Россия приостанавливает полеты в Египет

Ռուսաստանը կարող է արգելել թռիչքները պոտենցիալ վտանգավոր երկրներ

145
Իշխանությունը կարող է դադարեցնել ավիահաղորդումները անկայուն իրավիճակում գտնվող այլ երկրների հետ: «Կոմերսանտ» ռուսական թերթի աղբյուրը պնդում է, որ այդ հարցը քննարկվել է վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Ոչ միայն դեպի Եգիպտոս, այլև դեպի պոտենցիալ վտանգավոր այլ երկրներ թռիչքներն արգելելու հարցը քննարկվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ խորհրդակցության ժամանակ, հայտնում է «Կոմերսանտ» թերթը, որին այդ մասին պատմել են ռուսական պետական կառույցների աղբյուրները:

Ռուսաստանը դադարեցրել է ավիահաղորդումները Եգիպտոսի հետ մինչև Սինայի թերակղզում А321 ինքնաթիռի վթարման պատճառների պարզումը, որի հետևանքով զոհվել է 224 մարդ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է աջակցել ռուսաստանցիներին Եգիպտոսից վերադառնալու հարցում: Կիրակի օրը երկրի ղեկավարը ռուսական ավիաընկերությունների` դեպի Եգիպտոս չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին հրաման է ստորագրել:

Թերթի աղբյուրը ենթադրել է, որ դեպի Եգիպտոս թռիչքների դադարեցումը երկարաժամկետ կլինի:


«Դեպի Եգիպտոս թռիչքներն արգելվել են, և այդ գործընթացը կտևի ոչ թե մեկ կամ երկու ամիս, այլ տարիներ», — զրուցակցի խոսքերը մեջբերում է թերթը:


Նախօրեին ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտնել էր, որ ռուսական հատուկ ծառայությունները դեռևս չեն խոսել դեպի այլ երկրներ չվերթերի դադարեցման մասին, բացի Եգիպտոսից:

Ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ խոշորագույն ավիավթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ «Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ 9268 թռիչքն իրականացնող Airbus-321 օդանավը կործանվել է Սինայի թերակղզու տարածքում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորը զոհվել են։

145