ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի-Sputnik. Այս կամ այն պետության կառուցողական դերը կարող է միայն ողջունվել, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու այն խոսքերը, որ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը կօգնի տարածաշրջանային հակամարտության լուծմանը։
«Լեռնային Ղարաբաղի հետ կապված գոյություն ունեն համապատասխան ձևաչափեր` ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր ուղիղ երկխոսությունը, բարձր մակարդակի հանդիպումները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Անկեղծ ասած` մենք կարծում ենք, որ դա բավարար է, և դա գործող մեխանիզմ է։ Այս կամ այն պետության ցանկացած կառուցողական դեր միայն ողջունելի է»,- ասաց Զախարովան։
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։
Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների մասին կարող եք կարդալ այստեղ >>
Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ռուսաստանում ավարտվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Հիմա տվյալներն ուղղվել են փորձագիտական գնահատական ստանալու», - ասել է նա լրագրողներին։
Երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին: Այս ուսումնասիրությունը կկատարվի երկու խմբերի համար։ Կօգտագործվի նաև պլացեբո։ Ուսումնասիրությունը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 28-ը:
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մտնում է «Սպուտնիկ» շարքի մեջ, այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:
Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ «լայթ տարբերակը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, որտեղ կան ուժեղ համաճարակային օջախներ, իսկ Ռուսաստանում առաջատար կմնա «Սպուտնիկ V»-ն:
Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև
Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ այդ երկրներում «Սպուտնիկ Լայթի» օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդացության մակարդակն ու ծանրաբեռնվածությունը տեղական առողջապահության համար: Նա ավելացրել է, որ պատվաստումից հետո իմունիտետը կպահպանվի, ամենայն հավանականությամբ, մոտ երեք-չորս ամիս, իսկ պատվաստման արդյունավետությունը կկազմի մոտ 85%:
Սխեման ներառում է միայն մեկ ներարկում («Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը) ու կարճ ժամանակահատվածում հակամարմինների արտադրություն։ Ընդ որում, նույնիսկ եթե պատվաստվածը վարակվի կորոնավիրուսով, նրան հիվանդության ծանր ընթացք չի սպառնում, քանի որ վիրուսի հարուցիչը թոքեր չի իջնի: Պաշտպանությունը երկարացնելու համար երեք ամիս անց կարելի է ներարկել երկրորդ մասը:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի շուրջ հաղորդակցությունների ապաշրջափակում պետք է իրականացնեն բոլոր կողմերը, այլ ոչ թե միայն որևէ մեկը։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիան մամուլի կենտրոնում կազմակերպած Երևան-Մոսկվա տեսակապի ժամանակ հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը։
«Ցավոք, ապաշրջափակման փոխարեն մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Փակ է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը։ Դրան գումարած, ադրբեջանական կողմը փորձում է օրակարգում միայն մի ուղղություն պահել՝ Մեղրիով Նախիջևան տանող միջանցքը, որը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին», - ասաց նա։
Սակայն, ըստ նրա, կան երթուղիներ, որոնց բացումը շահավետ է հայկական կողմի համար։ Դա Մեղրիով անցնող նույն ճանապարհն է, սակայն արդեն Նախիջևանով Արարատյան դաշտ, որը թույլ կտա ավելի արագ և հեշտ միմյանց կապել երկրի հարավային ու կենտրոնական շրջանները։ Այսօր Մեղրիից Երևան բեռնափոխադրումների վրա նույնքան ռեսուրս է ծախսվում, որքան Թբիլիսիից կամ Վրաստանի սևծովյան նավահանգիստներից, հավելեց նա։
Ավելի ընդարձակ համատեքստում դա Նախիջևանի երկաթուղու բացումն է, որը թույլ կտա Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի շատ բեռնափոխադրումներ իրականացնել։ Խորհրդային տարիներին այդ երկաթուղին ՌԽՖՍՀ-ի ու անդրկովկասյան պետությունների միջև հիմնական բեռնափոխադրումային մայրուղին էր (Աբխազիայով ճանապարհը հիմնականում ուղևորատար էր)։ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը կարող է ամրապնդվել նաև շնորհիվ Իջևանից Ղազախ երկաթուղային ճանապարհի բացման, հիշեցրեց Թավադյանը։
«Այդ պատճառով բոլոր այդ հարցերը պետք է համալիր լուծում ստանան։ Հակառակ դեպքում գործընթացները տեղից չեն շարժվի», - ընդգծեց Թավադյանը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հաղորդակցման ուղիների բացման վերաբերյալ քննարկումների համար եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։



