Վրաստան, արխիվային լուսանկար

Վրաստանում ավելի կարգապա՞հ են, թե՞ թեստերն են քիչ. դեսպանը՝ կորոնավիրուսի դեպքերի մասին

326
(Թարմացված է 18:09 27.04.2020)
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն ու վերլուծաբան Ջոնի Մելիքյանն այսօր ԱԺ կազմակերպած առցանց քննարկման ժամանակ փորձեցին պատասխանել հարցին, թե ինչպես է Վրաստանում հաջողվել կանխել վիրուսի տարածումն ու հիվանդության դեպքերի փոքր թիվ արձանագրել:

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Վրաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերը 496-ն են, մահվան դեպքերը՝ 6-ը, 5000 քաղաքացի մեկուսացված է: Ընդհանուր առմամբ կատարվել է կորոնավիրուսի շուրջ 12 000 թեստ: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած տեսակապի ընթացքում հայտնեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը:

«Վերջին շրջանում մամուլում շատ է արծարծվում այն հարցը, թե ինչու է Վրաստանում վարակվածների թիվն այսքան քիչ: Ես ուղղակի ուզում եմ ասել, որ Վրաստանում տիրում է կարգապահություն»,- ասաց նա:

Սադոյանը, սակայն, չթաքցրեց, որ Վրաստանում ավելի քիչ քանակով թեստավորում է իրականացվում, քան Հայաստանում ու որ այդ երկրի իշխանությունները ներկայում սպասում են թեստերի նոր խմբաքանակին:

Կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը ևս անդրադառնալով Վրաստանում վարակի դեպքերի թվին, հիշեցրեց, որ առաջին դեպքերն այդ երկրում արձանագրվել են փետրվարի 26-ին, բայց դեռևս հունվարի 28-ին Վրաստանի կառավարությունում արդեն միջկառավարական խորհուրդ էր ստեղծվել, որը պետք է զբաղվեր կորոնավիրուսի դեմ պայքարով:

«Ի սկզբանե նրանք սկսեցին կիրառել որոշակի սահմանափակումներ: Խնդիրներ եղան Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում, որոնք կարանտինային գոտիներ համարվեցին, մուտք ու ելքը փակվեց: Վարակն այստեղ բերվել էր Ադրբեջանից: Բայց հաջողվեց լոկալիզացնել ու կանխել հետագա տարածումը»,- նշեց Մելիքյանը:

Վերլուծաբանը հիշեցրեց Էջմիածին քաղաքում վարակի տարածման ու կարանտինի գոտի հայտարարելու դեպքը՝ հավելելով, որ ՀՀ իշխանություններին, ի տարբերություն Վրաստանի, չհաջողվեց լոկալիզացնել վարակն ու այն, չնայած սահմանափակումներին, տարածվեց:

Այդուհանդերձ, Մելիքյանը ևս չբացառեց, որ Վրաստանում գրանցված դեպքերի փոքր թիվը կարող է ուղիղ համեմատական լինել կատարված թեստերի թվին:

«Միգուցե ավելի շատ թեստ անեին՝ ավելի շատ դեպքեր կգրանցվեին»,- ընդգծեց նա:

Վրաստանում երկարացրել են արտակարգ դրության ռեժիմն ու մեքենայով տեղաշարժվելու արգելքը

Միաժամանակ, փորձագետի խոսքով, Վրաստանում վարակի տարածումն ավելանում է, և իշխանությունները բացասական սպասումներ ունեն: Վիճակը հարևան հանրապետությունում, վերլուծաբանի խոսքով, էլ ավելի բարդացավ Սբ. Զատիկի տոնից հետո, քանի որ ի տարբերություն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի եկեղեցին չաջակցեց իշխանություններին ու չփակեց եկեղեցական արարողությունների մուտքը քաղաքացիների համար:

326
թեգերը:
կորոնավիրուս, Ջոնի Մելիքյան, Դեսպան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (702)
Ըստ թեմայի
Վրաստանը հատուկ չվերթով կբերի ԱՄՆ-ում մնացած հայ դպրոցականներին
Տուգանքը` 3000 լարի. Վրաստանը նոր կանոններ է սահմանել իր տարածք մտնող բեռնատարների համար
Ի՞նչ վիճակում է Վանաձորից Վրաստանի սահման տանող ճանապարհը
ՀՀ քաղաքացիների չորրորդ խումբը Վրաստանից գալիս է Հայաստան. լուսանկարներ
Գազի խողողվակ

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

114
(Թարմացված է 23:14 26.05.2020)
Կոմերցիոն գաղտնիքի նկատառումներից ելնելով՝ նախարարը չի խոսել հստակ թվերից, սակայն նշել է, որ բնական գազի գինը կնվազի 15%-ով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի  – Sputnik. Վրաստանի իշխանությունը վերանայել է «Գազպրոմի» հետ ընթացիկ պայմանագիրն ու ներկրվող գազի գնի նվազեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերել։ Այս տեղեկությունը վրացի լրագրողների հետ զրույցում հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան։

«Հաշվի առնելով բարձր մրցակցությունն  ու նաև նավթամթերքի գնի անկումը՝ մենք վերանայել ենք պայմանագիրը «Գազպրոմի» հետ։ Դա կնպաստի գազի գնի նվազեցմանը», - ասել է Տուրնավան։

Կոմերցիոն գաղտնիքի նկատառումներից ելնելով՝ նախարարը հստակ թվեր չի ասել, բայց նշել է, որ բնական գազի գինը կնվազի 15%-ով։

Նա հավելել է նաև, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի գինն ավելի իջեցնել, ամեն ինչ կախված է շուկայից։

2019 թվականին Վրաստանը հայտնել էր «Գազպրոմից» քիչ ծավալով գազ գնելու պայմանագիր կնքելու մասին։ 2019 թվականին Վրաստանը 160 խորանարդ մետր գազ է գնել, ինչը կազմել է ներմուծման ընդհանուր ծավալի մոտ 5%-ը։ Նշենք, որ Վրաստանը 2006 թվականից Ռուսաստանից գազ չէր գնում։

Հիշեցնենք՝ մինչ 2016 թվականը «Գազպրոմը» բնամթերքով էր վճարում գազի տարանցման դիմաց․ Վրաստանը գազի ֆիքսված ծավալ էր ստանում դեպի Հայաստան տարանցումն իրականացնելու համար։ 2016 թվականից Վրաստանը փոխել է մոտեցումը  բոլոր այն երկրների հետ, որոնց հետ տարանցման պայմանագրեր ունի։

Ինչո՞ւ գազի միասնական գին չի սահմանվում. Պուտինը պատասխանեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին

Ընդդիմությունը մեղադրում էր իշխանությանը, որ նպաստում է ռուսական ընկերության ներթափանցմանը վրացական շուկա, հատկապես, որ նոր համաձայնագրով Վրաստանը մի քանի տասնյակ միլիոն դոլար պակաս է ստացել։

Նշենք, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ տարեկան մինչև 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվում մեր երկիր։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը նվազեցնելու հնարավորություն կա։ 2019 թ-ի հունվարի 1-ից ռուսական գազի գինն աճել է հազար խորանարդ մետրի դիմաց 150-ից մինչև 165 դոլար, բայց բնակչության համար սակագինը մնացել է նույնը՝ ընկերության ծախսերի կրճատման հաշվին։

 

114
թեգերը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերություն, Ռուսաստան, գազի սակագին, գազ, Վրաստանի Հանրապետություն
Հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք

Կյանքեր փրկելով. հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք

40
(Թարմացված է 12:35 26.05.2020)
Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Հալեպում երեկ` մայիսի 25-ին, կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին:

Ինչպես տեղեկացնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից, Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվել է, որ մաքրվել է երկու ականադաշտ՝ մոտ 51000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 200 զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ: Հալեպի իշխանություններին հանձնվել են նաև ականազերծված տարածքների քարտեզները, ստորագրվեցին հանձնման-ընդունման վկայականները:

Церемония передачи разминированных территорий армянской гуманитарной миссии властям Сирии (25 мая 2020). Алеппо
Հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք

Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Ահմեդ Յասինը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հակամարտող կողմերի հաշտեցման Հալեպում տեղակայված ռուսական կենտրոնի ղեկավարությունը, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով հյուրերին` Արկադի Տոնոյանը համառոտ ներկայացրեց ականազերծման գործառույթները և ընթացիկ տարում կատարված աշխատանքները, վստահություն հայտնեց դրանց շարունակականության վերաբերյալ.

«Գարնանը սկսված աշխատանքների արդյունքում, անգամ համաճարակային սահմանափակումների պայմաններում, հայ սակրավորները միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծել են մոտ 5 հեկտար հողատարածք. հայտնաբերել և վնասազերծել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ»,–ասաց նա:

Փոխնահանգապետ Ահմեդ Յասինը կարևորեց կենտրոնի աշխատանքները և հույս հայտնեց, որ ականազերծման գործընթացի ակտիվացումը կնպաստի Հալեպի ժողովրդի վերադարձին իրենց բնակավայրեր։

«Ամենամյա ականազերծման աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, իսկ գլխավորը` նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը»,–ասաց նա:

Սիրիայի ժողովուրդը գնահատում է հայերի աշխատանքը. ի՞նչ է արել մեր առաքելությունը ապրիլին

Այսպիսով, Հումանիտար առաքելություն իրականացնող խումբն իր գործունեության ամբողջ ընթացքում Հալեպի իշխանություններին օգտագործմանն է հանձնել 142.000 քառակուսի մետր ականազերծված տարածք:

Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

40
թեգերը:
Հալեպ, ական, Սակրավոր, հայ, Սիրիա
Ըստ թեմայի
Զինյալները Սիրիայի Էբլա հնագույն քաղաքի պեղումների տարածքից ոսկի են հափշտակել 
Ասադի «հրաժարականի» լուրերի ֆոնին․ Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում
Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտնել է` երբ է նախատեսվում Դամասկոս–Երևան չվերթը

Բեթղեհեմում գտնվող տաճարը բացվել է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ներկայությամբ

0
Բացման արարողությանը ներկա են եղել տաճարի պատասխանատու երեք եկեղեցիների ղեկավարները։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Բեթղեհեմի Սուրբծննդյան տաճարը եռամսյա դադարից հետո բացվել է հավատացյալների համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Երուսաղեմի աջակցության մահմեդական–քրիստոնեական հիմնադրամի նախագահ Հաննա Իսսան։

Տաճարը փակ էր մարտի 5-ից։ Իսսան ասել է, որ մի քանի քրիստոնյա հոգևորականներ են հետևել եկեղեցու բացման արարողությանը։

Ներկա են եղել տաճարի պատասխանատու երեք եկեղեցիների ղեկավարները (Երուսաղեմի ուղղափառ եկեղեցի, Երուսաղեմի Հայոց պատրիարքություն, Երուսաղեմի լատինական պատրիարքարանի կաթոլիկ եկեղեցի – խմբ․)։

Տաճարը քրիստոնյա աշխարհի ամենանշանակալի սրբավայրերից է, ըստ ավանդության` կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու ամիս փակ մնալուց հետո բացվել է նաև Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը։

0