածից պատերազմականի անցնելիս զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատրաստության կատարելագործումը։ Բացի այդ, վարժանքի նպատակն էր նպաստել հրամանատարական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում կառավարման մարմինների ներդաշնակ աշխատանքի ապահովմանը։

Դրան զուգահեռ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը մարտի 3-5-ը ճշգրտել է մարտական պատրաստականության պլանները և զորքերի կիրառման հավանական տարբերակները, ազգային բանակի բարեփոխումները, ինչը ենթադրում է կոնկրետ իրավիճակներ և նպատակներ: Օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞ր հակառակորդի դեմ են զորավարժություններ կազմակերպվում և մարտական կիրառման պլաններ մշակվում։

Պատճառը դժվար թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացասական կանխատեսումը լինի, այն է` Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է խաղաղության ոչ շահավետ պայմանների պատճառով, բայց Կովկասում, անշուշտ, պետք է վառոդը չոր պահել։ Իսկ Հայաստանում տարաբաղադրիչ խմբավորման զորքերը պետք է լինեն մարտունակ, լավ պատրաստված և ամենաժամանակակից սպառազինություններով ու տեխնիկայով հագեցած։ Զորքերի միացյալ խմբավորման (ԶՄԽ) ամրապնդման լավագույն մեթոդը համատեղ զորավարժություններն են միասնական տեղեկատվական տարածքում, նույնատիպ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և կապի միջոցներով մարտավարական փոխգործակցության մշակումը:

Հայ-ռուսական համատեղ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրն ինտեգրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ամենամյա զորավարժություններին և ներառում է տասնյակ համատեղ միջոցառումներ: ՀԱՊԿ զորավարժություններին հայկական ստորաբաժանումների իրավահավասար մասնակցությունը հաստատում է ազգային բանակի աճող մարտական հնարավորությունները:

Պետք է հաշվի առնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր աշխարհաքաղաքական խաղում ձգտում է տարբեր ձևերով օգտագործել Կովկասում առկա խնդիրներն ու հակասությունները, ցանկացած հարմար պատրվակով սրել ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում (դրա հաստատումն է Թուրքիայի վերջին «եղբայրական» մասնակցությունը Ղարաբաղում ռազմական գործողություններին)։

2020 թվականի աշնան դասերը

Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները բացահայտեցին հայկական բանակի և ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք խոցելի կետերը։ Մեծ քանակով արդյունավետ զենք և ժամանակակից տեխնիկա ունենալը (ՀՀ ԶՈւ-ն ստանում է ՌԴ արտադրության ամենաժամանակակից զենքերը ներռուսական գներով) դեռ բավարար չէ, պետք է կարողանալ այդ ամենին պրոֆեսիոնալ կերպով տիրապետել, բարձրացնել կատարողական և ֆինանսական կարգապահությունը, զորքերի ընդհանուր կազմակերպվածությունը (ներառյալ կազմակերպչական-զորահավաքային ոլորտը)։

Անհրաժեշտ է հստակ վերլուծել արտաքին քաղաքական իրադրությունը և ժամանակին կատարել վերադաս հրամանատարության հրամանները, առանց ինքնագործունեության և ինքնավստահության իրականացնել այն ծրագրերը, որոնք նախապես և հանգամանորեն մշակվել են իրադրության սրման բոլոր դեպքերի համար: Ցանկացած պատերազմ 90%-ով բաղկացած է լոգիստիկայից և նախնական կազմակերպչական միջոցառումներից (զորավարժություններից)։

Տարածաշրջանում նոր զինված հակամարտությունների առաջացման բարձր հավանականությունը պահպանվում է։ Այդ դեպքի համար Հայաստանն ու Ռուսաստանն ունեն զորքերի հատուկ (միացյալ) խմբավորում՝ միավորված կառավարման համակարգով և գործողությունների պլաններով, ինչը թույլ է տալիս ավելի առավել ճշգրիտ և բազմատարբերակ ձևով հետ մղել սպառնալիքները։ Ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները կանոնավոր կերպով տագնապի ազդանշանով հարյուր կմ-անոց երթեր են կատարում դեպի Բաղրամյան զորավարժարան՝ ՀՀ ՊՆ զորքերի հետ համատեղ զորավարժությունների անցկացման վայր:

Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը

Զորավարժությունների համար սցենարներ հորինել պետք չէ, չէ՞ որ հարևանությամբ պարբերաբար անցկացվում են ադրբեջանա-թուրքական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի», «Ձմեռ-2021»-ի տիպի զորավարժություններ, որոնց նպատակն է շտաբային պլանավորման համատեղելիության հասնելը, Ադրբեջանի և Թուրքիայի ստորաբաժանումների համակարգումը զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային և տրանսպորտային ուղղաթիռների, երկու երկրների ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ գործողություններում: Ադրբեջանա-թուրքական նման փոխգործակցությունը վառ արտահայտված հակահայկական ուղղվածություն ունի և շատ մտահոգիչ է Ռուսաստանի համար։ Ազգային անվտանգության խնդիրների լուծման ուղիների մասին Երևանի և Բաքվի պատկերացումները տարբեր են, և հնարավոր են ողբերգական անցյալի կրկնություններ։

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական փոխգործակցությունը բազմաչափ է։ Երևանը Մոսկվայից խոշորագույն ռազմական օգնություն ստացողների եռյակում է, և միայն այդ պատճառով է, որ տիրապետում է սպառազինությունների նորագույն նմուշներին՝ բարձր ճշգտության և 100 տոկոսով հուսալի «Իսկանդեր-Մ» ՕՏՏՀ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» համակարգեր, «Սմերչ» համազարկային կրակի համակարգեր, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա համալիրներ և կապի միջոցներ:

Դաշնակցային հարաբերություններ

Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորումը ստեղծվել է 2016 թ․-ին՝ կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության առկա և հեռանկարային սպառնալիքները հետ մղելու համար: Միացյալ խմբավորման հիմնական նպատակը Ռուսաստանի կամ Հայաստանի վրա հարձակման կանխարգելումն է, պետական սահմանի պաշտպանությունը։

Խմբավորումը ղեկավարում է միացյալ հրամանատարությունը։ Զորքերի ծավալման և կիրառման որոշումը համատեղ ընդունում են երկու երկրների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները: Խաղաղ ժամանակ խմբավորման հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ՝ ռուսական բանակի հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարին կամ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետին (Ռուսաստանի և Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ)։

Զորքերի համատեղ խմբավորման մասին համաձայնագիրը կարգավորում է կողմերի պատասխանատվությունն ու լիազորությունները պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքում, վերաբերում է ուժային կառույցներին, սահմանային, մաքսային կառույցներին և չի դիպչում Հայաստանի պետական անկախությանը, քաղաքական ինստիտուտներին: ԶՄԽ-ի կազմում ներառված ստորաբաժանումներն ապահովվում (ֆինանսավորվում) են այն պետությունների միջոցների հաշվին, որոնց բանակներին նրանք պատկանում են։

Տարվա արդյունքները. «ցիրկոնապատում» և ՌԴ ռազմածովային նավատորմի 40 նոր նավ

ԶՄԽ-ի արդյունավետությունը հսկայական նախնական աշխատանքի օրինաչափ շարունակությունն է։ Նկատենք, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունների իրավապայմանագրային բազայում շուրջ 200 համաձայնագիր կա, որոնց նպատակներն են երկու պետությունների համաձայնեցված արտաքին քաղաքականությունը, միջազգային կապերի զարգացումը, ուժային կառույցների միասնական օպերատիվ տարածքը։

ԶՄԽ-ի մասին համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, չի վերաբերում այլ միջազգային պայմանագրերով Մոսկվայի և Երևանի ստանձնած պարտավորություններին։ Ավելի վաղ փոխգործակցության այս համակարգը ստուգվել է Աբխազիայում և Հարավային Օսեթիայում։

349
թեգերը:
զորք, Զորավարժություններ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»
Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը
Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները

«Ուզում են գլխատել ԶՈւ–ն». ակցիայի մասնակիցները գնացին նախագահական

0
(Թարմացված է 14:49 06.03.2021)
ՊՆ–ի մոտ հավաքվածները նշեցին, որ իշխանությունը ձեռնոց է նետում ԶՈւ–ին։ Նրանք որոշել են ՀՀ նախագահից պահանջել կատարել իր սահմանադրական պարտականությունները։

ՀՀ պաշտպանության նախարարության մոտ ի պաշտպանություն ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կազմակերպված ակցիայի մասնակիցներն ավտոերթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր։

Եթե նախագահը հրաժարվի ընդունել նրանց, ապա Արմեն Սարգսյանի կեցավայր կգնան` նրանից պահանջելու կատարել իր սահմանադրական պարտականությունները։

«Առաջարկում եմ` դիմենք ՀՀ նախագահին ու պահանջենք, որ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վարչապետի որոշումն ուղարկի ՍԴ։ Բացի այդ, առաջարկում եմ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անողներին միանալ»,–ասաց պահեստազորի գեներալ–մայոր Հենրիկ Մուրադյանը։

Նա նշեց, որ այսօր ձեռնոց է նետված ՀՀ զինված ուժերին և քայլ առ քայլ փորձում են քանդել ԶՈւ–ն։

Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն իր հերթին ասաց, որ չնայած հիմա հակառակորդի համար առաջնային թիրախը Սյունիքն է, սակայն դրանով չեն բավարարվելու` անցնելու են Տավուշին, Վարդենիսին և Եղեգնաձորին։

«Օրվա իշխանությունն ուզում է գլխատել զինված ուժերին։ Մենք մարդիկ ենք, որ ընկերներ ենք կորցրել, հաղթանակ կերտել, ինչը հիմա փորձում են խլել մեզնից։ Մենք դա թույլ չենք տալու։ Օրվա իշխանությունները պետք է օր առաջ հեռանան»,–ասաց Նահապետյանը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ անցկացվող ակցիան` ի պաշտպանություն ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, սկսվեց տերունական աղոթքով։

ՊՆ–ի մոտ էին հավաքվել ոչ միայն զինվորականներ, այլ նաև հոգևորականներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և շարքային քաղաքացիներ։

Մինչև ելույթները սկսվելը մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

0
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Բողոքի ակցիա, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
«Օնիկ Գասպարյանն ինչ էլ անի` իր կողքին կանգնած ենք». զինվորականները ՊՆ–ի մոտ են