Երևան-Վան ուղիղ չվերթ

Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում

1391
(Թարմացված է 21:33 10.06.2019)
Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի վերջին մայրաքաղաքից դեպի առաջին մայրաքաղաք կարելի էր հասնել ընդամենը 35 րոպեում և` ուղիղ չվերթով: Երևան-Վան ուղիղ չվերթը պատմական իրադարձություն է, որն իրականություն դարձավ մեր օրերում։

Աննա Վարդանյան, Լուսինե Մկրտչյան. Sputnik Արմենիա

Առաջին անգամ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, մայիսի 30–ին ուղիղ չվերթով մեկնում է 2845 տարեկան Վան քաղաք։ Չվերթը չարթերային էր, հատուկ Համահայկական խաղերի պատվիրակության համար, որոնք ամառային 7–րդ խաղերի ջահը պիտի վառեին Մուսալեռում։

Օդանավը ուղղություն վերցրեց դեպի հյուսիս-արևմուտք՝ անցնելով հայ-թուրքական ներկա սահմանը: Առաջին տեսարանը, որ բացվեց պատվիրակության առջև, Արարատ լեռն էր, բայց արդեն Արաքսի աջ ափից:

Թռիչքն ընթացավ Երվանդաշատի, Կաղզվանի, Հայկական պարի ու Մանազկերտի վրայով, դուրս եկավ ձյունագագաթ Սիփան լեռան վրա, պտտվեց Վանա լճի վրայով դեպի արևելք և մեր պատմական Արտամետ գյուղի մոտ վայրէջք կատարեց Վանի օդանավակայանում: Անհավատալի էր, որ օդանավից կարելի էր տեսնել Աղթամար կղզին և նրա վրա գտնվող միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոց Սուրբ Խաչ եկեղեցին:

«Ինձ համար սա հրաշք էր, գամ և տեսնեմ մեր առաջին մայրաքաղաքը, այս երկիրը, որտեղ ապրել են մեր նախնիները:  Շատ կուզեմ, որ բոլորը ունենան այս առիթը»,-  օդանավից իջնելիս առաջին տպավորությունների մասին խոսեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ ամերիկահայ Ալբեր Բոյաջյանը ու համբուրեց հողը:

Պատվիրակության  բոլոր անդամների համար կատարվածը իսկապես երազ էր և բոլորը հույս էին հայտնում, որ Երևան- Վան  առաջին չվերթը չի լինի վերջինը:

Հայկական պատվիրակությանը Վանի օդանավակայանում դիմավորվեցին քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Ավելի ուշ պաշտոնական ընդունելությամբ քաղաքապետարանում պատվիրակությանը սպասում էին Վանի երկու քաղաքապետները՝ այդպես է ընդունված կառավարել հնագույն քաղաքում:

Համահայկական խաղերի պատվիրակության անցը Վան
Anna Vardanyan
Հանդիպում Վանի քաղաքապետարանում

Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչե Էրթանը նշեց, որ իրենց համար Վանն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է: «Մենք գիտենք, որ դուք նախկինում էլ կապ եք ունեցել մեր քաղաքի հետ: Ուրախ ենք, որ այցելել եք ու փորձելու ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները»,–ասաց Էրթանը։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը քաղաքապետի հետ զրույցում ընդգծեց հայոց ազատամարտում Վանի առանձնահատուկ դերը։ Զաքարյանը կարևորեց հայոց հինավուրց քաղաքների միջև ճակատագրի բերումով ընդհատված կապերի վերահաստատումն ու զարգացումը: «Այսօր մեր բոլորի համար երազ էր, որ ընդամենը 35 րոպեում մենք Երևանից իջանք Վան: Մենք առաջին ուղևորներն ենք, որ ինքնաթիռով եկանք: Այս գաղափարը պետք է զարգացնենք ու հասնենք նրան, որ կապը լինի մշտական» -նկատեց Զաքարյանը:

Մարզական, զբոսաշրջային և մշակութային կապերի զարգացմանը կարող են նպաստել Համահայկական խաղերը, որոնք կազմակերպվում են 4 տարին մեկ և համախմբում աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում ապրող հայերին։ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հետաքրքիր մտահղացում ունի: «Հաջորդ խաղերը Վանից սկսենք: Մի մասը այստեղ անենք, հետո տեղափոխվենք Երևան: Կարծում եմ՝  սա շատ լավ գաղափար է, որի հետ կապված մենք կարող ենք աշխատել և ծրագիրը անել»: Զաքարյանի առաջարկը հետաքրքրեց, անգամ ոգևորեց հայոց հնագույն մայրաքաղաքի մերօրյա քաղաքային իշխանությանը: Վանի քաղաքապետները ողջունեցին հայկական պատվիրակության առաջարկը՝ ընդգծելով, որ մարզական նման ծրագրերը շատ գործուն միջոց են ժողովուրդների միջև բարիդրացիական  հարաբերություններ հաստատելու համար։

Վանի մյուս քաղաքապետ Մուսթաֆա Ավջը նշեց, որ  հայերի այցը  բարձրացրեց իրենց տրամադրությունը: «Մենք մշակութային առումով միմյանցից օտար ժողովուրդներ չենք: Շատ լավ գիտենք, թե ինչեր են քաշել ժամանակին հայերը պատմության ընթացքում: Նույն աղետը կրում են նաև քրդերն այսօր: Ինչ-որ տեղ կարող ենք ասել, որ նույն ճակատագիրը կիսող ժողովուրդներ են: Մենք հիմա ձգտում ենք, որ մեր բարեկամների հետ եղբայրաբար ապրենք»:

Իշխան Զաքարյանը պաշտոնապես հրավիրեց քաղաքապետերին՝ մասնակցելու Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանդիսավոր բացմանը՝ նշելով, որ համահայկական նախորդ խաղերին իր մասնակցությունն էր բերել նաև Վանից ժամանած պատվիրակությունը:

Պաշտոնական հանդիպումից հետո պատվիրակությանը սպասում էր այցելություն պատմական վայրեր՝ Վանա լճով դեպի Աղթամար վանական համալիր և Սուրբ Խաչ եկեղեցի:

Հաջորդ կանգառը Իգդիրն էր։ Այնտեղից անզեն աչքով տեսանելի է Սարդարապատի հուշահամալիրն ու ատոմակայանը, անգամ հասանելի են հայկական բջջային օպերատորները:

Համահայկական խաղերի պատվիրակության այցը Իգդիր
Anna Vardanyan
Համահայկական խաղերի պատվիրակության այցը Իգդիր

Իգդիրի քաղաքային իշխանության հետ զրույցի առանցքում ևս մարզական խաղերի միջոցով դրացիական հարաբերությունների հաստատումն ու տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի իրագործումն էր։

Իգդիրի քաղաքապետ Յաշար Աքքուշը ընդգծեց, որ ուզում են, որ սահմանը բացվի:  Նաև նշեց, որ ջերմ կապեր է ունեցել Հայաստանի հետ : «Մենք ուզում ենք, որ սահմանը բացվի, հարաբերությունները լավ լինեն: Իմ պապերը մինչև 1988թ.-ը Ռանչպար գյուղում են ապրել»:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահից Իգդիրի քաղաքային ղեկավարությունը ևս մասնակցության հրավեր ստացավ: 

Համահայկական ամառային 7–րդ խաղերի ջահը վառվեց Մուսալեռում, ինչով ազդարարվեց դրանց բացումը։ 3 ջահերից 2–րդն արդեն կվառվի Հայաստանում, 3–ը` սփյուռքում։

Համահայկական խաղերը սպորտային իրադարձություն է, որին մասնակցում են աշխարհի բոլոր երկրներում ապրող հայ մարզիկները։ Այն անց է կացվում չորս տարին մեկ անգամ։ Համահայկական Առաջին խաղերնկայացել են 1999թվականին։ Մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում։

1391
թեգերը:
Վանա լիճ, Արևմտյան Հայաստան, Սփյուռք, Հայաստան
Ըստ թեմայի
Թուրքիայի ծպտյալ հայերը հզոր հաղթաթուղթ են, բայց պետք է դա ճիշտ օգտագործել. Ախոյան
Մելքոնյան. «Հայկական հարցը շարունակելու է գործիք մնալ Արևմուտքի ձեռքում`ընդդեմ Թուրքիայի»
Արևմտյան Հայաստանի հավաքականը պարտվեց եզրափակիչում. Արցախում ավարտվեց ֆուտբոլային տոնը