ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. ՌԴ քաղաքացիների 65 տոկոսը ցանկանում է Մարտի 8-ը նշել արտասահմանում։ Այդ մասին վկայում են տոմսերի ամրագրում ու վաճառք ապահովող skyscanner ծառայության ներկայացրած տվյալները։
Հայաստանը ռուսաստանցիների նախընտրած երկրների ցանկում է։
Նրանք մարտի 8-ին նախընտրում են մեկնել նաև Իտալիա, Գերմանիա, Չեխիա, Վրաստան և Թուրքիա։
Ծառայությունը նշում է, որ Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ հետաքրքրությունը հետզհետե ավելի է մեծանում։
Ռուսաստանցիները Հայաստանում էին նախընտրել անցկացնել նաև Հայրենիքի պաշտպանի օրը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում քննիչները պարզում են ռուսների, հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Իրավապահներն արդեն հետախուզում են հայտարարել 22-ամյա երիտասարդին դանակահարած և նրա 31-ամյա ընկերոջը վնասվածք հասցրած տղամարդու նկատմամբ: Ինչպես հաղորդում է տեղական «Ռեգիոն Online» կայքը, Բելորեչենսկում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքի բնակիչները ծեծկռտուքը կապում են մասնակիցների ազգության հետ:
Նշվում է, որ միջադեպի ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածել է 22-ամյա երիտասարդի կրծքին և վնասվածքներ հասցրել նրա 31-ամյա ընկերոջ որովայնին: Չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Սպանվածի և վիրավորի ինքնությունը չի նշվում։
Քննիչները պաշտոնապես չեն հայտարարել ազգամիջյան թշնամանքի հավանականության մասին։ Իսկ Բելորեչենսկի շրջանում Ռուսաստանի հայերի միության բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանը հայտարարել է, որ ազգամիջյան բախման նշաններ չկան։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
Միաժամանակ Բելորեչենսկի շրջանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Աֆղանօղլի Ալազովը կայքին ասել է` ինքն ամաչում է, որ իր ազգի ներկայացուցիչներն այդպես են վարվել։
«Նման բան չպետք է լիներ։ Նա խայտառակել է ազգին, ես ներողություն եմ խնդրում նրա փոխարեն», – նշել է Ալազովը։
Նրա ասածից կարելի է ենթադրել, որ հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործը ծնունդով Ադրբեջանից է։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռազմական «Իսկանդերը» Փաշինյանի հայտարարության հետևանքով դարձավ քաղաքական «Իսկանդեր» հայ–ռուսական հարաբերություններում։ Այսօր ԱԺ խմբակցությունների հայտարարությունների ժամին խորհրդարանական ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններին։
«Մենք չգիտես, թե ինչպես ենք պատասխանում մեր ռազմավարական գործընկերոջ հարցադրումներին։ Ինչո՞ւ չենք պատասխանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն ամեն օր ձեռք առնելով ինչ–որ բաներ է ասում, ու Հայաստանից որևէ պատասխան չկա։ Ես կարծում եմ, որ եթե «Իսկանդերի» մասին ՀՀ բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է կատարում, և սա թյուրիմացություններ է առաջացնում, սա նշանակում է` հայ–ռուսական հարաբերությունների մեջ նոր սեպ ենք փորձում խրել»,– ասաց Մելքումյանը։
Որպես ԱԺ պատգամավոր` նա իշխանություններից պահանջեց բացահայտել, թե ով է վարչապետին մատուցել այդ տեղեկատվությունը, ով է նրան թյուրիմացության մեջ գցել։
Ինչ վերաբերում է Մելքումյանի հիշատակած «տնտեսական Իսկանդերին», դրա հետևանքն, ըստ նրա, արտահայտվում է նրանով, որ Հայաստանի պոտենցիալ ներդրումները հոսում են ՀՀ ռազմավարական գործընկեր երկիր։ Արդյունքում` 2020թ–ին 2019-ի համեմատ Հայաստանում ներդրումների ծավալը 11 անգամ կրճատվել է։
«Փոխանակ դու ռազմավարական գործընկերոջդ հետ ձևավորես նորմալ հարաբերություններ, ներդրումները հոսում են այնտեղ։ Եվ մենք տեսնում ենք, որ ոչ միայն 2020թ–ին, այլև հունվար ամսին երկնիշ թվերով անկում ունենք արտահանման, ներկրման, արտաքին առևտրաշրջանառության և բոլոր տնտեսական ցուցանիշներով։ Սա նշանակում է` պետական կառավարման համակարգը չի գործում»,– ասաց Մելքումյանը։
Նույն խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ, շարունակելով գործընկերոջ միտքը, հայտնեց, որ հայ–ռուսական բարեկամությունը խաթարելու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են անհաջողության։
«Եվ վերջում. Ստեփանակերտից մինչև Բաքվի բռնապետի նստավայր 247 կմ է։ Ռուսական արտադրության բարձրակարգ «Իսկանդերն» այն անցնում է 2 րոպե 10 վայրկյանում։ Սա` ի դեպ»,– ասաց Էնֆիաջյանը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։
Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։
«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։
Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։
Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։
«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։



