Ամերիկյան հածանավն անցնում է Բոսֆորի նեղուցով

Թուրքիայի հավակնոտ ծրագրերն ու Ստամբուլի ջրանցքը. Սև ծովը կլցվի՞ ՆԱՏՕ-ի նավերով

104
(Թարմացված է 00:00 30.06.2021)

«Ստամբուլ» ջրանցքը Բոսֆորի այլընտրանքը կդառնա, բայց դրա հետ կապված մտավախություններ կան․ շատերին անհանգստացնում է Մոնտրոյի կոնվենցիայի ու Թուրքիայի կողմից Սև ծովում իր պարտավորությունների պահպանումը։ Խնդիրը վերլուծել են ՌԻԱ Նովոստիի լրագրողներ Սոֆյա Մելնիչուկն ու Քսենյա Մելնիկովան։

Նոր մեգանախագիծը՝ Մարմարա և Սև ծովերը միավորող «Ստամբուլ» ջրանցքը, սկսված է։ Այն այլընտրանք կդառնա Բոսֆորին և, հնարավոր է, մեծ փողեր կբերի գանձարան։ Սակայն ոչ բոլորն են կիսում հիացմունքը․ բնապահպանները մտավախություն ունեն, որ վնասն ավելի մեծ կլինի, քան օգուտը։ Օտարերկրյա պետություններին անհանգստացնում է Մոնտրոյի կոնվենցիայի և Սև ծովում թուրքական պարտավորությունների պահպանման հարցը։

Խոշորագույնը պատմության մեջ

«Այսօր մենք Թուրքիայի զարգացման նոր էջ ենք բացում՝ դնելով «Ստամբուլ» ջրանցքի վրայով կամրջի շինարարության առաջին քարը,-հանդիսավոր հայտարարել է Էրդողանը,-մաղթում եմ, որ այն բարիք բերի քաղաքին, Թուրքիային, մեր ողջ ժողովրդին»։

Բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները, այդ թվում՝ շինարարության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, արդեն իրականացվել են, վստահեցրել է երկրի ղեկավարը: Ծովածոցի շուրջ կկառուցվեն բնակելի թաղամասեր, զբոսայգիներ, զբոսաշրջային օբյեկտներ, տեխնոլոգիաների զարգացման գոտի։

Տիեզերքից երևացող սխալներ, կամ Սուեզի ջրանցքի «առեղծվածը»

«Ստամբուլը» կբեռնաթափի Բոսֆորը, որը վերջին տարիներին ավելի ու ավելի վտանգավոր է դառնում քաղաքի համար։ Ջրանցքով օպտիմալ անցումը տարեկան 25 հազար նավ է: Եթե այլընտրանք չհայտնվի, ապա 2050թ․-ին ծանրաբեռնվածությունը կավելանա երեք անգամ։ «Տարեկան 45 հազար նավ է անցնում Բոսֆորով։ Յուրաքանչյուր խոշոր նավ ռիսկային է։ Դրանք զանազան բեռներ են կրում, յուրաքանչյուր վթար սպառնալիք կդառնա, կարող է հրդեհներ և ավերածություններ առաջացնել, այդ թվում՝ նաև մշակութային արժեքների ավերածություն»,-բացատրում է Էրդողանը։

Նման բաներ հաճախ են պատահում․ վերջին անգամ Բոսֆորով տեղաշարժը կանգնեցրել էին կառավարումը կորցրած բեռնանավի պատճառով։

«Ստամբուլ» ջրանցքի վրա նախատեսվում է ծախսել վեց տարի և 15 միլիարդ դոլար, գումարի մի մասը, ամենայն հավանականությամբ, արտերկրից կներգրավեն։ Օրինակ՝ Քաթարից։ Դոհա կատարած այցերից Էրդողանը հաճախ է վերադառնում բազմամիլիարդանոց ներդրումների համաձայնագրերով։ Նախագծի վրա ծախսված գումարը կվերադառնա 15 տարվա ընթացքում․ սպասվող շահույթը՝ տարեկան մեկ միլիարդ դոլար։

Սա Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն ենթակառուցվածքային նախաձեռնությունն է. կրկնօրինակ ճանապարհը կձգվի 45 կիլոմետր՝ Բոսֆորից 15 կմ-ով ավելի։ Նվազագույն լայնությունը կկազմի 275 մետր՝ երկուսուկես անգամ ավելի նեղ, քան նեղուցը։ Նոր ջրանցքի թողունակությունը օրական ավելի քան 185 նավ կլինի, Բոսֆորում այդ թիվը 118-125 է։

Նոր զարկերակի մասին Էրդողանը խոսում է արդեն տասը տարի։ Բայց բնավ ոչ բոլորին է ոգեշնչում այդ մեգաշինարարությունը։ Դեմ է, օրինակ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, նա անգամ հանրաքվե անցկացնելու կոչ է արել։ Անհանգստանում են բնապահպանները․ Սև ծովը կարող է ծանծաղել, Մարմարա ծովի էկոհամակարգը կխաթարվի։ Բացառված չեն երկրաշարժերը։ Վտանգված է նաև Ստամբուլի ջրամատակարարումը․ ջրանցքը իր մեջ կներառի խմելու ջրի ջրամբարը։

Սպառնալիքը ծովից

Առանձին հարց է Մոնտրոյի կոնվենցիայի ճակատագիրը, որը կարգավորում է անցումը Սև ծով Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Փաստաթղթի համաձայն՝ դրանք բաց են առևտրային նավարկության համար, և Թուրքիան դրանից փող չի աշխատում։

Բայց ոչ սևծովյան երկրների ռազմանավերի անցումը հանրապետությունը վերահսկում է․ դրանք չեն կարող Սև ծովում գտնվել երեք շաբաթից ավելի, իսկ դրանց ընդհանուր տարողությունը չի կարող գերազանցել 45 հազար տոննան։

Սև ծովով լաստանավային բեռնափոխադրումը կմեծացնի Հայաստանից արտահանումը. ՀԿԵ տնօրեն

Ապրիլին համաձայնագրից երկրի հնարավոր դուրս գալու մասին աղմկահարույց հայտարարություններին փոխարինելու եկան դեպքերի նման զարգացման դեմ բաց նամակ գրած ծովակալների ձերբակալության մասին լուրերը։ Նախագահ Էրդողանը շտապեց հավատացնել․ կոնվենցիան ուժի մեջ է մնում։ Սակայն մնացին այն մտավախությունները, որ «Ստամբուլ» ջրանցքը Անկարային թույլ կտա շրջանցել դրա դրույթները։

Թուրքիան հետաքրքիր հայեցակարգ է առաջ քաշում. «Ստամբուլը» չի հակասում Մոնտրոյի կոնվենցիային և միաժամանակ բարձրացնում է Անկարայի հեղինակությունը, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե․Մ Պրիմակովի անվան միջազգային տնտեսագիտության և իջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի անդամ Վլադիմիր Ավատկովը։ «Այլ կերպ ասած՝ իշխանություններն ուզում են ասել, որ նախագիծը կոնվենցիայի հետ կապ չունի և, ըստ էության, դրան չի ենթարկվում, քանի որ դա արհեստական կառույց է։ Դա միանագամայն այլ ջրանցք է, որը հեռանկարում կարող է սպառնալիք դառնալ Մոնտրոյի կոնվենցիայի համար»,-բացատրում է փորձագետը։

Շինարարությունը դուր չի գալիս նաև սևծովյան երկրներին՝ բացի Ուկրաինայից և Վրաստանից, որոնք կցանկանային ավելացնել արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի ներկայությունը, ասում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող և ժամանակակից Թուրքիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ամուր Գաջիևը։

Թուրքական ղեկավարությունը կուզենար նախագիծն ավելի գրավիչ դարձնել արևմտյան ոչ սևծովյան պետությունների համար։ Միաժամանակ հեռանկարը դուր չի գալիս Ռումինիային, Բուլղարիային և Հունաստանին։

«Ռուսաստանի համար ևս ցանկալի չէ, որ Ղրիմի ափերի մոտ, հաշվի առնելով բրիտանական նավի հետ կապված միջադեպը, սադրանքներ լինեն։ Մոսկվայում չեն ուզում, որպեսզի ոչ սևծովյան երկրները, հատկապես՝ ՆԱՏՕ-ի երկրները, կոնվենցիան շրջանցելու և ջրավազանում ռազմածովային ներկայություն ապահովելու հնարավորություն ստանան»,-ավելացնում է Գաջիևը։

Թուրքիայի արևելքում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ի մյուս առաջատար երկրներն այլ կարծիք ունեն․ Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները հնացել են։ Եվ, ինչպես նշում է փորձագետը, նրանք ձգտում են ավելացնել նավերի թվաքանակը Սև ծովում։

Իրավական նրբություններ

Մտավախությունները, թե նոր ջրանցքով Սև ծով կլցվեն ՆԱՏՕ-ի նավերը, անհիմն են, կարծում է արևելագետ և հրապարակախոս Անդրեյ Օնտիկովը․ «Լինի դա «Ստամբուլը» թե մեկ այլ ջրանցք՝ Մոնտրոյի կոնվենցիան նկարագրում է ոչ միայն Բոսֆորն ու Դարդանելը, այլև ոչ տարածաշրջանային նավերի բուն ներկայությունը Սև ծովում։ Այսինքն՝ եթե անգամ ամերիկյան ավիակիրները Ստամբուլի ջրանցքով մտնեն այնտեղ, դա միևնույնն է՝ կոնվենցիայի խախտում կլինի»։

Բայց սադրանքներ կարող են ծագել ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման դեպքում։ «Հնարավոր է, որ իմաստ ունի փաստաթղթերով ամրագրել նոր ջրանցքի օգտագործման մասին դրույթները»,-կարծում է Օնտիկովը։

Ինչ էլ լինի, Մոնտրոյի կոնվենցիան առաջին հերթին Թուրքիայի օգտին է աշխատում։ Այն հատուկ ստեղծված է Անկարայի շահերը պաշտպանելու համար, ընդգծում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջազգային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հյուսիսամերիկյան ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, ծովային իրավունքի մասնագետ Պավել Գուդևը։ Բացի այդ, այնքան էլ հեշտ չէ փոփոխություններ մտցնել այդ փաստաթղթի մեջ։

«Դրա համար միջազգային համաժողով է հարկավոր, որում երեք քառորդը կողմ կքվեարկեն, իսկ դա արդեն բացարձակ ֆանտաստիկ սյուժե է։ Ռուսաստանը երբեք չի համաձայնի, մյուս մասնակիցներն էլ հազիվ թե ցանկանան,-կարծում է Գուդևը։- Միակողմանի կարգով Թուրքիան համաձայնագրից դուրս չի գա, բայց կարող է ավելի խորամանկ լինել. կդադարի վերահսկել ռազմանավերի ընթացքը, կսկսի խախտումներ թույլ տալ: Այդ ժամանակ մյուսները կհամարեն, որ կոնվենցիայի ռեժիմը էրոզիայի է ենթարկվել, և պետք է ինչ-որ բան փոխել»։

Առայժմ Մոնտրոյի կոնվենցիայի հետ կապված անհանգստությունն անհիմն է, և բարձր մակարդակով հավաստիացնում են, որ չեն պատրաստվում վերանայել դրա դրույթները։ Բայց Թուրքիան միանգամայն կարող է մանիպուլյացիաների դիմել, քանի որ նոր ջրանցքի կարգավիճակը դեռ որևէ կերպ հաստատված չէ։ Եվ բանավեճի փաստն ինքնին խոսում է այն մասին, որ Անկարան ձգտում է ավելի ծանրակշիռ դերակատար դառնալ ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև համաշխարհային ասպարեզում։ Իսկ թուրքական ղեկավարության հավակնություններին պետք է հատուկ ուշադրություն դարձնել։

104
թեգերը:
Սև ծով, ջրանցք, Թուրքիա, Մոնտրոյի կոնվենցիա
Ըստ թեմայի
«Արգելման գոտի» ՆԱՏՕ-ի համար. ռուսական «Իսկանդերները» նոր հրթիռներ են ստացել
Հայաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը. ՊՆ-ն կրկին հերքում է
Սկանդալ՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ․ զինվորները Բուլղարիայում գործարան են «գրավել»
Սահման

Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ

110
(Թարմացված է 23:06 03.08.2021)
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը թույլ կտա բացահայտել Հայաստանի, հայ ժողովրդի ներուժը` որպես շատ հեռանկարային տնտեսական օպերատոր։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացն իրականացման համար։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանը և միջազգային հանրությունը շահագրգռված են, որպեսզի Անդրկովկասը դառնա խաղաղության և կայունության տարածաշրջան, որը դինամիկ և հաջողությամբ զարգանում է և իր ներդրումն է ունենում միջազգային, տնտեսական կապերի մեջ:

«Մեզ համար դա հատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը ԵԱՏՄ կազմում են։ Բնականաբար, կապերի ապաշրջափակումը դրական ազդեցություն կունենա մեր միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների վրա», - ասել է Կոպիրկինը։

Նա նշել է, որ դա նաև տնտեսական, քաղաքական առումով կապ կստեղծի շատ կարևոր գործընկերների՝ մասնավորապես ՝ Իրանի հետ։ Այդ պատճառով Ռուսաստանը, չնայած առկա խնդիրներին, ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի սկիզբ դնի այդ գործընթացին։

Դեսպանն ընդգծել է, որ տրանսպորտային շրջափակման հաղթահարումը կարևոր է նաև Հայաստանի համար: Դա թույլ կտա բացահայտել երկրի, հայ ժողովրդի ներուժը ՝ որպես շատ հեռանկարային տնտեսական օպերատոր։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

110
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, տարածաշրջան, ապաշրջափակում, Սերգեյ Կոպիրկին
Ըստ թեմայի
ՌԴ սահմանապահները մասնակիորեն տեղակայվել են Սյունիքում. Կոպիրկին
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 6 աճյուն
Փաշինյանն ասել է` ինչու ՀՀ–ն սահմանային իրադրությունը լուծելու միջոցներ չի ձեռնարկում
Թուրքիա

Թուրքական իշխանամետ թերթն անտառները հրկիզելու պատասխանատվությունը դրել է քրդերի վրա

930
Թուրքիայում վերջին օրերին 107 անտառային հրդեհ է մարվել, սակայն դեռևս վերահսկողության տակ չեն առնվել Անթալիայի և Մուղլայի առողջարանային շրջաններում բռնկված հինգ հրդեհները: Արդեն բազմիցս ասվել է, որ հրկիզումները միտումնավոր բնույթ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Թուրքական «Yeni Safak» իշխանամետ թերթը պնդում է, որ Թուրքիայի անտառները հրկիզելու պատասխանատվությունը ստանձնել է «Կրակի զավակներ» խմբավորումը, որը կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ թերթի` այդ տեղեկության աղբյուրը սոցիալական ցանցերն են, որոնք իբր կապված են ՔԱԿ-ի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, Թուրքիայում վերջին օրերին 107 անտառային հրդեհներ են մարվել, բայց դեռ վերահսկողության տակ չեն վերցվել Անթալիայի և Մուղլայի առողջարանային գոտիների հինգ հրդեհները: Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան էլ հայտնել էր, որ Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 8–ի, տուժածների թիվը` 864-ի:

Թուրքիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

930
թեգերը:
Թուրքիա, հրդեհ, քուրդ
Ըստ թեմայի
Էրդողանը Թուրքիայի անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2
Հունաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի քաղաքացու սպանության վերաբերյալ մեղադրանքներին
Դիլիջան

Կհասնենք ամպերին. ՌԴ առևտրային ներկայացուցիչը խոսել է ՀՀ–ում բիզնես ծրագրերի մասին

9
(Թարմացված է 23:15 04.08.2021)
Ռուսական կապիտալով ներդրում է արվում Դիլիջանի կենտրոնի նախագծի համար, իսկ Երևանի նոր ինժեներական քաղաքը սպասում է ռուս գործընկերներին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Տնտեսական հեռանկարների մասին կարելի է պատմել բազմագույն գրաֆիկների և դիագրամների միջոցով։

Բայց Դիլիջանի կանաչ գույնն ամառվա շոգին այնուամենայնիվ ավելի համոզիչ կլինի։ Այսպես է որոշել Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և չի սխալվել։ Այստեղ աշխատելու հնարավորությունների մասին նա պատմում է այնպես, որ հազար ու մի տեսարժան վայրեր տեսած ռուս գործարարները ցանկանան մտածել Հայաստանում ներդրումներ կատարելու մասին։

Ինչը կարող է դրական ազդակ լինել ներդրումների համար. Քթոյանը`տնտեսական միջավայրի մասին

Աննա Դոնչենկոն սոցիալական ցանցերում կրեատիվ և ժամանակակից ոճով ներկայացրել է Հայաստանը։ Պաշտոնյաները սովորաբար բյուրոկրատիայի կանոններով են աշխատում, բայց այս դեպքում ստեղծարարության տրամաբանությամբ է։

Դոնչենկոն սկսում է Դիլիջանի զբոսաշրջային հնարավորություններից․ «Ինչ-որ մեկը ժամանակին ասել է` եթե դրախտում լեռներ, անտառներ և աղբյուրներ լինեին, այն նման կլիներ Դիլիջանին։ Դժվար է չհամաձայնել՝ Դիլիջանը բոլոր կողմերից շրջապատված է արգելոցի տարածքով»,-պատմում է Դոնչենկոն` իր խոսքերն ամրապնդելով թռչնի թռիչքի բաձրությունից արված կադրերով։

Մյուս հանգստավայրերի համեմատ Դիլիջանն անշուք է թվում, համենայն դեպս՝ առայժմ։ Բնությունն իսկական է և ոչ մի կերպ ձևափոխված չէ (որպես ապացույց Դոնչենկոն դրոնից նկարահանված ևս մեկ տեսանյութ է ցուցադրում), խոհանոցը՝ նույնպես (դրանում կարելի է անձամբ համոզվել), իսկ քաղաքի կենտրոնում նոր ներդրումային նախագիծ է պատրաստվում։

«Լճակի մոտ, որը քաղաքացիները Կարապի լիճ են անվանում, հանգստի գոտի կստեղծվի՝ այգիներով, վազքուղիներով և հեծանվային ճանապարհներով։ Այստեղ ենթադրվում է համերգներ, փառատոններ և տոնավաճառներ անցկացնել»,-պատմում է հյուրընկալության ոլորտի համաշխարհային միության նախագահ Հրանտ Բաբասյանը։

Մոտակայքում նախատեսվում է մի քանի նոր հյուրանոց կառուցել քաղաքի հյուրերի համար։ Ռուսական կապիտալի մասնակցությամբ այդ ներդրումային նախագիծը բաց է հնարավոր գործընկերների համար։ Այնպես որ, Դիլիջանը հանգիստ կարող է զարգացնել կապերը քույր քաղաք Պյատիգորսկի հետ, որը Ռուսաստանի ամենահայտնի և սիրված հանգստավայրերից է։

«Կապիտալը փախչում է երկրից». Ավետիսյանը` ներդրումների և կարանտինի երկարաձգման մասին

Առևտրային ներկայացուցչի հաջորդ կանգատը նոր ինժեներական քաղաքն է, որն արդեն մի քանի տարի է, ինչ գործում է Երևանի հյուսիսային արվարձանում։ Եվրասիական միությունում համագործակցության առաջնային ուղղություն են դարձել բարձր տեխնոլոգիաները, այդ թվում՝ բիոտեխնոլոգիաներն ու նանոտեխնոլոգիաները, ֆոտոնիկան, բնական ռեսուրսների արդյունահանման և վերամշակման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության նոր տեխնոլոգիաները:

Ինժեներական քաղաքը կարող է այդպիսի համագործակցության ելակետը դառնալ։ Այն, իհարկե, այնքան խոշոր չէ, որքան Սկոլկովոն, Նովոսիբիրսկի Ակադեմիական քաղաքը կամ Կազանի Իննոպոլիսը, բայց այստեղ արդեն իսկ մի քանի ընկերություն է գործում, որոնք պատվերներ են կատարում նաև Ռուաստանի համար։ Ընկերություններից մեկը թեստավորման համակարգ է մշակում ռուսական նոր մեքենաների էլեկտրոնիկայի համար, մյուսն էլեկտրոնիկայի ուսումնական հավաքածուներ է պատրաստում ռուսական դպրոցների և վարժարանների համար։

«Այս պահին մենք աշխատում ենք ինժեներական քաղաքում ռուսական ընկերությունների աշխատանքի մասին` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկի վրա»,-ավելացնում է Դոնչենկոն։

Երևանում անգամ գետնի տակ կարելի է ռուսական կոնֆետներ ճարել։ Առևտրային ներկայացուցիչն ապացուցում է դա` շարժասանդուղքով իջնելով քաղաքի սուպերմարկետներից մեկը և հարցուփորձ անելով գնորդներին։

Ներդրումային ի՞նչ ծրագրեր են հետաքրքրում ռուսական բիզնեսին Հայաստանում

Ընդհանուր առմամբ, Հայաստանը Ռուսաստանից ներկրում է մոտ 300 միլիոն դոլարի սննդամթերք և հումք (պարենի ողջ ներմուծման մեկ երրորդը)։ Հիմնական մասը ցորենն ու արևածաղկի ձեթն են, որոնք Հայաստանում օբյեկտիվ պատճառներով չեն արտադրվում կամ բավարար չափով չեն արտադրվում։ Ներկրվում են նաև շոկոլադե կոնֆետներ, հրուշակեղեն, եգիպտացորեն, շաքար։

Հայաստանում տեղական պաղպաղակի զանազան տեսակներ կան, բայց ոմանք ռուսականից էլ չեն հրաժարվում (տարիքով ավելի մեծերին մոսկովյան պաղպաղակի համը մանկությունն է հիշեցնում)։

«Ձգտելու և խանութների ցուցափեղկերն ընդլայնելու տեղ կա»,-ավելացրել է Դոնչենկոն։

Ի դեպ, ՌԴ Վիճակագրական կոմիտեի տվյալնեով՝ անգամ ճգնաժամային 2020 թ․-ին Հայաստան է այցելել մոտ 145 հազար ռուա զբոսաշրջիկ։

9
թեգերը:
Հայաստան, բիզնես, Ներդրում, ծրագիր, Ռուսաստան
Ըստ թեմայի
Մտքի ուժ և տիեզերք. հայազգի ինժեները նոր սերնդի կառավարման սարքի նախատիպ է պատրաստել
Ինչո՞վ ենք պակաս Սարգսյանից ու Վուչիչից, կամ ի՞նչ կարող են ՀՀ–ն ու Սերբիան ստանալ ԵԱՏՄ–ից
Հայկական տեխնոլոգիան կարող է մի քանի անգամ արագացնել աշխարհում նոր դեղերի ստեղծումը