Ոստիկան

Սարսափելի սպանության բացահայտումը սխալ ընթացք է ունեցել. սոցցանցը կեղծ հետքի վրա է գցել

110
Դմիտրի Նեստերովին տարել են քննչական բաժին և հարցաքննել Մոսկվայում տեղի ունեցած կրկնակի սպանության գործի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի Վլադիմիրի շրջանի բնակիչ Դմիտրի Նեստերովին սխալմամբ մարդասպան են «դարձրել»։ Այս մասին գրում է «360»–ը։

Նոյեմբերի 7–ին Մոսկվայում դաժանաբար սպանել են մի կնոջ և նրա 12 տարեկան որդուն։ Սպանվածների մարմինները գտել են Սոֆյա Կովալևսկայայի փողոցում։ Կնոջ և երեխայի մարմինների վրա հայտնաբերել են դանակի հարվածի բազմաթիվ հետքեր, տղայի գլուխը փաթաթված է եղել կպչուն ժապավենով։

Նեստերովին տարել են Քննչական կոմիտե այդ դաժան սպանությունը հետաքննելու շրջանակում։ Մամուլում իսկույն տարածել են նրա լուսանկարները և գլխավոր կասկածյալ անվանել։ Պարզվել է` տղամարդն ալիբի ունի, և նրան ազատ են արձակել։

Պարբերականին տված հարցազրույցում Նեստերովը պատմել է, որ ծանոթ չի եղել սպանված Եկատերինա Սմիրնովայի և նրա որդու` Ալեքսանդրի հետ, բայց «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում նրանք ընդհանուր ընկերներ ունեն։ Տղամարդու կարծիքով` իրավապահ մարմինների աշխատակիցները հենց այդ սոցցանցով են գտել իրեն։

«Սպանվածի մայրն ասել է` «սպանել է Դիման»։ Նրանք «Օդնոկլասնիկիով» տեսել են, որ ես սպանությունից մեկ օր առաջ մտել եմ նրա էջ, և մենք ընդհանուր ծանոթներ ունենք», – պատմել է Նեստերովը։

ԶԼՄ–ները տարածել են նրա լուսանկարն իր ծանոթ կնոջ հետ` սխալմամբ համարելով, որ այդ կինը զոհն է։ Այնինչ նա որևէ կապ չունի այդ հանցագործության հետ։

Նշենք, որ ավելի ուշ կրկնակի սպանություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է կրկնահանցագործ Դմիտրի Բարիգինը։ Այժմ նա Քննչական կոմիտեում է։

Այժմ Նեստերովը միայն մի բան է ուզում, որ այդ թյուրիմացությունը հետագայում չազդի իր կյանքի վրա։

110
թեգերը:
Ռուսաստան