Վիկտոր Կոնոպլյով

Ռուսաստանը ճանաչե՞լ է Հայոց ցեղասպանությունը։ Հետգրություն...

34
(Թարմացված է 13:21 22.10.2016)
«Նաշա սրեդա» կայքի գլխավոր խմբագիր Վիկտոր Կոնոպլյովն իր հոդվածներում բազմաթիվ անգամ է անդրադարձել Հայոց ցեղասպանության թեմային։ Այս անգամ էլ գրում է այն մասին, թե ինչու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Ռուսաստանում ավելի շատ իրավաբանական բնույթ կրում և ոչ թե իրական։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Գրող, հրապարակախոս Վիկտոր Կոնոպլյովը «Նաշա սրեդա» կայքում գրել է. «Այսօրվա հոդվածիս թեման ինձ հուշեցին սոցցանցերի գրառումներն ու մեկնաբանությունները, որոնց հեղինակները հիշեցնում են իմ նախկին հոդվածները («Արդյոք Ռուսաստանը ճանաչե՞լ է Հայոց ցեղասպանությունը» և «Արդյոք Ռուսաստանը ճանաչե՞լ է Հայոց ցեղասպանությունը. Դեժավյու»):

Ցավոք, հեղինակները ոչ միշտ են ճիշտ հասկանում իմ գրածները՝ կարծելով, որ ես ժխտում եմ Ռուսաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Այդպես չէ։ Կարծում եմ, որ պետք է առանձնացնել այս գործընթացի իրավաբանական և բարոյական ասպեկտները։ Խոսքը հենց գործընթացի մասին է, հենց գործընթացի, որը հաջորդական գործողությունների մի ամբողջություն է՝ ուղղված որոշակի արդյունքի նվաճմանը։

Ռուսաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրավաբանական փաստն արձանագրվել է 1995 թվականի ապրիլի 14-ին, երբ ՌԴ Պետդուման միաձայն ճանաչեց «1915-1920 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարությունը։

Թվում էր, թե այս իրադարձությունը պետք է տրամաբանական շարունակություն ունենա՝ օրենսդրորեն ամրապնդվի ցեղասպանության ժխտման արգելքը, հայերի զանգվածային ոչնչացման մասին բնակչությունն իրազեկվի պետական ԶԼՄ-ների միջոցով, համապատասխան թեմաներ ավելանան պատմության դասագրքերում։

Ինչպես տեսնում ենք, նման գործընթաց չկա: Ու ակնհայտ է, որ XX դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի բնակչության իրազեկումը գրեթե զրոյական է։ Թուրքամետ ԶԼՄ-ների և առանձին անձանց ու կազմակերպությունների դեստրուկտիվ գործունեության շնորհիվ անընդհատ արձանագրվում են ոչ միայն ժխտման փաստեր, այլև քաղաքացիների իրազեկումը խոչընդոտող դեպքեր։ Որպես օրինակ՝ մի դեպք պատմեմ, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Նիժնի Նովգորոդում։
Իր բազմազգությամբ հպարտացող քաղաքում գիտաժողով էր անցկացվում ազգամիջյան համաձայնության մասին, որի արդյունքում նախատեսվում էր զեկույցների ժողովածու հրատարակել։ Սակայն Նիժնի Նովգորոդում ապրող ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչները այնքան պնդեցին, որ հայկական համայնքի զեկույցից հանվեն Հայոց ցեղասպանության մասին տողերը, որ մեծ սկանդալ բարձրացավ ու արդյունքում ժողովածուն ընդհանրապես չհրատարակել։

Չեմ խոսում այն մասին, որ ադրբեջանական կազմակերպության ղեկավարները պարբերաբար հանդես են գալիս հայերի դեմ ուղղված այլատյաց հայտարարություններով և հոդվածներով։ Նման բան չէր լինի, եթե ժխտողներն իմանային, որ իրենց գործողություններն անպատիժ չեն մնա։ Եվ եթե նրանք ապրում են մի երկրում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, ապա դա չպետք է կասկածի ենթարկեն հրապարակավ։
Եվ այդ ժխտումը որևէ կերպ չի վերաբերում խոսքի ազատությանը։ Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է օրենքի խախտում համարվի։

Պետությունն ինչպես իր ջանքերն ուղղում է պատմական հիշողության պահպանմանը, այնպես էլ պարտավոր է ուշադրություն դարձնել Ռուսաստանի պատմության հետ սերտորեն կապված հատվածին։ Հիշեցնեմ, որ հենց Ռուսաստանի նախաձեռնությամբ էր, որ եվրոպական գերտերությունները դեռևս 1915 թվականին Թուրքական կայսրության գործողությունները որակեցին «ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն»։

Ռուսաստանում ասում են՝ «ա»-ն ասել ես, ուրեմն «բ»-ն էլ ասա։ Այս արտահայտությունը նշանակում է, որ եթե մի բանի մասին արդեն խոսվել է, ուրեմն պետք է շարունակել այնքան, մինչև ոչ մի հարց այլևս չմնա։ Ցանկացած գործընթաց պետք է ավարտին հասցնել։ Այս տեսակետից Ռուսաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դեռ չի ավարտվել…»:

34