Борьба с лесными пожарами в Забайкальском крае

Գելենջիկի մոտակայքում և Անդրբայկալում հրդեհներ են գրանցվել

17
(Թարմացված է 16:57 10.08.2015)
Երկուշաբթի օրվա դրությամբ` ամենամեծ թվով հրդեհները գրանցվել են Բուրյատիայում` 62։ Իրկուտսկի մարզում գրանցվել է 30 հրդեհ, Տիվայում` 17, Ալթայում` 11, Անդրբայկալի երկրամասում գրանցվել է կրակի բռնկման տասը օջախ

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի– Sputnik. Հանգստյան օրերին հրդեհներ են բռնվել Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքում և Անդրբայկալում։

Ռուսաստանի անտառային տնտեսության դաշնային գործակալության (Ռոսլեսխոզ) տվյալներով` Ռուսաստանի տարածքում օգոստոսի 7–10–ն ընկած ժամանակահատվածում անտառային հրդեհների մակերեսն աճել է 3,3 անգամ` 32,8 հազար հեկտարից հասնելով 110 հազարի։

Երկուշաբթի օրվա դրությամբ` ամենամեծ թվով հրդեհները գրանցվել են Բուրյատիայում` 62։ Իրկուտսկի մարզում գրանցվել է 30 հրդեհ, Տիվայում` 17, Ալթայում` 11, Անդրբայկալի երկրամասում գրանցվել է կրակի բռնկման տասը օջախ։

Անտառային հրդեհ Գելենջիկում

Ռուսաստանի ԱԻՆ–ի փրկարարներին հաջողվել է դադարեցնել անտառային հրդեհի տարածումը, որի ընդհանուր մակերեսը կազմել է 60 հեկտար։ Հրդեհը բռնկվել է Գելենջիկի մոտակայքում գտնվող Պրասկովևվկա և Ջանհոտ բնակավայրերի շրջանում։

ՌԴ ԱԻՆ–ի Կրասնոդարի երկրամասի ԳՎ–ից նշել են, որ կրակի տարածումը դադարեցվել է, և բնակավայրերի շրջանում կրակի տարածման սպառնալիք չկա։ Սպասվում է հրդեհի մեկուսացում` ամբողջական մարման գործողություններին անցնելու համար։

Երկուշաբթի առավոտյան ժամերին հաղորդվում էր, որ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր մարդիկ և ավելի քան 50 միավոր տեխնիկա։ Կրակը մարելու նպատակով օգտագործվել է ավելի քան 220 տոննա ջուր։ Օպերացիան վերահսկում է ՌԴ ԱԻՆ–ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը։

Զոհերի մասին չի հաղորդվում։

Հրդեհ Անդրբայկալում

Սիբիրում շարունակվում են հրդեհները, որոնք չի հաջողվում մարել արդեն մի քանի ամիս։ Նախորդ հանգստյան օրերին Անդրբայկալի երկրամասում գրանցված անտառային հրդեհների մակերեսը կրկնակի ավելացել է` կազմելով 412 հեկտար։

Երկրամասի պետական անտառային ծառայությունից տեղեկացրել են, որ Մոսկվայի ժամանակով ժամը 08։00–ի տվյալներով, շրջանում` 412 հեկտար ընդհանուր մակերեսում, գրանցվել է տասը անտառային հրդեհ։ 240 հեկտար մակերեսում գրանցված հրդեհները մեկուսացվել են։

Հանգստյան օրերին ռուսական ԶԼՄ–ները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ անտառային հրդեհներ են գրանցվել Կրասնոչիկայսկի, Պետրովսկ–Անդրբայկալյան, Խիլոկսկի և Ուլետովսկի շրջաններում։ Հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 250 մարդ, որոնց թվում` 59 դեսանտային պարաշյուտիստներ։ Հրդեհների մարման գործընթացին մասնակցում է նաև 52 միավոր տեխնիկա։

Այս պահին զոհերի կամ տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

17