ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բեռլինյան բանակցությունները երկար էին և հանգամանալից, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երկու երկրների առաջնորդները երկարատև առանձնազրույց են ունեցել։ Հեռուստաընկերություններն արդեն ցույց են տվել կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են նրանք առանց թարգմանչի օգնության զրուցում նստավայրի այգում գտնվող տաղավարում։
«Բավականին հանգամանալից զրույց է եղել այն թեմաներով, որոնք ընդհանուր առմամբ նշված էին նախագահի և կանցլերի հայտարարության մեջ (հանդիպումից առաջ — խմբ.)», — հանդիպումից հետո ասել է Պեսկովը։
Հանդիպումից առաջ Պուտինն ու Մերկելը լրագրողներին հայտնել էին բանակցությունների թեմաները, որոնց շարքում էին Ուկրաինայում տիրող իրավիճակը, սիրիական կարգավորումը, Իրանի միջուկային ծրագիրը, երկու երկրների մասնակցությամբ տնտեսական խոշոր նախագծերը, այդ թվում «Հյուսիսային հոսք 2» գազատարը։
Պեսկովն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակ չեն ունեցել։ Նրա խոսքով` բավականին օգտակար «ճիշտ ժամանակին կայացած հանդիպում էր ծրագրերը համաձայնեցնելու համար», որի ժամանակ մի շարք արդիական հարցեր են քննարկվել։
Մերկելը բանակցություններից առաջ խոստացել էր Պուտինի հետ քննարկել միջուկային գործարքը, որից որոշել էր դուրս գալ ԱՄՆ-ն։ Մերկելը հաստատել է Գերմանիայի` Իրանի հետ նախկինում ձեռք բերած պայմանավորվածություններին հավատարիմ մնալու մտադրությունը։ Պուտինը համաձայնել էր նրա հետ։
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով` առաջնորդները նաև մանրակրկիտ քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Պուտինը, նրա խոսքով, շեշտը դրել է փախստականների վերադարձի գործընթացի վրա։
Բանակցություններից առաջ Պուտինն ասել էր` Եվրոպային ձեռնտու է, որ Սիրիայի փախստականները հայրենիք վերադառնան, ինչի համար պետք է տարրական կենցաղային պայմաններ ստեղծել։
Մերկելն իր հերթին ասել էր, որ սիրիացիներին նախևառաջ ընտրություններ և սահմանադրական բարեփոխումներ են անհրաժեշտ։ Նրան նաև մտահոգում է ապստամբների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ գավառում հավանական մարդասիրական ճգնաժամը։
Առաջնորդները խոսել են նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարի մասին։ Մերկելը նշել է, որ Ուկրաինան պետք է պահպանի տարանցում ապահովողի դերը նույնիսկ գազատարի շինարարության ավարտից հետո։
Պուտինը վստահեցրել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը Ռուսաստանի համար բացառապես տնտեսական նախագիծ է։
«Ուզում եմ նշել` կարևորը, ուկրաինական այդ տարանցումը, որը մեզ համար ավանդական է, համապատասխանի տնտեսական պահանջներին, տնտեսական լինի բոլոր առումներով», — ասել է նա։
Ավելի վաղ Մերկելը պնդում էր, որ նախագիծը կարելի է իրականացնել միայն Ուկրաինայի միջով ռուսական գազի տարանցումը շարունակելու դեպքում։ Այդ մասին նա հայտնել է նաև Մեզեբերգ նստավայրում բանակցություններից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ «Հյուսիսային հոսք 2»-ին դեմ է ԱՄՆ-ն։ Պեսկովն ասել է, որ նախագծին մասնակցող ընկերությունների նկատմամբ ամերիկյան հավանական պատժամիջոցների սպառնալիքը շաբաթ օրը չի քննարկվել։
Ըստ Պեսկովի` զրույցի թեմաներից մեկը եղել է նաև «որոշ պետությունների» սակագնային քաղաքականությունը։ «Այն բնութագրվել էր որպես անկանխատեսելի, ինչը կարող է վնաս հասցնել միջազգային առևտրին»,- ասել է մամուլի քարտուղարը։
Պուտինի և Մերկելի բանակցությունները կայացել են երեկ երեկոյան ԳԴՀ կառավարության Մեզեբերգի նստավայրում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։
Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տարբեր միջազգային կառույցների կողմից։
«Հավանաբար տեղյակ եք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։
Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։
«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբեջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։
Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահ քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:
Նշենք, որ այսօր լրանում է Միշուստինի 55-ամյակը։
Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


