ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական ագրեսիային ու դրա հետևանքներին:
Այվազյանը շեշտել է, որ Հայաստանը միացել էր COVID-19 համավարակին արձագանքման ընթացքում գլոբալ հրադադարի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին։ Մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն անտեսեց այն, այլև, օգտվելով համաճարակային իրավիճակից, Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց:
«Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցրել, որ նպատակ է հետապնդել Արցախից վերացնել հայկական հետքը, և Թուրքիայի ու վերջինիս հովանավորյալ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ զանգվածային վայրագություններ է իրականացրել հայերի նկատմամբ: Այսպիսով, անցյալ դարասկզբին հայերի դեմ իրականացված և անպատիժ մնացած Ցեղասպանության սարսափները կրկնվեցին մեր տարածաշրջանում զանգվածային վայրագությունների այլ դրսևորումների տեսքով՝ նույն ոճրագործի հրահրմամբ և մեղսակցությամբ»,- ասել է ԱԳ նախարարը:
Նա շեշտել է, որ վարձկանների և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների լայն օգտագործմամբ դաժանորեն փորձ է արվել ճնշել Արցախի հայերի մարդու իրավունքները, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը, որը ճանաչվել է միջազգային դերակատարների կողմից:
«Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցված 44-օրյա ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը իրականացրել է սարսափելի հանցագործություններ ու վայրագություններ՝ միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ, ծննդատներ, շուկաներ, ճանապարհներ, հաղորդակցության համակարգեր և այլ հաստատություններ, պղծել և ոչնչացրել է Արցախի տարածքում գտնվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը՝ այդ թվում եկեղեցիներ, խաչքարեր և այլ հուշարձաններ»,- ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված երկու օդային հարվածների հետևանքով վնասվել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը:
Գերիների հետ կապված խնդիրների մասին զեկուցվելու է նախագահ Արմեն Սարգսյանին
Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պատմական խորհրդանշի դեմ իրականացված այս կանխամտածված հարձակումը, Այվազյանի խոսքով, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և Ադրբեջանի կողմից հայկական մշակութային հիշողության ոչնչացման քաղաքականության շարունակություն, որի վերջնանպատակն է Արցախի հայաթափումը և այնտեղ հայկական մշակութային ներկայության ոչնչացումը։
Իսկ ադրբեջանական զինուժի կողմից Հադրութի շրջանում գերեվարված հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված հաշվեհարդարը, նրա դիտարկմամբ, Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ամենասարսափելի դեպքերից մեկն է, որը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից արդեն իսկ որակվել է որպես հնարավոր պատերազմական հանցագործություն:
«Ցավոք, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան ցույց տվեց, որ ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման մեխանիզմները չեն գործում, ինչը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր գործունեությունը դրանց հետագա բարելավման ուղղությամբ, ներառյալ Մարդու իրավունքների խորհրդի վերանայման գործընթացի շրջանակներում»,- հայտարարել է Այվազյանը:
Արցախում ՄԱԿ-ի բացակայության փաստը ՀՀ նախարարը որակել է իբրև միջազգային պաշտպանություն չապահովելու գործոններից մեկը:
«Այս պատերազմի առանձնահատկություններից մեկն այն էր, որ Ադրբեջանը լայնորեն օգտագործել է սոցիալական մեդիայի հարթակները` հայ բնակչությանն ահաբեկելու նպատակով։ Բարձրաստիճան ղեկավարության ուղղորդմամբ Ադրբեջանի պաշտոնատար անձինք և զինված ուժերը սոցիալական մեդիայի հարթակներում տարածում են տեսանյութեր, որոնք հաստատում են հայ ռազմագերիների և պատանդների նկատմամբ նվաստացուցիչ, անմարդկային և դաժան վերաբերմունքի, այդ թվում ստորացման և ֆիզիկական բռնության, խեղումների, ինչպես նաև Իսլամական պետության գործելաոճին բնորոշ գլխատումների փաստերը: Պատերազմական հանցագործություններ իրականացնողները, ովքեր հրապարակավ պարծենում են հայերի գլխատումներով, արժանացան Ադրբեջանի բարձր պետական պարգևների, ներառյալ ազգային հերոսի կոչումների»,- ասել է Այվազյանը։
Կքննարկվի որպես ալբանական ներկայացվող հայկական հուշարձանների հարցը. Դումանյանն Արցախում է
Նա նաև արձանագրել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ պատանդության մեջ:
«Դա նշանակում է, որ Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը, և շարունակում է գերության մեջ նրանց մի մասին»,- ասել է ԱԳ նախարարը:
Նա նաև նշել, է որ իր իրավունքների համար պայքարող արցախցին այսօր էլ իր նախնիների հողում առերեսվում է գոյութենական սպառնալիքին:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի շուրջ հաղորդակցությունների ապաշրջափակում պետք է իրականացնեն բոլոր կողմերը, այլ ոչ թե միայն որևէ մեկը։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիան մամուլի կենտրոնում կազմակերպած Երևան-Մոսկվա տեսակապի ժամանակ հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը։
«Ցավոք, ապաշրջափակման փոխարեն մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Փակ է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը։ Դրան գումարած, ադրբեջանական կողմը փորձում է օրակարգում միայն մի ուղղություն պահել՝ Մեղրիով Նախիջևան տանող միջանցքը, որը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին», - ասաց նա։
Սակայն, ըստ նրա, կան երթուղիներ, որոնց բացումը շահավետ է հայկական կողմի համար։ Դա Մեղրիով անցնող նույն ճանապարհն է, սակայն արդեն Նախիջևանով Արարատյան դաշտ, որը թույլ կտա ավելի արագ և հեշտ միմյանց կապել երկրի հարավային ու կենտրոնական շրջանները։ Այսօր Մեղրիից Երևան բեռնափոխադրումների վրա նույնքան ռեսուրս է ծախսվում, որքան Թբիլիսիից կամ Վրաստանի սևծովյան նավահանգիստներից, հավելեց նա։
Ավելի ընդարձակ համատեքստում դա Նախիջևանի երկաթուղու բացումն է, որը թույլ կտա Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի շատ բեռնափոխադրումներ իրականացնել։ Խորհրդային տարիներին այդ երկաթուղին ՌԽՖՍՀ-ի ու անդրկովկասյան պետությունների միջև հիմնական բեռնափոխադրումային մայրուղին էր (Աբխազիայով ճանապարհը հիմնականում ուղևորատար էր)։ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը կարող է ամրապնդվել նաև շնորհիվ Իջևանից Ղազախ երկաթուղային ճանապարհի բացման, հիշեցրեց Թավադյանը։
«Ապաշրջափակման» անվան տակ Թուրքիան իրագործում է Թուրանի գաղափարը. Բոստանջյան
«Այդ պատճառով բոլոր այդ հարցերը պետք է համալիր լուծում ստանան։ Հակառակ դեպքում գործընթացները տեղից չեն շարժվի», - ընդգծեց Թավադյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։ Ermenihaberi.am-ը գրում է, որ թուրքական մամուլն այսօր հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկապես շեշտվում է, որ նա թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:
Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 4–ին Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող մահացել է, իսկ 2-ը՝ վիրավորվել:
Ո՞վ է Օսման Էրբաշը
Թուրք գեներալ Օսման Էրբաշը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը:
Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ:
Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈւ ակադեմիան:
2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ`աջակցելով Թուրքիայի իշխանություններին:
Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:
Հովհաննես Մկրտչյանը Հայաստան է եկել 2020-ին՝ ֆիլմ նկարահանելու, բայց դա զուգադիպել է նախ կորոնավիրուսի, ապա արցախյան 44–օրյա պատերազմի հետ, ինչի հետևանքով համշենահայ երիտասարդը մնացել է մայր հայրենիքում։ Պատմում է, որ պատերազմի ժամանակ ձգտում էր մեկնել Արցախ, բայց մշտապես ստանում էր մերժումներ։ Չլինելով Հայաստանի քաղաքացի` հնարավորություն չի ունեցել կռվել թշնամու դեմ, առաջարկել է թիկունքային աշխատանքներ, կրկին մերժվել է։
«Ընկերս եկավ, ես նրան ասացի, որ պետք չի սպասել, թե հնարավորություն կունենանք առաջնագիծ գնալու։ Չեն թողնի։ Բայց նա հաջորդ օրը կազմակերպեց, որ կարողանանք մեկնել Արցախ։ Գնեցինք համազգեստ, ժամը 7-ին մեկնեցինք։ Սկզբում շատ դժվարություններ կային։ Մեզ տարան Կարմիր Շուկայի մոտ, հետո Թաղավարդ։ Շատ ամուր տղաներ կային ջոկատում։ Տարբեր երկրներից եկել էին կամավորներ, որոնք իրենց հնարավորության սահմաններում օգնում էին Արցախի պաշտպանության գործին։ Ամենակարևորը՝ մենք ունեինք կարգապահություն։ Որևէ մեկը չէր փորձում ինքնահաստատվել մյուսի հաշվին։ Մենք բոլորս դարձանք մեկ մարդ»,-պատմում է Հովհաննեսը։
Նրանց ջոկատում հիմնականում եղել են տարբեր ոլորտների մասնագետներ։ Հովհաննեսն ասում է՝ մարդիկ մեկը մյուսի նկատմամբ շատ հոգատար էին, քանի որ համարում էին՝ իրենց գործունեությունը պակաս կարևոր չէ։
«Մենք երկու օր չէինք քնել։ Ամբողջ գիշեր փորում էինք։ Ծանր օրեր էին, կռիվները չէին դադարում։ Մեր հրամանատարն ուժեղ, թիկնեղ տղա էր։ Գիշերն ասում էր` փորի, ախպեր ջան, փորի։ Ինքն ամբողջ գիշեր փորում էր։ Մեր հրամանատարն ասում էր` Հովհաննես, փորո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, թե մեր դիմաց ովքեր են, դե փորի։ Նա լավ օրինակ էր, թե ինչպես է հնարավոր մեկ մարդ դառնալ, մեկ մարմին»։
Համշենահայերը Թուրքիայում էլ համարվում են մարտաշունչ էթնիկ խումբ։ Նախնիներից պահպանված բարբառով Հովհաննեսը ներկայացնում է Արցախի, Հայաստանի ու հայրենակիցների մասին իր վերաբերմունքը։
«Հայրս սովորեցրել է, որ երբ խոսում ես հայերեն, պետք է հայերեն մտածել։ Մեր մշակութային արժեքները, մեր պատմությունը պետք է միավորող գործոն լինեն։ Ես այդպես եմ դաստիարակվել»,–ասում է նա։
Համշենցի Հովհաննեսը պատրաստ է հաստատվել Հայաստանում և այստեղ ներդրում ունենալ պաշտպանության ոլորտում, զարգանալ իր մասնագիտության մեջ։
Հիշեցնենք` Արևմտյան Հայաստանի Համշենի տարածաշրջանում տարբեր հաշվարկներով ապրում է 700-800 հազար հայ։
Ցեղասպանության ժամանակ համշենահայերը համեմատաբար խուսափել են կոտորածից, սակայն հետո նրանցից շատերը հեռացել են Թուրքիայից՝ տեղափոխվելով Ռուսաստան կամ Հայաստան։
Վերջին անգամ Շուշիում՝ մահվան հետ դեմ հանդիման, կամ ինչպես ընկավ թշնամու ինքնաթիռը