Մարիա Զախարովա

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի շփումները. Զախարովա

93
Ռուսաստանի արտգործնախարարությունը կողմ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շփվեն։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Ռուսաստանը ողջունում է Երևանի և Բաքվի կառուցողական շփումները։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին, թե ինչ խաղաղության նախապատրաստվելու մասին է խոսքը, եթե Ադրբեջանը հայտարարում է, որ «պատերազմի պատճառով» զինվում է ժամանակակից սպառազինությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում հունվարի 16-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ։ Արտգործնախարարների հանդիպումից հետո երկու երկրների ժողովուրդներին և հասարակություններին խաղաղության նախապատրաստելու հայտարարությունը հայ հասարակության մեջ տարատեսակ խոսակցություններ է ծնել, քանի որ պարզ չեն դրա իրականացման մեխանիզմները։

«Այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է... Մենք մեր միջնորդի գործառույթը բարեխղճորեն ենք իրականացնում, և ինձ թվում է` նաև որակով։ Ողջունում ենք այն քաղաքական շփումները, որոնք կայացել են վերջին շրջանում Երևանի և Բաքվի միջև տարբեր մակարդակներով», – ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանում լսել են այն կառուցողական գնահատականները, որոնք հնչել են այդ կապակցությամբ երկու մայրաքաղաքներից։

«Կարծում ենք, որ սա առաջ շարժվելու ճիշտ ճանապարհ է», – նշել է Զախարովան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հայտարարել էր, որ հիմա իշխանությունը բանակը սպառազինում է ամենաժամանակակից զենքով, «քանի որ մենք պատերազմի պայմաններում ենք գտնվում, մեր հողերը բռնազավթված են»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Դավոսում հունվարի 22-ին։ Ինչպես ավելի ուշ պատմեց Փաշինյանը, քննարկվել է բանակցային գործընթացի պատմությունը, կարգավորման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը, առկա խոչընդոտները և այլն։ Միևնույն ժամանակ որևէ կոնկրետություն չի եղել, մանրամասներ չեն քննարկվել։

93
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալիխանյան.«Փաշինյանը վստահ է, նա մի փոքր ավելի հանգիստ է նստած, քան Ալիևը. ժեստերի լեզուն»
Ո՞ւմ հետ էր հեռախոսով խոսում Փաշինյանը Ալիևի հետ հանդիպումից առաջ. «Փաստ»
Փաշինյանը չցանկացավ պատմել Ալիևի հետ զրույցի մանրամասները
«Էս ո՞ւր ենք հասել` Փաշինյանը հղում է անում Ալիևին». Շարմազանով
Ալիևի «խաթեր համար». ինչո՞վ զարմացրեց Նիկոլ Փաշինյանը