Անգելինա Պապիկյան

Անգելինա Պապիկյանը լքեց «Ты супер!» նախագիծը, փոխարենը գտավ հարազատ մարդու

438
(Թարմացված է 01:15 09.04.2017)
Գյումրիից Անգելինա Պապիկյանը լքեց «Ты супер!» նախագիծը՝ չանցնելով առաջին փուլը:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի «Ты супер!» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող պատանի երգչուհի Անգելինա Պապիկյանը լքեց նախագիծը:

Հիանալի ելույթ ունենալով նախընտրական փուլում «Դլե Յաման» երգով, այս անգամ աղջիկը չկարողացավ զսպել հուզմունքը: Անգելինան երգեց ռուսերեն, շատ էր հուզվում և չկարողանալով զսպել հույզերը, լաց եղավ, ինչը, սակայն, չփրկեց նրան ժյուրիի խիստ գնահատականից՝ անհավանական գեղեցկուհուն, ինչպես նրան կոչում են ժյուրիի բոլոր անդամները, շանս չթողնելով հետագա պայքարի համար:

«Այնքան հիացած էի առաջին փուլում, իսկ հիմա գուցե հուզմունքից, գուցե ռուսերենն է դեռ կաղում, բայց չստացվեց»,- ասաց Ստաս Պիեխան՝ ավելացնելով, որ Անգելինան, միևնույնն է, ցույց տվեց, որ բեմն իր ապագան է, չէ՞ որ արդեն ապացուցել է, որ «կախարդանքը եղել է»:

«Ամբողջ հոգով քվեարկած» Դրոբիշը սեղմեց կանաչ կոճակը, սակայն խիստ արտահայտվեց:

«Դաժան կլինեմ, բայց լացելու տեղիք տվեց: Առաջին ելույթից հետո դու ֆավորիտներից մեկն էիր, բայց գուցե առաջին փուլն անցնելու համարձակությունը իր չար դերը խաղաց: Այդպես ստացվեց»,- ակնհայտ սրտնեղած ասաց Վիկտոր Դրոբիշը:

«Անգելինա, դու զարմանալի ես, կախարդական, անչափ գեղեցիկ: Գործընկերներս կհամաձայնեն ինձ հետ, մենք տեսնում ենք քեզ երաժշտության մեջ: Դու շատ կաշխատես քեզ վրա: Մենք քեզ շատ ենք սիրում: Այս ձախողումը չպետք է ընկճի քեզ»,- ասաց Յոլկան, որը նույնպես ակնհայտ մտահոգված էր Անգելինա Պապիկյանի անհաջող ելույթով:

Իսկ հետնաբեմում Անգելինային անակնկալ էր սպասում: Առաջին եթերի ժամանակ ՆՏՎ ստուդիա մի կին զանգահարեց՝ Անգելինայի հորաքույրը (hայրը տասը տարի առաջ մահացել է ավտովթարից): Աիդա հորաքույրը չգիտեր, որ Անգելինան գիշերօթիկ հաստատությունում է ապրում, մայրիկից հեռու: Առանց արցունքի չանցավ զրույցը…

Դե ինչ, այժմ ամբողջ հույսը Սաբինա Մանվելյանն է, քանի որ Հայաստանը մրցույթին երկու մասնակից է ներկայացնում:

«Ты супер!» նախագիծը ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որը հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին՝ հայտնել իրենց մասին։ Մրցույթի 92 մասնակիցները Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովային, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Կորեայից են։

Русская версия

438