Արտաշես Թումանյան, արխիվային լուսանկար

Հայաստանն Իրանի հետ առևտրային դրական հաշվեկշիռ ունի, ավելի լավ, քան հարևանները. դեսպան

68
(Թարմացված է 20:09 03.09.2019)
Հայաստանի արտահանման մեջ գերակշիռ մաս են կազմում էլեկտրականությունը, ոչխարի միսը և մարտկոցների ջարդոնները։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն առևտրային դրական հաշվեկշիռ ունի Իրանի հետ, նկատելիորեն ավելի լավ, քան հարևանները։ Այս մասին ՀՀ ԱԺ–ում քննարկումների ժամանակ հայտարարեց Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը։

Իհարկե, Իրանի հետ առևտրաշրջանառությունը համեմատաբար ցածր է, սակայն ներկայիս պայմաններում այն չի կարող ավելի բարձր լինել։ Դեսպանի խոսքով` Իրանի ողջ տնտեսական քաղաքականությունը արտաքին աշխարհին դիմադրելու քաղաքականությունն է։

«Պաշտոնական մակարդակով բաց հայտարարվում է. «Մենք պետք է հնարավորինս շատ արտահանենք և հնարավորինս քիչ գնենք, հնարավորինս մեծ կապիտալ ներգրավենք և հնարավորինս քիչ ներմուծենք»։ Մեքքա ուխտագնացություն իրականացնելու ժամանակ դավանակիցներին նույնիսկ խորհուրդ է տրվում նվերները երկրի ներսից գնել, այլ ոչ արտերկրում», – նկատեց դեսպանը։

Ի դեպ, Հայաստանին հաջողվում է բավականին մեծ ծավալով ապրանք արտահանել Իրան։ Այսպես, օրինակ` 2018 թվականին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` արտահանումը Իրան կազմել է 94 մլն դոլար, Իրանից ներմուծումը` 270 մլն դոլարից մի փոքր պակաս։

Համեմատության համար ասենք, որ ՄԱԿ–ի արտաքին առևտրի բազայի (Comtrade) տվյալներով`Ադրբեջանն Իրան արտահանել է մոտ 3 մլն դոլարի ապրանք, ներկրել` 320 մլն դոլարից մի փոքր ավելիի։

Հասան Ռոհանին հայտնել է` որ դեպքում ամերիկացիների հետ երկխոսության կգնա

Միևնույն ժամանակ Հայաստանից Իրան արտահանման մոտ 80%–ը կազմում է էլեկտրականությունը(2018 թվականին` 83%)։ Հայաստանն այն արտահանում է բարտերային տարբերակով, փոխարենը ստանում է գազ, որն ուղղում է իր ջերմային էլեկտրակայաններին։ Հայաստանի Երևանի և Հրազդանի ՋԷԿ–երից յուրաքանչյուրը 1 խմ գազից 4 – 4,5 կՎտ/ժ հոսանք է արտադրում։ Դրանից 3-ը բարտերով տալիս են Իրանին, իսկ ավելցուկը մնում է Հայաստանի էներգահամակարգում։ Մեկ այլ խոշոր նախագիծ է ոչխարի մսի արտահանումը (2018 թվականին` 12%)։ Արտահանման երրորդ համեմատած մեծ հատվածը մարտկոցների ջարդոնին է բաժին ընկնում։ Այդպիսով`մյուս ապրանքներին միասին վերցված բաժին է ընկնում արտահանման միայն 4%–ը։

Նշենք, որ Իրանի հետ Հայաստանի արտահանման համար նոր հեռանկարներ են բացվել Եվրասիական միության համաձայնագրի շնորհիվ։ Դեսպանի խոսքով` համաձայնագիրն ընդհանուր առմամբ նախատեսում է 862 անուն ապրանքների սակագների նվազեցում և մաքսային ընթացակարգերի թեթևացում։ Դրանցից 362–ը ԵԱՏՄ ապրանքներն են իրանական շուկայում, իսկ 500–ը` հակառակը։

«Իհարկե, Իրանն ավելի շատ ապրանքային խմբեր ունի, սակայն ԵԱՏՄ–ն էլ արտոնություններ է ստացել մի շարք ապրանքների համար։ Այդ 362–ի մեջ կան նաև 10-12 անուն ապրանքներ, որոնք առաջարկել է Հայաստանի կառավարությունը», – նկատեց դեսպանը։

Հայաստանի համար ձեռնտու ապրանքներից Իրանը ԵԱՏՄ–ի համար կնվազեցնի հանքային ջրի և լիմոնադի, շոկոլադի և այլ քաղցրավենիքի տուրքերը։ Արտոնություն կստանա նաև տեքստիլ արտադրանքը։ Ոսկերչական իրերի (Հայաստանի համար մեկ այլ կարևոր շուկա) համար Իրանը տուրքերը չի նվազեցրել, սակայն վերացրել է ոչ սակագնային սահմանափակումները։ Մասնավորապես, Իրան մաքսակետով չի կարելի 150 գրամից ավելի ոսկերչական իրեր տեղափոխել։ ԵԱՏՄ երկրների համար այդ սահմանափակումը կհանվի։

ԵԱՏՄ–ի և Իրանի միջև արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի վերջից։

68
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), առևտուր, տնտեսություն, Արտաշես Թումանյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Հայաստան–Իրան գործակցություն (81)
Ըստ թեմայի
«Զարիֆն ահաբեկիչ է». Ստոկհոլմում փորձել են տապալել Իրանի արտգործնախարարի դասախոսությունը
Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան