Կորոնավիրուս, Մոսկվա

Լուռ երկխոսություն վերակենդանացման բաժնում․ COVID-19-ով վարակված հայուհու պատմությունը

2053
(Թարմացված է 11:36 14.05.2020)
Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդանոց տեղափոխված հայուհին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է՝ ինչպես է հիվանդանոցում հայտնվել, արդյոք որևէ բան զգացե՞լ է կոմայի ժամանակ ու ի՞նչ է կատարվել վերակենդանացման բաժանմունքում։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

49-ամյա Նազիկ Դավթյանին Մոսկվայում հիվանդանոց են տեղափոխել մարտի վերջին։ Միգրենի կասկածով հոսպիտալացումից հետո կնոջը արհեստական կոմայի մեջ են գցել։ Նա որոշ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում է անցկացրել։  

Назик Давтян
© Photo : provided by Nazik Davtyan
Նազիկ Դավթյանը

«Վերակենդանացման բաժանմունքում լռություն չկա, այնտեղ անդադար աղմուկ է։ Անընդհատ սարքերի ձայներ են լսվում, ոտնաձայներ են հնչում․բժիշկներն են, նրանք մշտապես հսկում են պացինետների առողջական վիճակը», - պատմում է կինը։

Հիվանդության պատմությունը

Դավթյանը գաղափար չունի՝ որտեղ և ումից կարող էր վարակվել կորոնավիրուսով․հանրային տրանսպորտից չի օգտվել, մարդաշատ վայրեր չի այցելել։ Աշխատանքի ոտքով է գնացել․5-7 րոպեի ճանապարհ է։

Կասկած առաջացրեցին մի քանի օր շարունակ չիջնող ջերմությունն ու գլխացավը։

Թերապևտը զննել է նրան ու ոչ մի արտասովոր բան չի նկատել։ Շտապօգնության բժիշկը նույնպես տարօրինակ ոչ մի բան չի հայտնաբերել ու հակաբիոտիկներ է նշանակել։ Մի քանի օր անց Նազիկը նորից է շտապօգնություն կանչել։ Նա պնդել է,  որ իրեն հիվանդանոց տեղափոխեն ու նյարդաբանական բաժանմունքում պառկեցնեն։ Տարել են, հետազոտել, համակարգչային շերտագրություն են արել։ Հաջորդ օրը նա նորից իրեն վատ է զգացել ու կորցրել է գիտակցությունը։ Հենց այդ ժամանակ էլ բժիշկները նրան կոմայի մեջ են գցել։ Դավթյանը երկու շաբաթ անց է ուշքի եկել։

Գիտակցությունը կորցնելուց հետո կինը սկսել է խռխռացնել ու շնչահեղձ լինել, ինչը կորոնավիրուս ունենալու կասկած է առաջացրել։ Նրան շնչափողի ինտուբացիա են արել ու վերակենդանացման բաժանմունք տեղափոխել։ Covid-19  -ի թեստը դրական է եկել, բժիշկների կանխատեսումները լավատեսություն չեն ներշնչել։

Սակայն Դավթյանը կարողացել է իր մեջ ուժ գտնել ու դուրս գալ կոմայից։ Խոստովանում է, որ իրեն փրկել են երեխաների մասին մտքերն ու բժիշկների ջանքերը։

Ինչպե՞ս կարող է կորոնավիրուսը «բուժել» հայկական կոնյակը. փորձագիտական կարծիք

«Վերակենդանացման բաժանմունքում շատ հիվանդներ կային։ Նրանք վարագույրով էին իրարից բաժանված, ու ես տեսնում էի՝ ինչպես են բժիշկները պայքարում յուրաքանչյուրի կյանքի համար, ու բոլորին չէր, որ հաջողվում էր փրկել», - ասաց Դավթյանը։

Հիվանդանոցային լուռ երկխոսություն

Դավթյանն առանձնահատուկ քնքշությամբ ու երախտագիտությամբ է խոսում Մոսկվայի քաղաքային թիվ 67 Լ. Ա․Վորոխոբովի անվան հիվանդանոցի վերակենդանացման 9-րդ բաժանմունքի աշխատակիցների մասին։

Նրանց համար իսկապես դժվար է, բայց միևնույնն է շատ հոգատար էին։ Կինը հիշում է «հիվանդանոցային երկխոսությունը» բժիշկի հետ, որը նրա թևին կաթետեր էր դնում։

Назик Давтян в стационаре
© Photo : provided by Nazik Davtyan
Նազիկ Դավթյանը վերակենդանացման բաժանմունքում

«Ես նկատեցի, որ շատ գեղեցիկ մոխրագույն աչքեր ունի։ Փորձեցի շնորհակալություն հայտնել` խաչակնքելով, նա ձեռքերը աղոթք անելու դիրքով պահեց ու պատասխան շնորհակալություն հայտնեց ինձ», - պատմում է նա։

Կյանքը «կորոնավիրուսային կոմայից» հետո

Կոմայից դուրս գալուց հետո կինը պարզեց, որ կորցրել է հոտառությունը, ու միայն մեկ շաբաթ անց առաջին անգամ զգաց ախտահանող միջոցների սուր հոտը։ Ի տարբերություն այլ վարակվածների, նա համային ռեցեպտորների հետ կապված խնդիր չուներ, բայց խախտվել էր շարժումների կոորդինացիան։ Դավթյանն ասում է, որ նույնիսկ շիշը չէր կարողանում բացել։

«Սկզբում ինձ թվում էր, որ հեշտությամբ եմ շնչում, իրականում միացված էի թոքերի արհեստական շնչառության սարքին, ու սարքն օգնում էր իմ՝ 75%-ով վնասված թոքերին», - ասաց Դավթյանը։

Այս ամենի հետո փոփոխություններ գրանցվել են նաև կնոջ մտածելակերպում։ Եթե նախկինում նա հավատում էր վարակի գոյությանը, սակայն կարծում էր, որ այն կշրջանցի իրեն, ապա հիմա բոլորին կոչ է անում հնարավորինս զգոն լինել։

Դավթյանը խոստովանում է, որ մինչ այս առանձնապես չի օգտվել կանխարգելիչ միջոցներից, բայց հիմա տանը մանրազնին ախտահանում են առարկաների մակերեսները, դիմակներ են դնում և այլն։ Ի դեպ, նա հասցրել է վարակել դստերն ու մորը, բայց նրանք ոտքի վրա են տարել հիվանդությունը։

Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը

Բարեբախտաբար, որդին խուսափել է վարակից, թեև կինը հենց նրան է ամենաշատը գրկել։

Այժմ Դավթյանը ստացիոնար բուժում է ստանում ու սպասում է Covid-19-ի հերթական թեստին։ Նա հույս ունի, որ պատասխանը բացասական կլինի։

Նազիկ Դավթյանը շատ-շատ է ուզում տուն վերադառնալ, սակայն լրիվ առողջանալուց հետո, որ չվտանգի մտերիմների առողջությունը, որոնց գրեթե երկու ամիս չի տեսել։

2053
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, հայ, Մոսկվա
Ըստ թեմայի
Վարչապետի աշխատակազմի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տեխնիկական տնօրենը կասկածում է, որ կորոնավիրուս է տարել
Կորոնավիրուսն ու ներկրումը. ինչպես կանդրադառնա Covid-19-ը հացի ու հավի գների վրա
Օլգա Բուզովա. արխիվային լուսանկար

Բուզովայի «երկրպագուն» երկու ամսով կալանավորվել է. լուսանկար

16
(Թարմացված է 17:25 25.05.2020)
Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդն այսպիսի գրություն էր թողել․ «Ինձ ձեզնից ոչինչ պետք չէ, միայն ճշմարտությունը»։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Երգչուհի Օլգա Բուզովայի «երկրպագուն», որը սպառնացել էր պայթեցնել Մոսկվայի «Ալֆա–բանկի» բաժանմունքը, երկու ամսով կալանավորվել է: Տեղեկությունը հայտնում է tv360ru տելեգրամ ալիքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երիտասարդ տղամարդը ներխուժել է բանկ և հայտարարել, որ ականապատված է։

Տղամարդն աշխատակիցներից խոշոր գումար էր պահանջել ու բանկի մասնաճյուղում գրություն թողել․

«Ինձ ձեզնից ոչինչ պետք չէ, միայն ճշմարտությունը»։

Բացի այդ, նա պահանջել էր բանկ բերել Օլգա Բուզովային։ Հանցագործի խոսքով՝ նա ուզում էր զրուցել երգչուհու հետ, քանի որ վերջինս նրանից «ինչ-որ բան է գողացել»։

Հիշեցնենք` բանկ ներխուժած տղամարդը պատանդ էր վերցրել բանկի աշխատակիցներից մեկին, ժամանել էին հատուկ ջոկատայիններ և դիպուկահարներ ու վնասազերծել չարագործին։ 

Տղամարդու մոտ պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել։ Նախնական տվյալներով՝ նրա մոտ մուլյաժ՝ կեղծ զենք էր եղել։

Մոսկվայում սննդի առաքիչի պայուսակով երիտասարդը հարձակվել է բանկի վրա և պատանդներ վերցրել

16
թեգերը:
կալանավորել, տղամարդ, Բանկ, Մոսկվա, Օլգա Բուզովա
Ըստ թեմայի
«Գժվե՞լ ես, ինչ է». Բորոդինան Բուզովային խորհուրդ է տվել զգուշանալ հայ տղաներից
«Տղամարդու խոսք եմ տվել, պիտի անեմ»․Դավա Մանուկյանը Բուզովային հավերժացրել է մաշկի վրա
«Ձեզ դուր չի գալիս, մի նայեք»․ Դավիթ Մանուկյանը քննադատություններից պաշտպանել է Բուզովային
Ալեքսանդր Լուկաշենկո

Լուկաշենկոն կոչ է արել չթուլանալ և պատրաստ լինել համավարակի բռնկման երկրորդ ալիքին

31
(Թարմացված է 15:47 25.05.2020)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է երկրում կորոնավիրուսի հետ կապված ներկայիս իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարերել է Բելառուսում համաճարակաբանական իրավիճակի աստիճանական բարելավման մասին, բայց միևնույն ժամանակ, կոչ է արել չթուլանալ, եթե COVID-19–ի երկրորդ ալիք բռնկվի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։

Նշվում է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քննարկվել է այսօր Բելառուսի արդիական սոցիալ–տնտեսական և քաղաքական հարցերին առնչվող խորհրդակցության ժամանակ։

Նախագահի խոսքով` Մինսկում բժիշկները վստահեցնում են, որ հիվանդության առումով կայունություն է նկատվում։

«Ես, իհարկե, իմ սնահավատությունից ելնելով, այդքան լավատես չեմ»,– խոստովանել է նա։

Միևնույն ժամանակ, Բելառուսի մայրաքաղաքի մի շարք առողջապահական հաստատություններ, այդ թվում` օնկոլոգիական և գինեկոլոգիական պրոֆիլի, արդեն իսկ նախատեսում են վերադառնալ աշխատանքային սովորական ռեժիմի։

«Իսկ «բատկան» տրակտորով ու օղիով է բուժում»․ Լուկաշենկոն նախատել է «լեզվին տվող» ռուսներին

Իրավիճակի կայունացում է նկատվում նաև Մինսկի մարզում, վատ չէ իրավիճակը նաև Մոգիլևշինայում։

«Եթե այդպես է, ապա մեզ կմնա միայն Բրեստսկի և Գոմելսկի մարզերը, որոնք մենք պետք է վերահսկենք»,– ասել է երկրի ղեկավարը։

Լուկաշենկոյի խոսքով` նա ամեն օր առավոտյան և երեկոյան հետաքրքրվում է  կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով։ Ինչպես նշել է բելառուսի նախագահը, հիվանդանոցներում բավարար թվով մահճակալներ կան COVID-19–ով հիվանդ պացիենտներին ընդունելու համար, ծանր վիճակում գտնվողների թիվը նվազել է։

«Կարծես թե, վիրուսն արդեն թուլացել է, նրա վարակունակությունն արդեն այն չէ։ Տա աստված, որ այն վերանա։ Բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է մտքում պահենք երկրորդ ալիքը։ Ոչ ոք չի ապացուցել, որ այն լինելու է, սակայն մենք պետք է պատրաստվենք դրան։ Եվ ոչ ոք չգիտի, երբ այն կլինի։ Եթե ձմռանն ու աշնանը, ապա տա աստված, որ մենք կարողանանք լրջորեն դրան նախապատրաստվել»,– հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի առողջապահության նախարարության կիրակի օրվա տվյալներով` հանրապետությունում կորոնավիրուսի ավելի քան 36 հազար դեպք է գրանցվել։

31
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, Ալեքսանդր Լուկաշենկո, Բելառուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 452-ով և դարձել 7113
ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել
 Նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալ

Վերանորոգված և նոր կահավորված հիվանդասենյակներ. նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալ

0
Դավիթ Տոնոյանը շրջել է հիվանդասենյակներում, տեսակցել վիրավոր զինծառայողներին, քննարկել զինված ուժերում COVID-19-ի դեմ տարվող պայքարը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Դավիթ Տոնոյանը մասնակցել է հոսպիտալի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված բաժանմունքների բացման արարողությանը։

Министр обороны Давид Тоноян посетил центральный клинический военный госпиталь (25 мая 2020). Еревaн
Նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալ

Բուժհաստատության վնասվածքաբանական, ուրոլոգիական և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքների հարկերը առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին այսուհետև կընդունեն նոր պայմաններում, կսպասարկեն նոր կահավորված հիվանդասենյակներում ու վիրակապարաններում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է վերաբացված բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեղադրված նոր սարքավորումներին ու օդափոխության համակարգերին։

Պաշտպանության նախարարի անմիջական հսկողությամբ իրականացված վերանորոգումն ու վերազինումը կատարվել է մեկ փուլով, ինչը հնարավորություն է տվել առանց ժամանակ կորցնելու անցնել բուժսպասարկման։

Տոնոյանի հրամանով՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի երեք բաժանմունքներ անվանակոչվել են բուժծառայության նվիրյալների անուններով. վիրաբուժական բաժանմունքն այսուհետ կրելու է բ/ծ մայոր Սերգեյ Հարությունյանի, նյարդավիրաբուժական բաժանմունքը՝ բ/ծ կապիտան Կարո Հեբոյանի, անզգայացման բաժանմունքը` բ/ծ լեյտենանտ Տիգրան Հովեսյանի անունները։ Բուժծառայության հիշյալ սպաները զոհվել էին առաջադրանք կատարելիս, 2000 թվականի հունվարի 19-ին՝ ուղղաթիռի վթարից։

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեսակցել է վիրավոր զինծառայողներին, այնուհետև հոսպիտալում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ռազմաբժշկական ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է զինված ուժերում COVID-19-ի դեմ տարվող պայքարին, զորքերում իրականացվող հակահամավարակային միջոցառումներին և առաջիկա ծրագրերին։ Քննարկվել են նաև ռազմաբժշկական ծառայության ապահովմանը և ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։

0
թեգերը:
զինծառայող, հոսպիտալ, Դավիթ Տոնոյան