Ինքնաթիռ

Սկանդալ թուրքական օդանավում. ուղևորներն իրար են ծեծել մի կնոջ համար. տեսանյութ

723
(Թարմացված է 18:54 04.08.2019)
Համացանցում է հայտնվել «Թուրքական ավիաուղիների» օդանավում ռուս զբոսաշրջիկների միջև ծագած ծեծկռտուքի տեսագրությունը:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի-  Sputnik. Համացանցում տեսագրություն է տարածվել, որում երևում է, թե ինչպես են 5 ուղևոր փորձում բաժանել երկու ռուսների, որոնք ծեծկռտուք են սկսել Ստամբուլ-Եկատերինբուրգ չվերթն իրականացնող «Թուրքական ավիաուղիների» օդանավում:

«Դուք լրի՞վ գժվել եք»,- ասում է ուղևորներից մեկը՝ փորձելով բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին:

Բարեբախտաբար, վիճաբանությունը սկսվել է ոչ թե թռիչքի, այլ ուղևորների նստեցման ժամանակ: Ընդ որում, ականատեսների խոսքով ծեծկռտուքի պատճառը եղել է մի կին:

Արդյունքում, Ստամբուլ-Եկատերինբուրգ չվերթն իրականացնել պատրաստվող օդանավի թռիչքը հետաձգվել է 45 րոպեով: Վերջում օդանավը թռել է առանց երեք ուղևորի. ծեծկռտուքի մասնակիցներին պարզապես իջեցրել են օդանավից:

 

 

723
թեգերը:
ուղևոր, Ծեծկռտուք, ռուս, Ռուսաստան, ինքնաթիռ, Ստամբուլ, Թուրքիա
Ըստ թեմայի
«Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի սիրալիր վերաբերմունքը պայմանավորված է շահով». Սաֆրաստյան
«Էրդողանը վնասում է». նախկին արտգործնախարար Դավութօղլուն քննադատել է Թուրքիայի նախագահին
Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունը ոչ մի դեպքում ջերմ չես անվանի. Լուկյանով
Автотрасса Север-юг

Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա

249
(Թարմացված է 23:43 28.02.2021)
«Հյուսիս–Հարավը» անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ նախագծերից մեկն է, որի իրականացման հարցում շահագրգռված է ոչ միայն Երևանը, այլև Թեհրանն ու Թբիլիսին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

«Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու նախագիծը ժամանակակից իրողություններում ու 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությամբ նախատեսված տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում չի կորցրել իր կարևորությունն ու նշանակությունը։ Ավելին, տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտի մասնագետները շարունակում են պնդել, որ ճանապարհը կարևոր է ոչ միայն Երևանի համար։

Դեռ երկու տարի առաջ նախագիծը հետաքրքրեց Չինաստանի գործընկերներին։ Փորձագետներն այն ժամանակ նշեցին, որ նախագծի իրականացման պարագայում ճանապարհը կարող է դառնալ «Նոր մետաքսի ճանապարհ» գլոբալ նախագծի մի մասը։

Նախագծի իրականացումն ու ավտոճանապարհի շահագործումը թույլ կտան Հայաստանին կարևոր տարանցիկ հանգույց դառնալ, որը կձևավորի Պարսից ծոց–Սև ծով միջանցքը, և երկիրը դուրս կբերի տրանսպորտային շրջափակումից։

Այս նախագծի կարևորությունը Երևանում հասկանում էին իշխանափոխությունից և՛ առաջ, և՛ հետո։ Իսկ օրերս Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարվել էր 2021 թվականին Թալին–Լանջիկ և Լանջիկ–Գյումրի հատվածի կառուցման մասին։

Ի՞նչ է հայտնի նախագծի մասին, և ե՞րբ այն կավարտվի

Հասկանալու համար, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ավտոմայրուղու շինարարության նախագծի իրականացման շրջանակում, մենք դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Գերատեսչության ճանապարհային դեպարտամենտից մեզ պատասխանեցին, որ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը լայնածավալ նախագիծ է, որը բաղկացած է 5 տրանշից։

«Աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են Տրանշ-1–ում. կառուցվել է Երևան–Աշտարակ, Երևան–Արտաշատ 31-կիլոմետրանոց ճանապարհը և 2016 թվականին հանձնվել շահագործման», – ասացին դեպարտամենտում։

Գերատեսչությունից նշեցին, որ ներկա պահին Տրանշ-2-ի անավարտ աշխատանքների ծավալի գնահատում է իրականացվում (Աշտարակ-Թալին 42 կմ երկարությամբ ճանապարհահատված)։ 2021 թվականի վերջին կապալառուի միջազգային մրցույթ կհայտարարվի։

Ապաշրջափակում չի կարող լինել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել․ փորձագետ

Դեպարտամենտից հիշեցրին, որ նշված տրանշով զբաղվում էր իսպանական Corsan Corviam Construccion S.A. ընկերությունը, որը 2018 թվականին դադարեցրեց շինարարական աշխատանքներն ու հեռացավ հայաստանյան շուկայից։ 2019 թվականի հուլիսին ընկերության հետ պայմանագիրը խզվեց կապալառուի կողմից պայմանագրի բազմաթիվ խախտումների, ինչպես նաև նրա անվճարունակության  պատճառով։

2019 թվականի նոյեմբերին Միջազգային առևտրային պալատ դիմում էր ներկայացվել կապալառուի դեմ արբիտրաժային քննություն սկսելու մասին։ Գործընթացը շարունակվում է։

Գերատեսչությունից պարզաբանեցին, որ ներկա պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում Տրանշ-3-ում (Թալին–Լանջիկ` 18,7 կմ, Լանջիկ–Գյումրի` 27,5 կմ, ճանապարհների ընդհանուր երկարությունը` 46,2 կմ)։ Բացի այդ, նախագծման աշխատանքներ են տարվում 3 ենթահատվածից բաղկացած Տրանշ-4–ի շրջանակում Քաջարան–Ագարակ հատվածում։

«Նախագծի շինարարության ավարտի մասին կարելի է հստակ հայտարարել` տրանշներում ֆինանսական աղբյուրների ճշգրտումից և շինարարության մեկնարկից հետո», – հայտարարեցին դեպարտամենտում։

Ներկա պահին շինարարական աշխատանքներ են ընթանում Թալին–Լանջիկ, Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածներում։ Կապալառուն չինական Sinohydro Corporation ընկերությունն է։ Արդեն իրականացվել են հիմքի և ենթահիմքի աշխատանքները։ Ճանապարհի որոշ հատվածներ պատրաստ են ասֆալտապատման համար, գործընթացը կմեկնարկի 2021 թվականին։

Տրանշ–3-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին - 2023 թվականի սկզբին։

Իսկ փաստացի՞

Հայաստանի տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը տրանսպորտային միջանցքը Երևանի համար կարևոր է համարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ ճանապարհի նշանակությունը չի փոխվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարությունների համատեքստում։

«Ճանապարհը ապաշրջափակման հարցի հետ անուղղակիորեն է կապված, այդ մայրուղին իր գործառույթն ունի, այն սկսել են կառուցել և այն գործելու է», – ասաց Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ իսկզբանե «Հյուսիս–Հարավ»–ը նախատեսված էր որպես տարանցիկ և կենտրոնական մայրուղի հայկական բեռների տեղափոխման համար, որը հնարավորություն  կտա Իրանին, Վրաստանին, Հայաստանին կոմունիկացիոն կապ ունենալ։

Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի. Փաշինյան

Մայրուղին նախևառաջ նախատեսված է տարանցման համար և, ըստ էության, շարունակում է այդպիսին մնալ։ Ըստ նրա` միջանցքի գործարկումը թույլ կտա աշխուժացնել տրանսպորտային լոգիստիկան։ Ճանապարհը թույլ կտա Իրանից և Հայաստանից բեռներին անմիջապես ելք ապահովել դեպի վրացական Փոթի և Բաթում նավահանգիստներ։

«Այստեղ ուղիղ ճանապարհ կլինի դեպի ծով Վրաստանի տարածքով, ինչը կարևոր է ինչպես Երևանի, այնպես էլ Թեհրանի համար։ Ճանապարհը կապելու է Պարսից ծոցն ու Սև ծովը», – ասաց Հովհաննիսյանը։

Փորձագետն ընդգծեց, որ ավտոճանապարհը ծովայինից բավական կարճ է։  Իսկ լոգիստիկայում առանձնակի տեղ ու դեր ունեն ժամանակի և ծախսի գործոնները։

«Հյուսիս–Հարավ» նախագիծն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենալայնածավալ նախագծերից մեկն է։  Ճանապարհը կկրճատի տարածությունը իրանական սահմանից մինչև վրացական սահման 550 կմ–ից մինչև 490 կմ և կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։

249
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Ըստ թեմայի
Երկաթուղային հաղորդակցության սխեման Հարավային Կովկասում` ապաշրջափակումից հետո
Ֆրանսիական ռազմական օգնությունը Հայաստանին. ի՞նչ է թաքնված դրա հետևում
«Հյուսիս–հարավ» ճանապարհի շինարարությունը շարունակվում է. մանրամասներ
Իլհամ Ալիև

Ալիևը հայտարարել է, թե բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին

420
(Թարմացված է 12:34 26.02.2021)
Ասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահը ադրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրարի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին է հանձնել Երևանին:

«Մենք նրանց վերադարձրեցինք բոլոր գերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվեց ավելի քան 1000 դիակ», - ասել է նա ՝ ավելացնելով, որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:

Միևնույն ժամանակ, Ալիևը հույս ունի, որ չնայած Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը նա որակել է իբրև «երկրի ներքին գործ», Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության բոլոր դրույթները կյանքի են կոչվելու:

Ալիևը դժգոհել է, թե հայկական կողմն Ադրբեջանին չի տվել ականապատ տարածքների քարտեզները, ինչն իրենք որակում են իբրև պատերազմական հանցագործություն:

Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի ունենք ադրբեջանական կողմում, սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց ոչ պաշտոնական տվյալներով մինչև 300 հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ գերության մեջ:

420
թեգերը:
Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, ռազմագերի, գերի, Ադրբեջան, Իլհամ Ալիև
Ըստ թեմայի
ՀՀ նախագահն ու Մուրադովը հանդիպում են. քննարկվում է գերիների հարցը
Գերիների վերադարձ, սահմանազատում. էլ ի՞նչ են քննարկել Արմեն Սարգսյանն ու Ռուստամ Մուրադովը
Ադրբեջանը շարունակում է որպես գործիք օգտագործել գերիների վերադարձի հարցը. Այվազյան
Արթուր Վանեցյան

Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան

0
(Թարմացված է 12:48 03.03.2021)
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։

«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։

Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

0
թեգերը:
Արմեն Սարգսյան, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վարչապետը նախագահին առաջարկում է ինչ–որ մեկին ազատել, ու խնդիր է առաջանում. Ալեն Սիմոնյան
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ