ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի –Sputnik. Թուրքիայի գործողություններն ու հռետորաբանությունը լուրջ սպառնալիք են տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։ Ավելին` Անկարան փորձում է ամեն կերպ սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի ուղղությամբ, աջակցելով Ադրբեջանին և այդպիսով քաջալերելով նրան հետագա սրացման համար։ Այս մասին այսօր առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Թուրքիայի վարքը գնալով ավելի վտանգավոր է դառնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Այս պայմաններում կարևոր է Հայաստանի կարողությունն ինքն իրեն պաշտպանելու ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական ճակատում։ Նախևառաջ մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը։ Մենք պետք է նաև ճիշտ գնահատենք աշխարհաքաղաքական իրավիճակը», - ասաց արևելագետը։
Սաֆրաստյանը շատ կարևոր է համարում նաև Հայաստանի ռազմավարական դաշնակիցների հարցը։ Ըստ նրա` վերլուծելով իրավիճակը և զուգահեռներ տանելով 1918-1920 թվականներին Առաջին հանրապետության ժամանակաշրջանի հետ, գալիս ենք այն եզրահանգման, որ Հայաստանն այն ժամանակ պարտվել է, քանի որ չի կարողացել լուծել աշխարհաքաղաքական դաշնակիցների հարցը։ Առաջին հանրապետությունն այն ժամանակ միայնակ էր մնացել։
«Դա կարևոր դաս դարձավ մեր պետականության համար, և այսօր մենք ունենք աշխարհաքաղաքական, ռազմավարական դաշնակից, որը Ռուսաստանն է։ Պետք է կարողանանք առավելագույն օգուտ քաղել այդ հանգամանքից»,- հավելեց նա։
Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:
Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Թուրքիային
Երեկ գիշերվանից հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հարաբերական անդորր է։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 10 վիրավոր։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանն ու ու Ռուսաստանը պետք է մշտապես հասկանան, որ այն ճանապարհներով, որով ընթանում են Թուրքիան ու Ադրբեջանը, տարածաշրջանում անհնար է երկարատև խաղաղության հասնել։
Այս մասին Sputnik Արմենիայի հարթակում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել Է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։
Ռուս քաղաքական գործչի խոսքով՝ եթե պատկերավոր խոսենք, աա հերթական անգամ վիշապի ատամներ են ցանել, որոնք ապագայում կարող են ծիլեր տալ։ Ղարաբաղում հետպատերազմական և ընդանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի համատեքստում Զատուլինը նշում է, որ չափազանց շատ հարցեր են մնացել կադրից դուրս, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցը։
«Հաղթանակի էյֆորիան Ադրբեջանի հետ չար կատակ է խաղում։ Հենց Ադրբեջանն է վիշապի ատամներ ցանում։ Հաղթանակի շքահանդեսներ, հիշողություններ Էնվեր Փաշայի մասին, որոնք շքահանդեսի ժամանակ հնչեցրեց Թուրքիայի նախագահը և առհասարակ Ադրբեջանում ավելի ու ավելի աճող թուրքական ցուցադրական ներկայությունը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, չստիպել նրան վերանայել հարաբերությունները ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի հետ»,-ասաց Զատուլինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր զարգացնում է հարաբերությունները այդ երկու երկրների հետ, սակայն Մոսկվան երկարաժամկետ անհանգստության հիմքեր ունի։
Թուրքիայում «Իսլամական պետության» 10 գրոհային է ձերբակալվել
«Թե՛ Թուրքիայի պետական ալիքում հրապարակված քարտեզները՝ Կովկասի, Ղրիմի, Պովոլժիեի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ թուրքական հավակնություններով, թե՛ Թուրքիայի նախագահի ազգականի պարծենկոտ հայտարարություններն այն մասին, որ իրենց անօդաչուները կարող են պայքարել ռուսական ՀՕՊ համակարգերի դեմ՝ այս ամենը մի որոշակի խճանկար է դառնում»,-ավելացրել է Պետդումայի պատգամավորը։
Միաժամանակ, իհարկե, Զատուլինի համար բարդ է խոսել ամբողջ Ռուաստանի անունից, որտեղ, նա կարծում է, «ռուս-ադրբեջանական հարաբերությունների շատ երգիչներ կան»։ Նա նշել է նաև մարդկանց անուններ, որոնք «հունից դուրս են գալիս»՝ փորձելով ապացուցել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ համագործակցության ամբողջ «հմայքը»։ Դրանք են՝ Սերգեյ Մարկովը, Իգոր Կորոտչենկոն և Մաքսիմ Շեվչենկոն։ Ընդ որում՝ եթե առաջինը դա անում է քիչ թե շատ քաղաքակիրթ կերպով, ապա մյուս երկուսի գործողությունները հեռու են քաղաքակրթությունից։
«Այնպես որ մենք այստեղ ոչ միայն հայկական լոբբի ունենք, ինչպես ընդունված է կարծել ադրբեջանական մամուլում։ Եթե կարդանք այդ մամուլը, ապա օրինակ անձամբ իմ մասին կարող եմ ասել, որ ես ջուր չեմ խմում։ Ես միայն հայկական կոնյակ եմ խմում ամեն օր և հսկայական քանակով»,-ասում է պատգամավորը։
Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա՝ շփման գծի ողջ երկայնքով։ Առաջնագծի մարտական գործողություններից բացի, ադրբեջանական բանակը զանգվածային հրթիռահրետանային ռմբակոծման է ենթարկել Արցախի խաղաղ բնակավայրերը ՝ առավելագույն վնաս պատճառելով բնակչությանը։ Հարվածների արդյունքում զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում, ավերվել են Արցախի բազմաթիվ բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Ռազմական գործողությունները տևել են 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Դրա համաձայն լիակատար հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։
Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
«Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու նախագիծը ժամանակակից իրողություններում ու 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությամբ նախատեսված տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում չի կորցրել իր կարևորությունն ու նշանակությունը։ Ավելին, տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտի մասնագետները շարունակում են պնդել, որ ճանապարհը կարևոր է ոչ միայն Երևանի համար։
Դեռ երկու տարի առաջ նախագիծը հետաքրքրեց Չինաստանի գործընկերներին։ Փորձագետներն այն ժամանակ նշեցին, որ նախագծի իրականացման պարագայում ճանապարհը կարող է դառնալ «Նոր մետաքսի ճանապարհ» գլոբալ նախագծի մի մասը։
Նախագծի իրականացումն ու ավտոճանապարհի շահագործումը թույլ կտան Հայաստանին կարևոր տարանցիկ հանգույց դառնալ, որը կձևավորի Պարսից ծոց–Սև ծով միջանցքը, և երկիրը դուրս կբերի տրանսպորտային շրջափակումից։
Այս նախագծի կարևորությունը Երևանում հասկանում էին իշխանափոխությունից և՛ առաջ, և՛ հետո։ Իսկ օրերս Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարվել էր 2021 թվականին Թալին–Լանջիկ և Լանջիկ–Գյումրի հատվածի կառուցման մասին։
Հասկանալու համար, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ավտոմայրուղու շինարարության նախագծի իրականացման շրջանակում, մենք դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Գերատեսչության ճանապարհային դեպարտամենտից մեզ պատասխանեցին, որ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը լայնածավալ նախագիծ է, որը բաղկացած է 5 տրանշից։
«Աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են Տրանշ-1–ում. կառուցվել է Երևան–Աշտարակ, Երևան–Արտաշատ 31-կիլոմետրանոց ճանապարհը և 2016 թվականին հանձնվել շահագործման», – ասացին դեպարտամենտում։
Գերատեսչությունից նշեցին, որ ներկա պահին Տրանշ-2-ի անավարտ աշխատանքների ծավալի գնահատում է իրականացվում (Աշտարակ-Թալին 42 կմ երկարությամբ ճանապարհահատված)։ 2021 թվականի վերջին կապալառուի միջազգային մրցույթ կհայտարարվի։
Ապաշրջափակում չի կարող լինել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել․ փորձագետ
Դեպարտամենտից հիշեցրին, որ նշված տրանշով զբաղվում էր իսպանական Corsan Corviam Construccion S.A. ընկերությունը, որը 2018 թվականին դադարեցրեց շինարարական աշխատանքներն ու հեռացավ հայաստանյան շուկայից։ 2019 թվականի հուլիսին ընկերության հետ պայմանագիրը խզվեց կապալառուի կողմից պայմանագրի բազմաթիվ խախտումների, ինչպես նաև նրա անվճարունակության պատճառով։
2019 թվականի նոյեմբերին Միջազգային առևտրային պալատ դիմում էր ներկայացվել կապալառուի դեմ արբիտրաժային քննություն սկսելու մասին։ Գործընթացը շարունակվում է։
Գերատեսչությունից պարզաբանեցին, որ ներկա պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում Տրանշ-3-ում (Թալին–Լանջիկ` 18,7 կմ, Լանջիկ–Գյումրի` 27,5 կմ, ճանապարհների ընդհանուր երկարությունը` 46,2 կմ)։ Բացի այդ, նախագծման աշխատանքներ են տարվում 3 ենթահատվածից բաղկացած Տրանշ-4–ի շրջանակում Քաջարան–Ագարակ հատվածում։
«Նախագծի շինարարության ավարտի մասին կարելի է հստակ հայտարարել` տրանշներում ֆինանսական աղբյուրների ճշգրտումից և շինարարության մեկնարկից հետո», – հայտարարեցին դեպարտամենտում։
Ներկա պահին շինարարական աշխատանքներ են ընթանում Թալին–Լանջիկ, Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածներում։ Կապալառուն չինական Sinohydro Corporation ընկերությունն է։ Արդեն իրականացվել են հիմքի և ենթահիմքի աշխատանքները։ Ճանապարհի որոշ հատվածներ պատրաստ են ասֆալտապատման համար, գործընթացը կմեկնարկի 2021 թվականին։
Տրանշ–3-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին - 2023 թվականի սկզբին։
Հայաստանի տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը տրանսպորտային միջանցքը Երևանի համար կարևոր է համարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ ճանապարհի նշանակությունը չի փոխվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարությունների համատեքստում։
«Ճանապարհը ապաշրջափակման հարցի հետ անուղղակիորեն է կապված, այդ մայրուղին իր գործառույթն ունի, այն սկսել են կառուցել և այն գործելու է», – ասաց Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ իսկզբանե «Հյուսիս–Հարավ»–ը նախատեսված էր որպես տարանցիկ և կենտրոնական մայրուղի հայկական բեռների տեղափոխման համար, որը հնարավորություն կտա Իրանին, Վրաստանին, Հայաստանին կոմունիկացիոն կապ ունենալ։
Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի. Փաշինյան
Մայրուղին նախևառաջ նախատեսված է տարանցման համար և, ըստ էության, շարունակում է այդպիսին մնալ։ Ըստ նրա` միջանցքի գործարկումը թույլ կտա աշխուժացնել տրանսպորտային լոգիստիկան։ Ճանապարհը թույլ կտա Իրանից և Հայաստանից բեռներին անմիջապես ելք ապահովել դեպի վրացական Փոթի և Բաթում նավահանգիստներ։
«Այստեղ ուղիղ ճանապարհ կլինի դեպի ծով Վրաստանի տարածքով, ինչը կարևոր է ինչպես Երևանի, այնպես էլ Թեհրանի համար։ Ճանապարհը կապելու է Պարսից ծոցն ու Սև ծովը», – ասաց Հովհաննիսյանը։
Փորձագետն ընդգծեց, որ ավտոճանապարհը ծովայինից բավական կարճ է։ Իսկ լոգիստիկայում առանձնակի տեղ ու դեր ունեն ժամանակի և ծախսի գործոնները։
«Հյուսիս–Հարավ» նախագիծն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենալայնածավալ նախագծերից մեկն է։ Ճանապարհը կկրճատի տարածությունը իրանական սահմանից մինչև վրացական սահման 550 կմ–ից մինչև 490 կմ և կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։
Մեծ թվով ոստիկաններ փակել են Ազգային ժողովի հարակից Դեմիրճյան փողոցը։ Խորհրդարանում այս պահին կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին, իսկ Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքը։


