Մարիա Զախարովա

Ռուսաստանը հորդորում է կայունացնել իրադրությունը ԼՂ շփման գծում

87
(Թարմացված է 12:35 06.07.2017)
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հուլիսի 4-ին արցախա–ադրբեջանական շփման գծում լարվածության սրացմանը։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շփման գծում իրադրության կայունացման համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«Հուլիսի 4-ին շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքը հանգեցրել է մարդկային կորուստների, այդ թվում և խաղաղ բնակչության ու երեխաների շրջանում: Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների մտերիմներին և հարազատներին: Մենք անընդունելի ենք համարում հետագա արյունահեղությունը, և կոչ ենք անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրադրության կայունացման համար»,- ասել է Զախարովան:

Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում ընդգծվում է բռնության դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին:

ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհի և մեկ վիրավորի մասին:

87
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (10)
Ըստ թեմայի
Ադրբեջանի սադրանքից հետո առկա իրավիճակը ներկայացվել է ՄԽ համանախագահներին
Ադրբեջանում զոհված երեխայի մասին. «Թշնամի երեխա չի լինում, առավել ևս... երկու տարեկան»
Արցախի ՊԲ–ի զինվորներ չեն վիրավորվել. ադրբեջանական ԶԼՄ–ների հերթական սուտը