Ստամբուլ

Օսմանյան մեծ ախորժակ. Թուրքիայի թիրախում հիմա էլ Լիբիա՞ն է

150
Կիպրոսից, Սիրիայից ու Իրաքից հետո թուրքական ռազմական միջամտությունը Լիբիա է հասել։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիս – Sputnik. Լիբիայի ազգային բանակի ու Թուրքիաի հարաբերությունները վերջին օրերին կտրուկ սրվել են։

Հունիսի վերջին հրամանատար մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակը (ԼԱԲ) մեղադրել է Թուրքիային երկրի գործերին ուղղակիորեն միջամտելու մեջ։ Զինվորականները հրաման են ստացել փակել երկինքը Տրիպոլի թռչող թուրքական քաղաքացիական ինքնաթիռների համար ու հարձակվել թուրքական նավերի վրա։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում արաբագետ Սարգիս Գրիգորյանն ասաց, որ Քադաֆի տապալումից հետո երկիրը մի քանի մասի է բաժանվել, որից մեկը կառավարում է Խալիֆ Հաֆթարը։ Տրիպոլիում իշխում է Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ), որը Հաֆթարի գլխավորությամբ Լիբիայի ազգային բանակի հետ ռազմական գործողություններ է իրականացնում։

«Երկար ժամանակ է ԱՀԿ–ն աջակցություն է ստանում մի շարք երկրներից, առաջին հերթին` Թուրքիայից։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ երկու ճամբարների բախումների արդյունքում պարբերաբար հաղորդագրություններ են հայտնվում վնասված կամ կործանված արտասահմանյան տեխնիկայի, այդ թվում` թուրքական ԱԹՍ–ի մասին», – ասաց Գրիգորյանը։

Թուրքիայի հետ հարաբերությունների վերջին սրացման ֆոնին համացանցում տեսանյութեր են հայտնվում, որոնցում լիբացիներն, օրինակ, թուրքական դրոշը մեքենաների անիվների տակ են գցում։

Արաբագետի խոսքով` Թուրքիայի ու Հաֆթարի բանակի անմիջական բախումը քիչ հավանական է։ Անկարան դժվար է այդ քայլին դիմի, բայց կշարունակի օգնել ուժերին, որոնք ԼԱԲ–ի դեմ են պայքարում։

Մի քանի շաբաթ առաջ Հաֆթարը սկսել էր հարձակում գործվել երկրի ԱՀԿ–ի կառավարած մայրաքաղաքի վրա, սակայն ռազմական գործողություններն այդքան էլ բարեհաջող չեն ընթանում։

«Դեռ պայքարի վերջը չի երևում։ Շատ բան կախված է տեղական ցեղերից, որոնց մի մասը Հաֆթարի կողմնակիցներն են, մյուսը` Տրիպոլիի կառավարության», – ասաց Գրիգորյանը։

Եթե նրանց դիրքորոշումներում փոփոխություններ լինեն, իրավիճակն այլ զարգացում կստանա։ Գրիգորյանի գնահատմամբ` ուժերը մոտավորապես հավասար են։

Հուլիսի 1–ին ԼԱԲ–ը «համընդհանուր զորահավաք» է հայտարարել Թուրքիայի հետ հարաբերությունների սրացման ֆոնին։ Բացի այդ, որոշ ժամանակով ձերբակալվել էին Թուրքիայի 6 քաղաքացիներ (ի պատասխան դրան Թուրքիան հայտարարել է ԼԱԲ–ի օբյեկտների վրա հարձակման հնարավորության մասին)։

Հուլիսի 3–ին հայտնի է դարձել, որ Տրիպոլիի մոտակայքում միգրանտների կենտրոնի վրա գործած ավիահարձակման հետևանքով 44 մարդ է մահացել, ավելի քան 130–ը վնասվածքներ են ստացել։ ԱՀԿ–ն մեղադրել է Հաֆթարին հարված հասցնելու մեջ, Թուրքիան էլ պահանջել է միջադեպի հետ «կապ ունեցող բոլորին պատասխանատվության ենթարկել»։

Հիշեցնենք` ապրիլին հայտնի էր դարձել, որ Լիբիայի ժամանակավոր կառավարությունը (որը Հաֆթարի կողմից է) ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության օր ճանաչման մասին բանաձև է պատրաստում։

150
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Պատերազմ, Թուրքիա, Սիրիա
Ըստ թեմայի
Լիբիայի ափերի մոտ հինգ օրում շուրջ 100 փախստականի մարմիններ են գտել
Մուամար Քադաֆու որդին մտադիր է Լիբիայի նախագահ առաջադրվել
Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը