ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Հայաստանին անհրաժեշտ է ճանապարհ, սակայն կոմունիկացիաների ապաշրջափակումը առայժմ չի վերաբերելու ավտոճանապարհներին։ Ապարանում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Առայժմ ավտոճանապարհների հետ կապված հստակություն չկա` դա ապագայի հարց է։ Առաջին փուլում մենք կարևորում ենք երկաթուղիները, և խոսքը Խորհրդային Միության օրոք գործող երկաթուղիները վերաբացելու մասին է»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ԱՊՀ վավերացված համաձայնագրերի շրջանակներում պետք է դա կազմակերպվի։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին
Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։
Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։