ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հարցով Սոչիում ռազմական խորհրդակցությունների շարք կանցկացնի։ Տեղեկությունը հաղորդում է «Ռազմական մեկնաբան» Telegram ալիքը:
Նշվում է, որ կառավարական կապի հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել քաղաքի օդանավակայանում:
«Հիմնական թեմաներից են լինելու Հայաստանում ռուսական ուղղաթիռի հետ կապված միջադեպը և Ղարաբաղի կարգավորումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Sputnik Արմենիան, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել Նախիջևանի կողմից։ Այն ընկել է ՀՀ տարածքում։
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի խոցված ուղղաթիռի կադրեր էր հրապարակել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմանում, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտ գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտկայքում, օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել շարժական զենիթային հրթիռային համալիրից: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական գրոհիչը խոցվել է մարտական գործողողությունների գոտուց դուրս։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ ռուսական Մի-24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։ Զոհվել են անձնակազմի երկու անդամները, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով։
Ադրբեջանական կողմը խոստովանեց, որ պատահաբար է խոցել ռուսական ուղղաթիռը, ներողություն խնդրեց և Ռուսաստանին փոխհատուցում վճարելու պատրաստակամություն հայտնեց։