ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ-ն նախօրեին կազմակերպած ցուցահանդեսում, որտեղ ներկայացված էին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը կային նաև վերջին օրերի մարտերից մնացած այլ բեկորներ, որոնք համապատասխանում էին իսրայելական արտադրության Spike NLOS կառավարվող հրթիռներին օգտագործման մասին: Տեղեկությունը հայտնում է Razm.info կայքը և մանրամասն ներկայացնում տվյալ զենքերի հնարավորությունները։
NLOS-ը Spike կառավարվող հրթիռների ամենահեռահար տարբերակն է, որը կարող է թիրախներ խոցել մինչև շուրջ 25կմ հեռավորությունից: Բացի NLOS-ից Ադրբեջանի սպառազինությունում կան նաև Spike-ի այլ տեսակներ, օրինակ՝ 5 կմ հեռահարությամբ Spike LR-ը և 8 կմ հեռահարությամբ Spike ER-ը: Սրանց հրթիռները, սակայն, նաև տեսքով են տարբերվում NLOS-ից և ցուցադրված բեկորների մեջ դրանց մնացորդները չկային:
Առանձին հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ինչ հարթակից են արձակվել այս հրթիռները։ Սկզբունքորեն դրանք կարող են տեղադրվել և ցամաքային, և օդային հարթակների վրա, իսկ Ադրբեջանում առաջին անգամ դրանք տեղադրել էին ռազմանավերի վրա:
Ադրբեջանի կողմից իսրայելական Spike NLOS կառավարվող հրթիռների անօգուտ կիրառման մասին Facebook-ի իր էջում գրել է նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովաննիսյանը։
2018 թվականին հարցազրույցներից մեկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ասել էր, որ իրենք դասեր են քաղել 2016թ. ապրիլյան մարտերում իրենց ուղղաթիռը կորցնելուց, աշխատանքներ են տարել, և հիմա ուղղաթիռները մարտ վարելու կարիք չունեն հակառակորդի ՀՕՊ-ի հասանելիության տարածք մտնելու համար: Հենց այս խոսակցության կոնտեքստում Հասանովը հիշատակել էր Spike NLOS-ը:
Ինչ կլինի այն երկրների հետ, որոնք կուշանան ԱԹՍ-ների մրցավազքից. Վրթանեսյանի տեսակետը
Բայց Ադրբեջանը երբևէ չի ցուցադրել այս հրթիռները՝ տեղադրված ցամաքային հարթակների վրա։ Սա, իհարկե, չի նշանակում, որ ցամաքային հարթակներով տարբերակներ չկան Ադրբեջանի զինանոցում, բայց խիստ հավանական է, որ 2020թ․հուլիսյան այս մարտերում Ադրբեջանն առաջին անգամ ուղղաթիռներից կիրառել է Spike NLOS հրթիռներ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ–ներից հայկական ԶՈՒ–ն շատ լավ է գլուխ հանում. Հովհաննիսյան
Հուլիսի 22-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։
Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
«Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու նախագիծը ժամանակակից իրողություններում ու 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությամբ նախատեսված տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում չի կորցրել իր կարևորությունն ու նշանակությունը։ Ավելին, տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտի մասնագետները շարունակում են պնդել, որ ճանապարհը կարևոր է ոչ միայն Երևանի համար։
Դեռ երկու տարի առաջ նախագիծը հետաքրքրեց Չինաստանի գործընկերներին։ Փորձագետներն այն ժամանակ նշեցին, որ նախագծի իրականացման պարագայում ճանապարհը կարող է դառնալ «Նոր մետաքսի ճանապարհ» գլոբալ նախագծի մի մասը։
Նախագծի իրականացումն ու ավտոճանապարհի շահագործումը թույլ կտան Հայաստանին կարևոր տարանցիկ հանգույց դառնալ, որը կձևավորի Պարսից ծոց–Սև ծով միջանցքը, և երկիրը դուրս կբերի տրանսպորտային շրջափակումից։
Այս նախագծի կարևորությունը Երևանում հասկանում էին իշխանափոխությունից և՛ առաջ, և՛ հետո։ Իսկ օրերս Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարվել էր 2021 թվականին Թալին–Լանջիկ և Լանջիկ–Գյումրի հատվածի կառուցման մասին։
Հասկանալու համար, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ավտոմայրուղու շինարարության նախագծի իրականացման շրջանակում, մենք դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Գերատեսչության ճանապարհային դեպարտամենտից մեզ պատասխանեցին, որ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը լայնածավալ նախագիծ է, որը բաղկացած է 5 տրանշից։
«Աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են Տրանշ-1–ում. կառուցվել է Երևան–Աշտարակ, Երևան–Արտաշատ 31-կիլոմետրանոց ճանապարհը և 2016 թվականին հանձնվել շահագործման», – ասացին դեպարտամենտում։
Գերատեսչությունից նշեցին, որ ներկա պահին Տրանշ-2-ի անավարտ աշխատանքների ծավալի գնահատում է իրականացվում (Աշտարակ-Թալին 42 կմ երկարությամբ ճանապարհահատված)։ 2021 թվականի վերջին կապալառուի միջազգային մրցույթ կհայտարարվի։
Ապաշրջափակում չի կարող լինել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել․ փորձագետ
Դեպարտամենտից հիշեցրին, որ նշված տրանշով զբաղվում էր իսպանական Corsan Corviam Construccion S.A. ընկերությունը, որը 2018 թվականին դադարեցրեց շինարարական աշխատանքներն ու հեռացավ հայաստանյան շուկայից։ 2019 թվականի հուլիսին ընկերության հետ պայմանագիրը խզվեց կապալառուի կողմից պայմանագրի բազմաթիվ խախտումների, ինչպես նաև նրա անվճարունակության պատճառով։
2019 թվականի նոյեմբերին Միջազգային առևտրային պալատ դիմում էր ներկայացվել կապալառուի դեմ արբիտրաժային քննություն սկսելու մասին։ Գործընթացը շարունակվում է։
Գերատեսչությունից պարզաբանեցին, որ ներկա պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում Տրանշ-3-ում (Թալին–Լանջիկ` 18,7 կմ, Լանջիկ–Գյումրի` 27,5 կմ, ճանապարհների ընդհանուր երկարությունը` 46,2 կմ)։ Բացի այդ, նախագծման աշխատանքներ են տարվում 3 ենթահատվածից բաղկացած Տրանշ-4–ի շրջանակում Քաջարան–Ագարակ հատվածում։
«Նախագծի շինարարության ավարտի մասին կարելի է հստակ հայտարարել` տրանշներում ֆինանսական աղբյուրների ճշգրտումից և շինարարության մեկնարկից հետո», – հայտարարեցին դեպարտամենտում։
Ներկա պահին շինարարական աշխատանքներ են ընթանում Թալին–Լանջիկ, Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածներում։ Կապալառուն չինական Sinohydro Corporation ընկերությունն է։ Արդեն իրականացվել են հիմքի և ենթահիմքի աշխատանքները։ Ճանապարհի որոշ հատվածներ պատրաստ են ասֆալտապատման համար, գործընթացը կմեկնարկի 2021 թվականին։
Տրանշ–3-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին - 2023 թվականի սկզբին։
Հայաստանի տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը տրանսպորտային միջանցքը Երևանի համար կարևոր է համարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ ճանապարհի նշանակությունը չի փոխվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարությունների համատեքստում։
«Ճանապարհը ապաշրջափակման հարցի հետ անուղղակիորեն է կապված, այդ մայրուղին իր գործառույթն ունի, այն սկսել են կառուցել և այն գործելու է», – ասաց Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ իսկզբանե «Հյուսիս–Հարավ»–ը նախատեսված էր որպես տարանցիկ և կենտրոնական մայրուղի հայկական բեռների տեղափոխման համար, որը հնարավորություն կտա Իրանին, Վրաստանին, Հայաստանին կոմունիկացիոն կապ ունենալ։
Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի. Փաշինյան
Մայրուղին նախևառաջ նախատեսված է տարանցման համար և, ըստ էության, շարունակում է այդպիսին մնալ։ Ըստ նրա` միջանցքի գործարկումը թույլ կտա աշխուժացնել տրանսպորտային լոգիստիկան։ Ճանապարհը թույլ կտա Իրանից և Հայաստանից բեռներին անմիջապես ելք ապահովել դեպի վրացական Փոթի և Բաթում նավահանգիստներ։
«Այստեղ ուղիղ ճանապարհ կլինի դեպի ծով Վրաստանի տարածքով, ինչը կարևոր է ինչպես Երևանի, այնպես էլ Թեհրանի համար։ Ճանապարհը կապելու է Պարսից ծոցն ու Սև ծովը», – ասաց Հովհաննիսյանը։
Փորձագետն ընդգծեց, որ ավտոճանապարհը ծովայինից բավական կարճ է։ Իսկ լոգիստիկայում առանձնակի տեղ ու դեր ունեն ժամանակի և ծախսի գործոնները։
«Հյուսիս–Հարավ» նախագիծն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենալայնածավալ նախագծերից մեկն է։ Ճանապարհը կկրճատի տարածությունը իրանական սահմանից մինչև վրացական սահման 550 կմ–ից մինչև 490 կմ և կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրարի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին է հանձնել Երևանին:
«Մենք նրանց վերադարձրեցինք բոլոր գերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվեց ավելի քան 1000 դիակ», - ասել է նա ՝ ավելացնելով, որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:
Միևնույն ժամանակ, Ալիևը հույս ունի, որ չնայած Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը նա որակել է իբրև «երկրի ներքին գործ», Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության բոլոր դրույթները կյանքի են կոչվելու:
Ալիևը դժգոհել է, թե հայկական կողմն Ադրբեջանին չի տվել ականապատ տարածքների քարտեզները, ինչն իրենք որակում են իբրև պատերազմական հանցագործություն:
Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի ունենք ադրբեջանական կողմում, սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց ոչ պաշտոնական տվյալներով մինչև 300 հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ գերության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել



