Սպուտիկ V

Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. օգտակար տեղեկություններ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին

143
(Թարմացված է 23:43 25.12.2020)
«Հանրային կարծիքի հիմնադրամի» (ՀԿՀ) ուսումնասիրության համաձայն՝ ռուսաստանցիների 42 տոկոսը չեն բացառում մոտակա ժամանակներում պատվաստվելու հնարավորությունը։ Ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik, Տատյանա Պիչուգինա. Գամալեայի անվան կենտրոնի ստեղծած «Սպուտնիկ V» պատվաստանյութով արդեն ավելի քան երկու հարյուր հազար մարդ է պատվաստվել, առաջին հերթին՝ բժիշկները, ուսուցիչները, սոցիալական աշխատողները։ Պատվաստման արշավ է սկսվել մարզերում, որտեղ 330 հազար չափաբաժին, իսկ մոտակա ամիսներին ևս մոտ երեք միլիոն կուղարկեն։ Հույս կա, որ կհաջողվի զսպել COVID-19-ը համաճարակը։ Սակայն շատերին անհանգստացնում է՝ արժե՞ արդյոք պատվաստվել կարճ ժամանակահատվածում մշակված դեղանյութով, ինչպե՞ս դա կանդրադառնա առողջության վրա և ավելի լավ չէ՞ արդյոք վարակվել և լավանալ։

Ինչի՞ց է բաղկացած «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Այն բաղկացած է մարդու երկու ադենովիրուսներից՝ ad 26-ից և ad 5-ից` փոփոխված գենոմով։ Սովորական ադենովիրուսներն առաջացնում են սեզոնային գրիպ, նշիկների և ադենոիդների բորբոքում։ Պատվաստանյութ ստանալու համար անջատում են ռեպլիկացիայի գեները,այլ կերպ ասած՝ ամորձատում են։

Ինչպես և փոփոխությունից առաջ, այն ունակ է թափանցել բջջի մեջ, բայց բազմանալ չի կարող։ Հիմա այն կատարյալ անվնաս կրիչ է, վեկտոր, որը կարող է «ծանրոցը» հասցնել ճիշտ հասցեով։

Որպես «ծանրոց» հանդես է գալիս SARS-CoV-2 սպայք-սպիտակուցի սինթեզման հրահանգ կրող գենը։ Այն պարզապես ներդնում են «ամորձատված» ադենովիրուսի գենոմի մեջ։ Վեկտորը թափանցում է բջիջ և սկսում է զանազան սպիտակուցներ սինթեզել, այդ թվում՝ սպայք։ Օրգանիզմն արձագանքում է դրան՝ ձևավորելով առանձնահատուկ դիմադրողականություն։ Իմունային բջիջները քայքայում են վեկտորը և հեռացնում օրգանիզմից։

Արդյո՞ք «Սպուտնիկ V»-ում ինչ-որ վտանգավոր բան կա

Չկա։ Նույնիսկ ամբողջական վիճակում ադենովիրուսները թեթև վարակային բորբոքումներ են առաջացնում։ Բացի այդ, դրանք մի քանի առավելություն ունեն։ Օրինակ՝ խոշոր ԴՆԹ-գենոմ, ուստի դժվար չէ դրանք անվտանգ դարձնել՝ մեկ-երկու գեն ավելացնելով։ Նույն պատճառով դրանք սեփական գենոմը չեն ներդնում «տանտեր» բջջի ԴՆԹ-ում և, համապատասխանաբար, մուտացիա չեն առաջացնում։

Պատվաստանյութը  կորոնավիրուս պարունակու՞մ է

Ադենոիդային վեկտորներում, որոնցից բաղկացած է պատվաստանյութը, SARS-CoV-2 չկա։ Այնտեղ դրա միայն մի գենն է՝ նուկլեոդիտների ոչ մեծ հերթականություն, որը սփայք-սպիտակուցի՝ կորոնավիրուսի թաղանթի «փշի» սինթեզի հրահանգ է կրում։

Ռուսական պատվաստանյութը հնարավորինս արագ պետք է հասանելի դառնա ԵԱՏՄ-ում․ Բելյանինով

Դրա օգնությամբ վիրուսը կառչում է բջջի մեմբրանից և ներս թափանցում։ Հենց միայն այդ սպիտակուցը, հայտնվելով մարդու բջջում, ունակ է առաջացնել օրգանիզմի իմունային արձագանքը, բայց հիվանդության հանգեցնել չի կարող։

Ինչպե՞ս է կատարվում պատվաստումը. ցավո՞տ է

Ներարկումն անում է թևի մկանին, ներարկիչով, ինչպես պատվաստանյութերի մեծ մասի դեպքում։ Սրսկման տեղը կարող է մի փոքր ցավել, հազվադեպ նկատվում է կարմրություն և քոր, բայց դա էլ անցնում է ինքն իրեն, առանց հատուկ բուժման։

«Սպուտնիկ V»-ը ներարկում են երկու փուլով։ Սկզբում մարդը ստանում է առաջին չափաբաժինը՝ 26 սերոտիպի ադենովիրուսային վեկտորով։ 21 օր անց երկրորդ չափաբաժինը՝ հինգերորդ սերոտիպի ադենովիրուսի հիմքով։ Դա հատուկ է արված․ եթե չափաբաժիններից մեկը թույլ է գործում, քանի որ օրգանիզմն արդեն ադենովիրուսի այդ տեսակի նկատմամբ դիմադրողականություն ունի, ապա երկրորդը գրեթե երաշխավորված պաշտպանություն կապահովի։ Իմունիզացիայի երկփուլային սխեման(փրայմ-բուստ) լայնորեն հայտնի է աշխարհում և շատ արդյունավետ է համարվում։

Ի՞նչ կողմնակի ազդեցություններ է առաջացնում պատվաստանյութը

Կլինիկական փորձարկումների առաջին-երկրորդ փուլերի արդյունքներով Lancet ամսագրում հրապարակված հոդվածում Գամալեայի անվան կենտրոնի գիտնականները հետևյալ ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններն են նշել`ցավ ներարկման տեղում, բարձր ջերմություն, գլխացավ, հոգնածություն, մկանային և հոդային ցավեր։ Ջերմությունը բարձրանում էին մինչև 37-38,4 աստիճան, առավելագույնը՝ մինչև 38,5-38,9։

Առաջին-երկրորդ փուլերի փորձարկումներն անցկացվել են 18-60 տարեկան 120 առողջ մարդկանց վրա։ Նրանց մոտ բոլոր կողմնակի ազդեցությունները թույլ են արտահայտվել, որևէ լուրջ խնդիր չի գրանցվել։ Արդյունքները հաստատել են մարդու ադենովիրուսային վեկտորների հիմքով պատվաստանյութի անվտանգությունը և Ռուսաստանում այն գրանցելու հիմքեր են տվել։ Այժմ շարունակվում են հետռեգիստրացիոն փորձարկումները, որոնք ընդգրկում են մոտ 40 հազար կամավորի։

«Գամ-ՔՈՎԻԴ-Վակ-2020»-ով պատվաստվածների («Սպուտնիկ V» պատվաստանյութի վաճառքի անվանումն է) տեղեկատու գրքույկում ասվում է, որ մարդկանց 5-7 տոկոսի մոտ պատվաստումից հետո նկատվում ջերմության բարձրացում, դող, գլխացավ, մարմնի ջարդվածության զգացում։ Թուլություն և սրտխառնոց՝ տասը տոկոսի մոտ։ Կարող է ցավ և քոր լինել ներարկման տեղում, կոկորդի ցավ, նաև կարող է քիթը փակվել։ Դրանք անհատական ռեակցիաներ են, որոնք վերանում մեկ, առավելագույնը՝ երեք օր հետո։

Կարո՞ղ են պատվաստվել COVID-19-ից առողջացածները

Թե ինչպես է պատվաստանյութն ազդում COVID-19 տարած ու առողջացածների վրա՝ հայտնի չէ, նման հետազոտություններ դեռ չեն արվել։ Առողջ բանականությունը հուշում է, որ կորոնավիրուսային վարակը հաղթահարելուց հետո պետք է բնական դիմադրողականություն ձևավորվի։ Թե որքան երկար է այն դիմանում՝ պարզ չէ։ Բայց, հաշվի առնելով կրկնակի վարակման թեկուզև հատուկենտ դեպքերը, կարելի է ասել՝ թերևս մի քանի ամիս, գուցե կես տարի։ Նշանակում է՝ այդ ընթացքում պատվաստվել չարժե։ Իսկ օրինակ` նրանց մոտ, ովքեր հիվանդացել ու առողջացել են գարնանը, դիմադրողականությունը արդեն կարող է թուլացած լինել։

Թերապիայի և պրոֆիլակտիկ բժշկության Ազգային բժշկական հետազոտական կենտրոնի տնօրեն Օքսանա Դրապկինան, որի խոսքերը մեջբերում են ԶԼՄ-ները, հայտնել է` քովիդը հաղթահարածները պատվաստման ենթակա չեն։ Հիվանդությունը հաղթահարած լինելը վկայում է արյան մեջ G դասի հակամարմինների սովորականից բարձր մակարդակի մասին։ Այդ անալիզը կարելի է հանձնել պոլիկլինիկայում՝ պարտադիր բժշկական ապահովագրությամբ կամ վճարովի և նոր միայն պատվաստման որոշում կայացնել։

Պատվաստումից հետո պե՞տք է դիմակ դնել

Պարտադիր է։ Դիմադրողականությունն ամբողջովին ձևավորվում է պատվաստանյութի երկրորդ ներարկումից երեք շաբաթ անց (առաջին ներարկումից հետո 42-րդ օրը)։ Այդ շրջանում մարդը դեռ լիովին պաշտպանված չէ, ուստի անհրաժեշտ է պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցները։ Բացի այդ, օրինակ՝ Ռուսաստանում դիմակային ռեժիմը գործում է հոկտեմբերի վերջից և դեռ ոչ ոք այն չի չեղարկել։ Մարդկանց զանգվածային կուտակման վայրերում դիմակը պարտադիր է բոլորի համար, անկախ նրանից՝ մարդը COVID-19-ի դեմ պատվաստվել է, թե ոչ։

Մոսկվայում նախատեսում են COVID-19-ի դեմ պատվաստել մոտ 7 միլիոն մարդու

ԶԼՄ-ները գրում են պատվաստումից հետո COVID-19-ով վարակվելու դեպքերի մասին։ Այդպիսի դեպքերը հավանական են, և կարևոր է տարբերակել պատճառը հետևանքից։ Գամալեայի կենտրոնի մշակած պատվաստանյութում COVID-19-ի հարուցիչ չկա, այնպես որ այն չի կարող հիվանդություն առաջացնել։ Եթե մարդը հիվանդանում է պատվաստումից հետո, նշանակում է՝ պատվաստաման պահին նա արդեն վարակված է եղել, սակայն ախտանշանների բացակայության պատճառով այդ մասին չի իմացել։ Եթե նա վարակվել է պատվաստման օրը կամ մեկ-երկու օր առաջ, ապա կորոնավիրուսի և հակամարմինների թեստերը կարող են բացասական լինել։

Առաջին պատվաստումից հետո COVID-19-ով հիվանդանալը պատահականություն է, որը տեղի է ունենում, քանի որ մարդն արդեն վարակված է եղել կամ վարակվել է պատվաստումից անմիջապես հետո։ Դա այնքան էլ անհավանական չէ` հաշվի առնելով ձմեռային ամիսներին հիվանդության տարածումը։

Պաշտոնական կայքում ասվում է, «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը 91,4 տոկոս է։ Գամալեայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Соловьев LIVE» YouTube-ալիքով հաղորդման ժամանակ հայտնել է 96 տոկոս արդյունավետության մասին։ Հիվանդանալու հավանականությունը 4 տոկոս է։ Գիտնականի խոսքով՝ նրանց մոտ, ովքեր ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով 4 տոկոսում են հայտնվել, հիվանդությունը շատ ավելի թեթև կտանեն` մրսածության, հազի, գուցե ոչ շատ բարձր ջերմության տեսքով։ Սակայն հարուցիչը թոքերին չի հասնի։

Պատվաստման փոխարեն ավելի լավ չէ՞ հաղթահարել COVID-19-ը

Պատվաստման որոշումն ամեն մարդ ինքն է ընդունում կամ բուժող բժշկի հետ միասին` ելնելով եղած հիվանդություններից և ընթացիկ դրությունից։ Եթե հակացուցումներ չկան, պետք է հաշվի առնել առողջությանը սպառնացող վտանգները․պատվաստման դեպքում դրանք ավելի քիչ են, քան COVID-19-ի դեպքում։ Բացի այդ տվյալներ կան, ըստ որոնց՝ առավել ուժեղ իմունիտետ ձևավորվում է հենց պատվաստումից հետո։

Մոլորակի բնակչության մոտ 22 տոկոսն առնվազն մեկ հիվանդություն ունի, որն ավելացնում է COVID-19-ի ծանր ձևի ռիսկը։ Բայց անգամ թեթև ձևը հարվածում է օրգանիզմին։ Հիվանդությունը հաղթահարած որոշ մարդկանց մոտ երկար «քովիդային պոչ» է մնում՝ անցանկալի հետևանքներ։ Հետազոտված չեն հիվանդության երկարաժամկետ ազդեցությունները։ Պետք է հաշվի առնել նաև առնվազն երկու շաբաթով աշխատունակության կորուստը, դեղերի ծախսը։ Եվ գլխավորը՝ ընտանիքի անդամներին, հատկապես՝ ծերերին վարակելու մեծ հավանականությունը։

143
թեգերը:
Ռուսաստան, պատվաստումներ, պատվաստանյութ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (970)
Ըստ թեմայի
Հայաստանից 2 նախագիծ հայտնվել է COVID-ի դեմ թվային նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլում
 «Նրանք նույնպես մարդիկ են». Զախարովան խոսել է COVID-19-ով վարակված դիվանագետների մասին
Գիտնականները նշել են COVID-19 վարակի վտանգը նվազեցնող լավագույն դիետան
Սերգեյ Լավրով

Պատճառ չկա, որ Հայաստանի պաշտոնյաները չայցելեն Ղարաբաղ. Լավրով

137
(Թարմացված է 15:16 18.01.2021)
Ռուսաստանի արտգործնախարարը մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը, որում նրանք արձագանքել էին ՀՀ արտգործնախարարի՝ Ստեփանակերտ կատարած այցին։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատճառ չի տեսնում, որ Հայաստանի պաշտոնյաները Լեռնային Ղարաբաղ չայցելեն։ Նա այդ մասին ասել է այսօր ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։

Հունվարի սկզբին Ադրբեջանի նախագահը սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի՝ Ստեփանակերտ կատարած այցի պատճառով։ Ալիևն ասել էր, որ պետք է վերջ տալ դրան, թե չէ Հայաստանն ավելի շատ կզղջա դրա համար։

Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանի ու Արցախի հայերի կապը պետք է պահպանվի, ու բոլորը համամիտ են այդ հարցում։

«Եվ եթե բոլորը համամիտ են, ապա այնպիսի պատճառներ չեմ տեսնում, որոնք պետք է խանգարեն այդ մակարդակով շփումներին։ Հայաստանի պաշտոնյաները ներգրավված են Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում, ինչը ոչ մի բացասական հույզեր չի առաջացնում Բաքվում։ Տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ», - ավելացրել է Լավրովը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին

Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։

Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հավելենք, որ մինչ մոսկովյան այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: 

Սակայն Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան

137
թեգերը:
Սերգեյ Լավրով, Արցախ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները
Լավրովը Արա Այվազյանի հետ քննարկել է հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը
Լավրովն «էկզոտիկ» է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը
Ստեփանակերտ. արխիվային լուսանկար

Արցախի կարգավիճակը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Լավրով

148
(Թարմացված է 14:53 18.01.2021)
Նախարարի կարծիքով՝ բնականոն կյանքին հնարավորինս արագ վերադարձը թույլ կտա ավելի արագ լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Արցախի կարգավիճակի հարցը միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Կարգավիճակի խնդիրը հակասական է, որոշվել է շրջանցել այն ու հետո լուծել։ Տեղեկությունն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ այդ հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առաջիկայում նորից տարածաշրջան կայցելեն (վերջին անգամ նրանք նախորդ տարվա դեկտեմբերի էին Երևան ու Բաքու այցելել – խմբ. )։

«Այն տարածքը, որտեղ խաղաղապահ առաքելություն է իրականացվում, խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին է։ Հիմա մշակվում են տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար աջակցության կազմակերպման մանրամասները», - ավելացրել է նախարարը։

Ռուսաստանը շահագրգռված է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը, աշխատեն Արցախում ու տեղի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերեն։  Սակայն օգնության քննարկման ընթացքում առաջանում են հարցեր, որոնք բխում են կարգավիճակի շուրջ եղած հակասություններից։ Երևանի ու Բաքվի միջև առկա այդ հակասությունների պատճառով երեք երկրների առաջնորդները որոշել են շրջանցել այդ կարգավիճակի հարցը։

Լավրովը կարծում է՝ որքան արագ բոլոր համայնքները սովորական կյանքի վերադառնան, այնքան ավելի արագ կարելի կլինի լուծել կարգավիճակի հարցը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

148
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Եռակողմ հայտարարություն, Արցախ, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Լավրովն «էկզոտիկ» է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը
Շուտով Էրդողանը կհեռացվի իր թիմի կողմից. Դավութօղլու
«Ադրբեջանցիները մեր վարորդներին վիզը կտրելու նշան են տալիս». ընդդիմադիրների դժգոհությունը
Արսեն Թորոսյանը կառավարության նիստում. 26 նոյեմբերի, 2020

Խնդրում եմ ձեզ շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ․ Թորոսյանի հրաժեշտը

0
Նախկին նախարարը նորանշանակ նախարարին շնորհավորել է ու պատրաստակամություն հայտնել աջակցելու ուժերի ներածին չափով։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Նոր պաշտոնին անցնելուց առաջ առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը դիմել է առողջապահական ոլորտի ներկայացուցիչներին՝ իր երախտագիտությունը հայտնելով։ Facebook-ի էջում նա հրաժեշտի ու շնորհակալության տեքստ է հրապարակել։

Հատուկ շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական և մասնագիտական նվիրումի համար:

«Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե 3 տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են: Ձեր շնորհիվ վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայքար մղեց համաճարակի դեմ` որակյալ և ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև օպերատիվ կերպով կազմակերպեց ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների բուժօգնություն»,- գրել է Թորոսյանն ու խնդրել նրանց շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ։

Արդեն նախկին նախարարն իր երախտագիտությունն է հայտնել նաև համակարգի ավելի քան 40.000 աշխատակիցներին, «ովքեր օրուգիշեր կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հատկապես մեր երկրի և առողջապահական համակարգի համար նման բարդ ժամանակաշրջանում»։ Թորոսյանը վստահություն է հայտնել, որ նաև այդ նվիրված մասնագետների շնորհիվ մեր երկիրը կհաղթահարի ներկա և ապագա բոլոր մարտահրավերները:

Արսեն Թորոսյանը նաև շնորհավորել է նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հաջողություն մաղթել և պատրաստակամություն հայտնել աջակցելու ուժերի ներածին չափով։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Արսեն Թորոսյանը, որն ավելի վաղ ազատվել էր առողջապահության նախարարի պաշտոնից։ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարն Անահիտ Ավանեսյանն է, որը նախկինում զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

0