Визит президента РФ В.Путина в Китайскую Народную Республику

Պուտին. ռուս–չինական հարաբերությունները ինտենսիվորեն զարգանում են

63
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի երկկողմ հարաբերությունները օգուտ են բերում երկու պետություններին

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են, անկախ առկա ներքին խնդիրներից, ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Իհարկե, մենք կօգտվենք այս հիանալի հնարավորությունից (Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի տոնակատարությունը – խմբ.), որպեսզի զրուցենք մեր երկկողմ հարաբերությունների մասին, որոնք չնայած ներքին խնդիրներին, զարգանում են շատ ինտենսիվորեն և օգուտ են բերում ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության ժողովրդին», – ընդգծել է ռուս առաջնորդը։

ՉԺՀ պետական խորհրդի վարչապետն իր հերթին ընդգծել է, որ «Չինաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են»։ Նա նաև նշել է, որ երկու պետությունները համակարծիք են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների հարցում։

«Մենք դեմ ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերաշարադրմանն ու խեղաթյուրմանը», – ասել է Լի Քեցյանը։ ՌԴ նախագահը նույնպես ուշադրություն է դարձրել այդ հարցին։ Նրա խոսքով` կարևոր է այն փաստը, որ Ռուսաստանն ու Չինաստանը միասին նշում են Հաղթանակի 70-ամյակն ինչպես սեպտեմբերի 3-ին Պեկինում, այնպես էլ մայիսի 9-ին Մոսկվայում։

«Այդպիսով մենք մեր ժողովուրդներին և ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ մեր գնահատականները նույնն են, և որ մենք դեմ ենք պատմության խեղաթյուրմանն ու ժխտմանը», – ասել է Պուտինը։

63