Դպրոց

Արսեն Գրիգորյանը հաղթել է Ալթայի «Տարվա ուսուցիչ» մրցույթում

23
Ալթայում անցկացվող «Տարվա ուսուցիչ» մրցույթում առաջին անգամ հայ է հաղթել։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Բարնաուլի 42-րդ վարժարանի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչն այս տարվա լավագույն ուսուցիչն է ճանաչվել։ Այս մասին հայտնում է «Մեր նորությունները» կայքը։

Արսեն Գրիգորյանը Ռուսաստան է տեղափոխվել 24 տարի առաջ։ Տետրեր ստուգելու մասին երազել է մանկուց։ Ծնվել է ուսուցիչների ընտանիքում։ Մայրը տարրական դասարանների ուսուցչուհի է եղել, հայրը` քիմիայի ուսուցիչ։ Արցախյան հակամարտության պատճառով ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել Ռուսաստան։

«Ռուսաստան եկանք, երբ ես 5-րդ դասարանում էի, սիրում էի ռուսերենը, բայց ուսուցչիս հետ հարաբերությունները չէին ստացվում, հետո ուսուցիչը փոխվեց։ Մեզ սկսեց ռուսերեն դասավանդել Դուդկինան, և հենց նրան ես կարող եմ «շնորհակալություն» ասել»,- պատմել է Արսեն Գրիգորյանը։

Արսենը սիրահարված է իր մասնագիտությանը։ Արդեն 12 տարի է` դասավանդում է Բարնաուլի վարժարանում։

«Ուսանող էր, երբ մեզ մոտ եկավ։ Եկավ ու ասաց` ձեզ մոտ եմ ուզում աշխատել։ Նայեցի երիտասարդին ու հարցրի` երկար ժամանակո՞վ եք եկել։ Նա էլ տխուր նայեց ինձ ու ասաց` երևի ընդմիշտ»,- պատմել է վարժարանի տնօրեն Հենրիետտա Տատարնիկովան։

Արսեն Գրիգորյանը չորս տարի առաջ առաջին անգամ որոշեց մասնակցել «Տարվա ուսուցիչ» մրցույթին։ Չհաղթեց, բայց չհանձնվեց։ Իր վարպետության դասերով շրջեց ամբողջ երկրամասում, դարձավ մարզային փուլի հանձնաժողովի անդամ և հասավ իր նպատակին։ Այժմ նա պետք է մասնակցի դաշնային մրցույթին։ Ավանդության համաձայն` մրցույթն անցկացվում է ուսուցչի տոնի նախօրեին։ Արսեն Գրիգորյանը պատրաստվում է հաղթել ու արժանանալ մրցույթի գլխավոր մրցանակին։

Русская версия

23