Պոլսի Հայոց պատրիարքարանը

Ո՞վ կդառնա Պոլսո պատրիարք, և ի՞նչ դիրքորոշում ունի հայ համայնքը. թոհուբոհը սկսվել է

113
Թուրքագետի կարծիքով` այս պահին Թուրքիայից ընտրությանը մասնակցող հավանական թեկնածուներն են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ու Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Պոլսո պատրիարք նշանակվելու հնարավորությունը մեծ է։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ստամբուլահայ թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը։

Պոլսո 62-ամյա պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանվել էր մարտի 8-ին` ավելի քան 10 տարվա ծանր հիվանդությունից հետո:

«Այս պահին Թուրքիայից ընտրությանը մասնակցող հավանական թեկնածուներն են Աթեշյանն ու Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Մաշալյանը շատ թույլ է իրեն պահում` մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ կանոնով առաջնորդվելով, իսկ Աթեշյանն էլ Թուրքիայի իշխանության ձեռքին գործիք է դարձել, չնայած, այս առումով, նա միակ սատանան չէ»,–ասաց Լոքմագոզյանը։

Նրա խոսքով` օրեր առաջ կրոնական ժողով տեղի ունեցավ, որն Աթեշյանն էր ղեկավարում, չնայած նման իրավունք չուներ։ Մաշալյանը, սակայն, ըստ թուրքագետի, չբողոքեց դրա առնչությամբ, չլքեց ժողովը, իր ուժը ցույց չտվեց։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հայ համայնքին, ապա Լոքմագյոզյանի խոսքով` նրանք դեռ չեզոք վիճակում են. կան մարդիկ, որ չեն կողմնորոշվում` ում ընտրել, սակայն եթե Թուրքիայի իշխանությունը ցույց տա, որ իր թեկնածուն Աթեշյանն է, չկողմնորոշվածները հենց նրան էլ կընտրեն։

Թուրքագետը, սակայն հիշեցրեց, որ նույն Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ընտրության ժամանակ Թուրքիայի իշխանություններն ասում էին, որ դեմ են նրա թեկնածությանը, սակայն հայ համայնքը, միևնույն է, նրան ընտրեց։

Պատմաբան Հրանուշ Խառատյանի խոսքով էլ`մի կողմից, Մաշալյանն այս պահին դեռ իր ուժերը ցույց չի տալիս, մյուս կողմից, առաջիկայում թուրքական իշխանությունները ցույց կտան, որ Աթեշյանն է իրենց թեկնածուն, ինչը վճռորոշ դեր կունենա։

«Իհարկե, պատրիարքի ընտրությանը դրսի թեկնածուներն են ուզում մասնակցել, սակայն քիչ հավանական եմ համարում նրանց նշանակումը։ Հայ համայնքն ավելի շատ կուզի ունեցած դիրքը, պահպանել, քան փոփոխությունների գնալ։ Բացի այդ, Թուրքիայի նախագահը երբեք թույլ չի տա, որ հայ համայնքն ընտրություն կատարի. գաղտնիք չէ, որ Պոլսո պատրիարքն ուղղակի գործիք է թուրքական իշխանության համար` ինչ–ինչ հարցեր լուծելու համար»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Աթեշյանի և կրոնական ժողովի ընդհանուր ստորագրությամբ արդեն իսկ դիմում է ներկայացվել Ստամբուլի նահանգապետարան` Պոլսո հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ժամանակացույցը պետական մարմինների հետ համաձայնեցնելու:

113
թեգերը:
Թուրքիա, Հայ Առաքելական Եկեղեցի
Ըստ թեմայի
Թուրքիայի հայերը Էրդողանի անակնկալներին են պատրաստվում
Թուրքիայի հայերի անդրկուլիսային պայքարը․ Էրդողանը պատրիարքի ընտրությունների ժամանակ չունի՞
Կոշտ պայքար Պոլսո պատրիարքի աթոռի համար. ինչո՞ւ է Էրդողանը ձգձգում ընտրության հարցը
«Արյունոտ պիտի լինի մեր մահը՝ առանց շիրիմ ու խաչարձան». ումի՞ց է սկսվել ցեղասպանությունը