ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկում է Ռուսաստանի բյուջեի հաշվին ռուսական բուհերում ուսանելու հայտերի ամենօրյա ընդունումը։ Այս տարի մրցութային ընտրությունը փուլային կլինի` Հայաստանի կրթության նախարարության հետ փոխգործակցությամբ։
«Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող դիմորդները, բակալավրերը, մագիստրանտները, ասպիրանտները կամ Հայաստանում բնակվող ռուս հայրենակիցները», — Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը։
Նրա խոսքով` ծրագրի մասնակիցները պետք է ներկայացնեն մի շարք փաստաթղթեր. դիմորդների դեպքում` ատեստատ, ասպիրանտների դեպքում` հրապարակված գիտական աշխատություններ և տարբեր համաժողովների մասնակցության հավաստագրեր։

Կալինինը նշեց, որ որքան բարձր լինի արդյունքը և մեծ ակտիվությունը, այնքան մեծ կլինի Ռուսաստանի առաջատար բուհի ուսանող դառնալու հնարավորությունը։
Ընտրական փուլի ընթացքում մասնակիցները կհանձնեն ռուսաց լեզվի և մասնագիտական քննություններ։ Թեկնածուներին կընտրեն մեկուկես ամսվա ընթացքում։ Մրցույթի արդյունքների ամփոփումը նախատեսված է մարտի 1-3-ին «Կրթություն 21 դար» ցուցահանդեսի շրջանակում։
«Այս տարի մենք ունենք 187 տեղ։ Դա ավելի քիչ է, քան անցած տարի, սակայն դրանք երաշխավորված տեղեր են։ Քվոտաները կարող են ավելանալ այն դեպքում, եթե մրցութային ընտրության ժամանակ մենք լավ թեկնածուներ ունենանք», — ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը։
Այս տարվա մրցույթն անցկացվում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության հետ համատեղ և ուղղված է մասնագետների պահանջարկի բավարարմանը։ Այսպես, կրթության նախարարության պահանջով այս տարի նախապատվությունը տրվում է բնական գիտություններին` հաշվի առնելով այն, որ Հայաստանը տեխնոկրատների կարիք ունի։ Բուհերում ընդունելությունը կանցկացվի հիմնականում ֆիզիկա, մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիա և այլ ուղղություններով։

Հայաստանի կրթության և գիտության նախարարի խորհրդական Նունե Վարդանյանը նշեց, որ Հայաստանը կսպասի իր քաղաքացիներին և, երբ նրանք 4-6 տարի անց վերադառնան, պետությունը նրանց կապահովի աշխատանքով` վստահ լինելով, որ Ռուսաստանում ուսանած երիտասարդներն իրենց գիտելիքները կներդնեն երկրի տնտեսությունում։
«Մենք Հայաստանի պաշտպանության նախարարության հետ բանակցություններ ենք վարում զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ստանալու համար։ Այդ հարցը կներկայացվի կառավարությանը», — ասաց Վարդանյանը։
Ռուսաստանում կրթություն ստանալու ծրագիրը գործում է շուրջ 10 տարի, ամեն տարի Հայաստանի համար հատկացվում են 200 տեղեր։
Վերջին շրջանում արտասահմանցի ուսանողների մոտ մեծացել է Հայաստանի մշակույթի և հայոց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը։ Հայաստանյան բուհեր ընդունվող օտարերկրացի ուսանողների թիվը տարեկան հասնում է 2000-ի, որոնց մի մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, իսկ մոտավորապես 400-ը` սփյուռքահայեր։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։
Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տարբեր միջազգային կառույցների կողմից։
«Հավանաբար տեղյակ եք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։
Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։
«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբեջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։
Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահ քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:
Նշենք, որ այսօր լրանում է Միշուստինի 55-ամյակը։
Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։
«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։
Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։



