Հիվանդանոց

Հայկական հիվանդության մեծ գաղտնիքը, կամ ինչու է Ադրբեջանը թաքցնում իր հիվանդներին

770
(Թարմացված է 14:32 23.04.2019)
Ադրբեջանում որոշակի իմաստով արգելված է հիվանդանալ հայկական (երևանյան) կամ պարբերական կոչվող հիվանդությամբ. հիվանդներին նման ախտորոշում չեն տալիս և բուժում են ամեն հիվանդության դեմ, բայց միայն ոչ այդ հիվանդության, իսկ հիվանդների վիճակագրությունը հետևողականորեն թաքցնում են... Հենց նման հետևության է հանգել երևանցի բժիշկը, որն ավելի քան 10 տարի ուսումնասիրում է այս թեման:

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հայկական հիվանդությունը, որ սովորաբար անվանում ենք երևանյան հիվանդություն, միշտ պարուրված է եղել առեղծվածով։ Այս հիվանդության խորհրդավորության հիմքում դրա էթնիկ ծագումն է:

Երևանցի բժիշկ Հայկ Մանասյանը, որը մասնագիտացած է այս ոլորտում, սեփական հետաքննությունն է անցկացրել և Sputnik Արմենիայի թղթակցին ներկայացրել ստացված արդյունքները։

Ինչի՞ մասին է լռում Ադրբեջանը

Հայկ Մանասյանը հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ հայկական հիվանդությունն ավելի շատ առեղծվածներ ունի, քան ենթադրվում էր։

«Երբ PubMed–ի բազայում տվյալներ էի որոնում Ադրբեջանում  հիվանդության տարածվածության մասին, պարզվեց, որ այնտեղ ոչ մի հրապարակում չկա. ո՛չ հետազոտություն, ո՛չ գիտական աշխատանք։ Համեմատության համար ասեմ`  Արցախի բնակիչների շարքում պարբերական հիվանդության մասին երկու հրապարակում կա, կան հոդվածներ Վրաստանից, որոնցում, ի դեպ, նշվում է, որ իրենց երկրում պարբերական հիվանդությամբ հիվանդանում են բացառապես հայերը։ Մի խոսքով` տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանում այդ հիվանդության մասին տվյալները պետական գաղտնիք են»,- ասում է բժիշկը:

Տեղեկություններ որոնելիս ադրբեջանական ֆորումներից մեկում հանդիպեցի նման վերնագրի` «Պարբերական հիվանդություն... ինչ–որ մեկը բուժո՞ւմ է»։  Կայքում մի քանի ադրբեջանցիների միջև քննարկում է ընթացել 2012-ին: Բանավեճից մի քանի մեջբերում ներկայացնենք։

«Ինչ-որ մեկը գիտի՞` որտե՞ղ են Բաքվում անալիզ վերցնում»: «Մի տանջվեք, Բաքվում անալիզ չեն վերցնում»:

«Ո՞վ է ախտորոշում: Ո՞վ է բուժում այս հիվանդությունը»։

«Կարծում էի, որ միայն ինձ մոտ է ՊՀ (պարբերական հիվանդություն): Երեք տարեկանից հիվանդ եմ։ Հետազոտել եմ ամեն ինչ: Ոչ ոք չի խոսել ՊՀ մասին, ոչ ոք նույնիսկ չգիտեր: Անթիվ ախտորոշումներ են արել` բրուցելյոզից մինչև դիսկինեզիա: Նույնիսկ կույր աղիքս են հեռացրել: Ես ինքս ախտորոշեցի հիվանդությունն արդեն հասուն տարիքում, երբ սկսեցի օգտվել համացանցից։ Կոլցիխինը (ՊՀ–ից բուժվելու դեղ` խմբ.) դուրս է գրում մի բժիշկ Բաքվի փորձառական կլինիկայից»։

Իսկապես, տպավորություն է ստեղծվում, որ այդ երկրում այս հիվանդությունն օրենքից դուրս է: Այլ կերպ ասած` Ադրբեջանի քաղաքացիներին «արգելված» է հիվանդանալ հայկական հիվանդությամբ։

Кадры из фильма Айка Манасяна
Հատված Հայկ Մանասյանի ֆիլմից

«Այսպիսով, ակնհայտ է, որ Ադրբեջանում կան նման հիվանդությամբ տառապող մարդիկ: Սակայն նրանք անտեսված են: Նրանցից շատերը փորձում են տեղեկություններ գտնել համացանցում, որպեսզի հետազոտություն անցնեն և բուժվեն իրենց երկրից դուրս։ Առողջապահական մարմինները, կարծես, ոչինչ չգիտեն և չեն ուզում իմանալ այդ հիվանդության մասին», - ասում է Մանասյանը։

Բժիշկը վերջում պատմում է 2015թ.-ին Գերմանիայում տեղի ունեցած 8-րդ միջազգային համագումարում իր դիտարկումների մասին՝ նվիրված պարբերական հիվանդությանը և ուրիշ այլ պաթոլոգիաների:

«Պաստառներից մեկի վրա հետաքրքիր վերնագիր կար». «FMF գենային մուտացիայի տարածվածությունը Ադրբեջանում»: Ավելի մեծ հետաքրքրություն են առաջացրել հետազոտության հեղինակները՝ Բերդելի, Մուխտարովա, Օզ, Մուսաև: Բացի վերջինից, բոլորը թուրք գիտնականներ են, որոնք ներկայացնում են Իզմիր քաղաքի Էգեյան համալսարանը: Հատկանշական է, որ գիտնականներն իրենց տվյալներում թուրքական Իզմիր քաղաքի կողքին գրել են Ադրբեջան, իբր նրանք ներկայացնում են հենց այդ երկիրը: Ամենայն հավանականությամբ, հեղինակները մտածել են, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնի այդ կեղծիքին», – ասում է բժիշկը:

Նրա խոսքով` նրանց ներկայացրած ուսումնասիրության մեջ խոսվել է 268 հիվանդների մասին: Դա նշանակում է, որ Ադրբեջանում կան հարյուրավոր մարդիկ, որոնք տառապում են հայկական հիվանդությամբ։ Այնուամենայնիվ, նրանց գեները հետազոտվում են։ Մեկ այլ բան է, որ այդ մասին գիտեն սահմանափակ թվով բժիշկներ, և այդ հիվանդների մասին տեղեկատվությունը փակ է։ Միաժամանակ, Ադրբեջանում հայկական հիվանդության հետ կապված իրավիճակը գտնվում է թուրք գիտնականների սևեռուն ուշադրության տակ:

Գեների գերդոզավորում

«Հազարավոր տարիներ առաջ, երբ չեն եղել պատվաստանյութեր, հակաբիոտիկներ, մարդիկ անզոր են եղել մահացու համաճարակների առաջ։ Եվ մարդկանց որոշակի խմբի մոտ հայտնվել է գենի մուտացիա, որը հանգեցրել է իմունային համակարգի հիպերակտիվության: Դրա շնորհիվ նրանց հաջողվել է փրկվել», – պատմում է բժիշկը:

Մասնագետի խոսքով` այդ շեղումը մարդու օրգանիզմում գործարկում է ակտիվ բորբոքային գործընթաց, որի ընթացքում վարակները կորցնում են ուժը:

«Մուտացիայի ենթարկված գենը հետագայում փոխանցվում է սերնդեսերունդ` ձևավորելով պոպուլյացիա, որի գենոֆոնդում այսօր էլ կարելի է գտնել այն», – ասում է Մանասյանը։

Բժիշկը բացատրում է, որ պարբերական հիվանդության էությունը նման գեների գերդոզավորումն է: Այսինքն, եթե մարդը ժառանգում է բորբոքային ակտիվության բարձր մակարդակով գենը միայն հորից կամ մորից, ապա նա, որպես կանոն, բարձր դիմադրողականությամբ բացարձակ առողջ մարդ է, եթե մուտացիայի ենթարկված գենը փոխանցվում է երկու ծնողներից, ապա արդեն ակնհայտ է լուրջ հիվանդություն: Համեմատության համար պետք է նշել, որ յուրաքանչյուր երրորդ հայի մոտ կա այդ գենը, իսկ հիվանդությամբ տառապում է 100-150–ից մեկը:

Ինչո՞ւ «հայկական»

Այն, որ հիվանդությունն ազգային պատկանելություն ունի, պարզ է դառնում արդեն 20-րդ դարի 50-ական թվականներին:

Ամերիկացի բժիշկ, պրոֆեսոր Հոբարտ Ա. Ռեյմանը, որը հետազոտություններ է անցկացրել Լիբանանում, 1954թ.-ին գրում է. «Լիբանանն անսովոր հնարավորություններ է տրամադրում այս հիվանդությունն ուսումնասիրելու համար։ Արաբ բնակչության շարքում, որոնք կազմում են 1,3 միլիոն մարդ, ապրում են մոտավորապես հարյուր հազար հայեր։ Հինգ տարվա ընթացքում արձանագրվել է պարբերական պերիտոնիտով հիվանդանալու 72 դեպք։ Հիվանդների շարքում 49 հայ կա և 23 արաբ։ Այստեղ հիվանդությունն անվանում են «հայկական»»:

Թեև շատ աղբյուրներում նշում են, որ հայերից բացի պարբերական հիվանդությունը տարածված է նաև հրեաների, արաբների և թուրքերի շարքում, դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը. հիվանդությունը չի հանդիպում Արաբական թերակղզու արաբների, աշքենազի հրեաների մոտ, որոնք կազմում են աշխարհի հրեաների մոտ 80 տոկոսը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս դեպքը յուրահատուկ է: Բանն այն է, որ հիվանդությունը տարածված է Թուրքիայի հենց արևելյան շրջաններում, այսինքն` պատմական Արևմտյան Հայաստանում, որտեղ օսմանյան կայսրությունը Ցեղասպանություն է իրագործել` հայ ժողովրդին բնաջնջելու համար:

Кадры из фильма Айка Манасяна
Հատված Հայկ Մանասյանի ֆիլմից

Ավելի ուշ գիտնական Հարի Գելերը որոշում է հիվանդությունն անվանել «ընտանեկան միջերկրածովյան տենդը» (FMF), քանի որ այն հանդիպում է միջերկրածովյան շրջանի հրեաների ու արաբների մոտ։ Անվանումը լայն տարածում է գտել, սակայն բժիշկ Մանասյանը համաձայն չէ դրա հետ։

«Հայտնի է, որ Միջերկրական ծովի շատ ժողովուրդների, օրինակ` իտալացիների, իսպանացիների, հույների մոտ հիվանդության կենտրոնացումը չափազանց ցածր է: Ֆրանսիայում գրեթե բոլոր հիվանդներն ունեն հայկական արմատներ», – ասում է նա:

Բժիշկը համոզված է, որ նման բնորոշում տրվել է միայն նրա համար, որպեսզի ջնջվեն հիվանդության ազգային սահմանները: Ինչ վերաբերում է Միջերկրական ծովի շրջանում ապրող հրեաներին ու արաբներին, ապա, նրա կարծիքով, բորբոքային ակտիվության բարձր մակարդակով գենը նրանք ժառանգել են փյունիկցիներից, որոնք դարեր շարունակ բնակվել են Միջերկրական ծովի արևելյան և հարավային ափերին:

770
թեգերը:
Ադրբեջան, Իսրայել, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում մտածում են խթանել դիակային փոխպատվաստումը. Հելեն Նազարյան
Հայ ակնաբույժները բացառիկ հիվանդություն են ախտորոշել՝ աշխարհում 4-րդ դեպքը