Վրաստանի հայ համայնքի խաղաղ ակցիան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին

Վիրահայ համայնքը դիմում է Վրաստանի իրավապահներին և կառավարությանը

184
Վրաստանի հայ համայնքը հրապարակել է դիմում, որտեղ իր վրդովմունքն է արտահայտել ապրիլի 24-ին Թբիլիսիում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ավանդական միջոցառման խափանման փաստի առթիվ և հորդորում է Վրաստանի իշխանություններին և իրավապահներին բացահայտել մեղավորներին:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին զուգահեռ տոնական կրկես կազմակերպելը, որը 2019թ․-ի ապրիլի 24-ին կազմակերպեց Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը, ծայրահեղ անբարոյական քայլ է հանդիսանում, որն արժանի է դատապարտման։ Այս մասին ասված է Վրաստանի հայ համայնքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Վրաստանում գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանի hայ hամայնքը Թբիլիսիի իշխանություններին տեղեկացրել էր Վրաստանում՝ Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում ապրիլի 24-ին ծրագրվող՝ հայ ժողովրդի ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մասին, սակայն այդ օրը գալով նշված տարածք, հայ համայնքի ներկայացուցիչները պարզել էին, որ այդտեղ Թուրքիայի դեսպանատան կողմից կազմակերպված ինչ-որ միջոցառում է անցկացվում։

Վրաստանի հայ համայնքի անունից տարածված դիմումի մեջ խիստ դատապարտելի է համարվում Վրաստանի բոլոր այն պետական պաշտոնյաների գործողությունները, որոնք «աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի դեսպանատանը Վրաստանում այդ կրկեսային ներկայացումը կազմակերպելու մեջ։ Մարդիկ, որոնց ուղղակի պարտականությունն է հանդիսանում ծառայել Վրաստանի քաղաքացիներին, խախտեցին իրենց իսկ պետության օրենսդրությունը, անտեսեցին քրիստոնեական բարոյականությունը և աջակցեցին անմեղ զոհերի հիշատակին նվիրված ցույցը ծաղրող միջոցառման անցկացման կազմակերպմանը։ Տվյալ անօրինական գործողությամբ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները ծանր վիրավորանք են հասցրել ոչ միայն ցույցի մասնակիցներին՝ Վրաստանի՝ ազգությամբ հայ հարյուր հազարավոր քաղաքացիներին, այլև հենց վրաց պետությանը, բոլոր անմեղ զոհերի ընտանիքներին ու նրանց հիշատակին՝ անկախ նրանց ծագումից»,- նշված է դիմումի մեջ։

Այս ամենի հետևանքով, ըստ հաղորդագրության, Վրաստանի hայ hամայնքը զրկվել է հնարավորությունից օգտվել Վրաստանի Սահմանադրության կողմից արտոնված իրավունքից՝ անցկացնել նախապես հայտարարված միջոցառումը ծրագրված վայրում և ծրագրված ձևաչափով։

«Առաջնորդվելով Վրաստանի Սահմանադրությամբ և «Ցույցերի և երթերի մասին» օրենքով՝ կոչ ենք անում․

Ա. Վրաստանի Արտաքին Գործերի նախարարությանը, արտաքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովին՝ ուսումնասիրել 2019թ․-ի ապրիլի 24-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի քաղաքացիների Սահմանադրական իրավունքների խախտման փաստը։ Կատարվածին համապատասխան գնահատական տալ և անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկել։ Դատապարտել օտար պետության՝ Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու փաստը։

Բ. Վրաստանի Ներքին Գործերի նախարարությանը՝ հետաքննել, թե ով և ինչի հիման վրա է որոշում կայացրել թույլատրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը զուգահեռ միջոցառում անցկացնել նույն տարածքում, նույն ժամին, ինչը որ նշված է եղել Վրաստանի Հայ Համայնքի ծանուցման մեջ՝ դրանով իսկ խանգարելով Վրաստանի քաղաքացիների օրինական և Սահմանադրական իրավունքների իրականացմանը։ Ձեռնարկել համապատասխան իրավական արձագանք։

Գ. Վրաստանի տարածքում գործող բոլոր քաղաքական կուսակցություններին և միջազգային կազմակերպություններին՝ խիստ դատապարտել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի հռչակագրի հիմնարար նորմերի և Վրաստանի քաղաքացիների Սահմանադրական իրավունքների խախտման փաստերը։

Դ. Վրաստանի Կառավարությանն ու նախագահին՝ դատապարտել Վրաստանի քաղաքացիների՝ ազգային փոքրամասնությունների Սահմանադրական իրավունքների ոտնահարման փաստը, ձեռնարկել գործնական քայլեր Վրացական պետության առանց բացառության բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատության պաշտպանության վերաբերյալ։

Ե. Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը՝ հրապարակային ներողություն հայցել Վրաստանի քաղաքացիներից և դադարեցնել Վրաստանի քաղաքացիների հանդեպ՝ իրենց իսկ պետության տարածքում խտրականության և հետապնդման քաղաքականություն վարելը»,- ասված է Վրաստանի հայ համայնքի տարածած հրապարակած դիմում։

Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, Sputnik Արմենիան կապ էր հաստատել Թբիլիսի քաղաքապետարանի հետ: Վրաստանի մայրաքաղաքային իշխանության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ քաղաքապետարանը նախօրոք չի իմացել Թուրքիայի դեսպանատան շենքի դիմաց երկու միջոցառում անցկացնելու ստույգ ժամանակացւյցի մասին։

«Հենց մենք տեղեկություն ստացանք ակցիաներն անցկացնելու մասին, փոխանցեցինք այն ներքին գործերի նախարարություն, որը պատասխանատվություն է կրում միջոցառումների համակարգման համար», – ասել էին մամուլի ծառայությունից։

Sputnik Արմենիայի թղթակիցը դիմել էր նաև Վրաստանին ՆԳՆ, սակայն առայժմ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ։

184
թեգերը:
Թուրքիա, Ցեղասպանություն, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Գազի կովկասյան զարկերակը կանցնի՞ Հայաստանով. Երևանը կարող է փոխարինել Բաքվին, եթե...
Համագործակցության նոր ձևաչափ. ինչու են Փաշինյանն ու Բախտաձեն հանդիպել Ենոքավանում
Դուք գազան եք, նա ձեզ ի՞նչ է արել․ Թբիլիսիում երիտասարդ հայի սպանության դաժան մանրամասները
Ուսուցիչ դառնալ չվիճակվեց. ինչպես լեյտենանտ Գրիգորյանն իր կյանքի գնով փրկեց հրամանատարին
Վրաստանի անձնագիր ստանալն ավելի հեշտ կդառնա. ինչի մասին է խոսել Զուրաբիշվիլին Ջավախքում