ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել չանտեսել կրոնական առաջնորդների դերակատարությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում։
«Հանելով կրոնական գործոնը հակամարտությունից` մենք իհարկե զգալիորեն նվազեցրել ենք հակամարտության սրությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այդ պատճառով, չչափազանցնելով հոգևոր առաջնորդների դերակատարությունը, ոչ մի դեպքում պետք չէ անտեսել նրանց», - ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը «Ռոսիա 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին նախաձեռնել է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Նրա խոսքով՝ բանակցությունների մի քանի փուլ է անցկացվել, կողմերը պայմանավորվածություններ են ձեռքբերել։
«Կարծում եմ՝ այդ բանակցությունների գլխավոր արդյունքն այն է, որ կրոնական երկու առաջնորդները, որոնց թիկունքին կանգնած են ժողովուրդների մեծամասնությունը, խոսել են միմյանց հետ, և այդ խոսակցությունը հանգիստ էր այն առումով, որ չեն եղել փոխադարձ մեղադրանքներ, չի եղել լարվածություն», - նշել է նա։
Պատրիարքի հավաստմամբ` բանակցությունների ընթացքում կոնկրետ արդյունքների են հասել`գերիների փոխանակում, հակամարտող կողմերին գրգռելու նպատակով կրոնական խորհրդանիշների, կրոնական խոսքերի, կրոնական մոտիվացիայի չօգտագործում։
Նա հայտնել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է մասնակցել այդ գործընթացին՝ խաղաղապահ ներդրում ունենալով այդ բարդ խնդրի լուծման մեջ։
«Աստված տա, որ կրոնների խաղաղապահ ներուժը փոխարինի զենքին, որը բաժանում են հակամարտող կողմերին», - ամփոփել է նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։ Այցի նպատակը հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելն է։
Այսօր արդեն պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը հանդիպել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:
Հանդիպումների ընթացքում նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:
Դավիթ Տոնոյանն ասել է` որքանով է Ռուսաստանն աջակցել իր դաշնակից Հայաստանին
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը:
«Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շրջանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրությունում:
Հնարավոր է շրջանցել պատժամիջոցները. որ ոլորտներում է Իրանը պատրաստ համագործակցել ՀՀ-ի հետ
Զարիֆն այժմ Ադրբեջանում է, իսկ հունվարի 27-ին նա կայցելի Հայաստան:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։