Վերին Լարսի

Կարևոր է Հայաստանի, շահավետ՝ Վրաստանի համար․ ինչու է Թբիլիսին ճանապարհ կառուցում դեպի «Վերին Լարս»

281
Թբիլիսին հայտարարել է խոշոր նախագծի՝ Կոբի-Քվեշեթ ճանապարհի շինարարության իրագործման մասին, որը հենց Վրաստանում ոչ միանշանակ գնահատականի է արժանացել։ Ոմանք կարծում են, որ երկիրն իզուր է պարտքերի մեջ խրվում, մյուսները դա անհրաժեշտություն են համարում։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik, Լաուրա  Սարգսյան․ Վրաստանում Կոբի-Գուդաուր ավտոմոբիլային ճանապարհի արդիականացումը շահավետ է առաջին հերթին այդ երկրին, հետո նոր՝ հարևաններին։ Դրանում համոզված է Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան։

Ադրբեջանցի Բայրամովան հիացած է դեսպան Սադոյանով. նա չի վախենում «դավաճան» համարվելուց

Ավելի վաղ Վրաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վանո Մաչավարիանին վրացական կայքերից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ «Քվեշետ-Կոբի» ճանապարհահատվածի վերանորոգումն առաջին հերթին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի կոմերցիոն շահերին։ Ավելին, նա ասել էր, որ հենց այդ երկրների ջանքերով է Ասիական զարգացման բանկը աջակցել նախագծին։ Վրաստանի համար ճանապարհի արդիականացման անհրաժեշտություն Մաչավարիանին չի տեսնում՝ ընդգծելով, որ արդյունքում վարկը 20 տարի ստիպված կլինի վճարել պաշտոնական Թբիլիսին։

Սակայն Ցիպուրիան համակարծիք չէ նրա հետ։ Նա նշում է, որ ճանապարհն իսկապես կենսական անհրաժեշտություն է ներկայացնում Հայաստանի համար, սակայն պակաս շահավետ չէ նաև Վրաստանի համար։

«Ճանապարհի շինարարությունը և արդիականացումը թույլ կտա բարձրացնել անվտանգությունը։ Այնտեղ մի քանի անգամ փլուզումներ են եղել։ Եթե ճանապարհը ձեռնտու չլիներ մեզ,  ապա մենք չէինք շոշափի այդ հարցը», - ասաց Ցիպուրիան։

Նա նշեց, որ ճանապարհը ձեռնտու է բոլորին՝ հաշվի առնելով, որ հույս չկա, թե մոտ ապագայում «Վերին Լարսի» այլընտրանք ճանապարհը` Աբխազիայուվ և Հարավային Օսեթիայով անցնող, կկառուցվի։

Ցիպուրիան նշեց, որ յուրաքանչյուր բեռնատար Հայաստան- Վրաստան սահմանին վճարում է 200 լարի (մոտ 80 դոլար)։ Թեև դա մեծ գումար չէ, սակայն 2-3 տոկոս ավանդ է ճանապարհի արդիականացման ընդհանուր արժեքի մեջ։ Ուստի նա խորհուրդ է տալիս չանտեսել այդ գործոնը։

Առաքելյան. «Վրաստանի նախաձեռնած ծրագիրը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար»

Մյուս կողմից, այդ ճանապարհով անցնում են ոչ միայն փոխադրողները, այլ նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Բացի դրանից, պաշտոնական Թբիլիսիի համար այդ ճանապարհով ապրանքները Միջին Ասիա տեղափոխելն ավելի էժան է, քան նավահանգիստներով և լաստանավով։

«Նոր ճանապարհը միշտ էլ օգտակար է», - բացատրեց Ցիպուրիան։

Նա հույս հայտնեց, որ «Կոբի-Քվեշետ» ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի երեք տարուց և փոխադրողներն ու զբոսաշրջիկները կկարողանան անվտանգ երթևեկել այդ ճանապարհով նաև ձմռանը։

Միաժամանակ, «Տրանպորտային առաքողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ճանապարհի արդիականացումը մեծ առավելություն է ցանկացած երկրի, հատկապես` Վրաստանի համար։

«Հարցն ավելի շատ քաղաքական հարթությունում է, այլ ոչ թե տնտեսական։ Ի դեպ, Վրաստանը կարող է նույնիսկ գումար վաստակել՝ ճանապարհը վճարովի դարձնելով, ինչպես դա ընդունված է աշխարհում», - ասաց Հովհաննիսյանը։

Սակայն նա համակարծիք չէ, որ դա Թբիլիսիի բարի կամքի դրսևորում է։ Միանշանակ, Վրաստանն իր նպատակներն է հետապնդում՝ գնալով նախագծի իրագործմանը։ Մասնավորապես, այն կարող է հետագայում օգտագործվել սեփական ապրանքները ԵԱՏՄ երկրներ առաքելու համար։

Նշենք, որ խոսքը Կոբի-Քվեշեթ ճանապարհի (այն տանում է դեպի «Վերին Լարս») շինարարություն խոշոր նախագծի մասին է, որի շրջանակում կվերակառուցվի Կոբի-Գուդուար հատվածը։ Ձմռանն այդ ճանապարհը պարբերաբար փակվում է ձյան պատճառով։

Լույս թունելի վերջում, կամ ինչու «Վերին Լարսի» խնդիրը անհնար է լուծել առանց Վրաստանի

Նախագծի համաձայն` Վրաստանի իշխանությունները մտադիր են կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել, որոնց թվում՝ 9-կիլոմետրանոց թունել Կրեստովի լեռնանցքի տակ։ Դա կլինի Եվրոպայի ամենաերկար թունելներից և ամենաբարդ ինժեներային կառույցներից մեկը։

Շինարարության մասին նախագիծը վերջնականապես կստորագրվի առաջիկա օրերին։ Ռուս-վրացական սահման տանող նոր ճանապարհի շինարարությունը կսկսվի 2019թ-ի վերջին։

281
թեգերը:
Ճանապարհ, Վերին Լարս, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան