Մեքենաների շարասյունը հերթի մեջ «Վերին Լարս» անցակետում

ՌԴ ու Վրաստանը կքննարկեն ՀՀ-ի «կյանքի ճանապարհը». հայտնի է Աբաշիձե–Կարասին հանդիպման օրը

176
(Թարմացված է 02:31 20.05.2019)
Զուրաբ Աբաշիձեն պատմել է, թե ի՞նչ են Գրիգորի Կարասինի հետ քննարկելու հաջորդ հանդիպմանը Պրահայում։

ԵՐԵՎԱՆ, մայիսի 20 –Sputnik.  Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի նաև Ռուսաստանից Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող ճանապարհը, նախատեսվում է անցկացնել Պրահայում հուլիսին։ Այս մասին Sputnik Գրուզիային է հայտնել Աբաշիձեն։

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը տեղի ունեցավ Պրահայում փետրվարի 27-ին։  Կողմերը քննարկել են ռուս–վրացական հարաբերությունները։ Օրակարգի առանցքային հարցերից մեկը` 2011 թվականի ռուս–վրացական «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մեխանիզմների հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի իրականացումն է։

«Հանդիպումը, մոտավորապես, կանցկացվի հուլիսի երկրորդ կեսին։ Իսկ հարցերը, որոնք կքննարկենք, սկզբունքորեն, հայտնի են մեր թեմատիկայով։ Օրակարգում են առևտրատնտեսական կապերը, տրանսպորտային հաղորդակցումն ու հումանիտար հարցերը», – հայտնել է Աբաշիձեն Sputnik Գրուզիային։

Վրաստանն իր շահավետ աշխարհագրական դիրքի շնորհիվ հավակնում է Եվրոպայի և Ասիայի միջև գլխավոր հաբի կարգավիճակին։ Այս կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը։

Վրաստանի իշխանություններն անուշադրության չեն մատնում նաև  Ռուսաստանի հետ սահմանի ուղղությամբ «Կազբեգի–Վերին Լարս» անցակետը։ Օդերևութաբանական պայմանները, հատկապես ձմռան շրջանում, հաճախ խնդիրներ են ստեղծում Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհին։ Վարորդները հաճախ ստիպված են լինում օրերով սպասել մինչև ճանապարհները կմաքրվեն կամ կչեղարկվի երթևեկության արգելումը, որը կիրառում են ձնահոսքի կամ սողանքների վտանգի պատճառով։

Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոմայրուղին այսօրվա դրությամբ միակ գործող ճանապարհն է դեպի Ռուսաստան, այդ թվում նաև Հայաստանի համար, որը ՌԴ–ի հետ ընդհանուր սահման չունի։

«Այժմ որոշակի միջոցներ են ձեռնարկվում այդ հարցերը լուծելու համար... Վրացական կողմը Կազբեգի շրջանում մեծ նախագիծ է իրականացնում, որը նախատեսում է 9 կիլոմետրանոց թունելի, նոր կամուրջների կառուցում, ենթակառուցվածքի արդիականացում։ Հավանաբար, այս ամենը համալիր ձևով, կոնկրետ արդյունք կտա», – նշել է Աբաշիձեն։

Խոսքը լայնածավալ նախագծի մասին է, ինչը ենթադրում է Վրաստանում 22,7 կմ երկարությամբ ճանապարհի, 6 կամրջի և 5 թունելի կառուցում, որոնցից մեկն էլ 9 կիլոմետրանոց թունելն է Խաչի լեռնանցքի տակ։Վրացական կողմը շինարարության համար մրցույթ էր հայտարարել դեռ 2018 թվականի հուլիսին։ Երկրորդ անգամ մրցույթ էր հայտարարվել 2019 թվականի փետրվարին, բայց այդ մրցույթի արդյունքի մասին տեղեկություն դեռ չկա։ Հայտնի է, որ ծրագրի իրականացման համար 3.5 մլրդ դոլար է պետք։

Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն։ Վրաստանը խզեց դրանք 2008 թվականի օգոստոսին ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման։ Սակայն 2012 թվականին խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության եկած «Վրացական երազանքի» ներկայացուցիչները, երկրի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկն անվանեցին ՌԴ–ի հետ հարաբերությունների նորմալացումը։

Ներկա պահին երկրների միջև երկխոսությունը պահպանվում է Ժնևի միջազգային բանավեճերի, ինչպես նաև Պրահայում Զուրաբ Աբաշիձեի և Գրիգորի Կարասինի կանոնավոր հանդիպումների շրջանակում։

Պրահայի բանակցությունները` երկրների միջև ոչ պաշտոնական երկխոսություն է, որը մեկնարկել է 2012 թվականին։ Կողմերը ավանդաբար տնտեսական և հումանիտար հարցեր են քննարկում:

176
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Լարս
Ըստ թեմայի
Բաքուն թույլ չի տալիս Թբիլիսիին. ի՞նչն է խոչընդոտում Ղազախստանից Հայաստան ցորենի առաքմանը
Վրաստանի անձնագիր ստանալն ավելի հեշտ կդառնա. ինչի մասին է խոսել Զուրաբիշվիլին Ջավախքում
Հայ փոխադրողների համար ի՞նչ կփոխվի. Վրաստանը ցորենի տարանցման նոր կանոններ է մտցրել