Հայաստանի և Վրաստանի վարչապետների ոչ ֆորմալ հանդիպումը

ՀՀ վարչապետը Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ նոր բացահայտումներ է արել

129
Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում խոսել է ճանապարհաշինության մասին, որը կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Հյուսիս-հարավ ավտոճանապարհը կառուցվել, գումարներն էլ ծախսվել են  առանց վրացական կողմի հետ պայմանագիր կնքելու: Այս ամսին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ջավախահայ պատգամավոր Շիրակ Թորոսյանի` Հայաստանը Վրաստանի հետ կապող ավտոճանապարհների վիճակի մասին հարցին:

Պատգամավորը հարցրեց` արդյո՞ք Վրաստանի վարչապետի հետ վերջին պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներում քննարկվել է Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհի շինարարության հարցը: «Այդ ճանապարհն այսօր սարսափելի վիճակում է, անհնար է երթևեկել, և մարդիկ ուղղակի մեքենայի կեսը թողնում են փոսերի մեջ այդտեղով անցնելիս»,- ասաց Թորոսյանը:

Փաշինյանը հայտնեց, որ հարցը նախկինում էլ քննարկել է Վրաստանի նախկին վարչապետի հետ, և իրեն վստահեցրել են, որ այն պիտի կառուցվի: Բայց, Փաշինյանի խոսքով, Հայաստանին այսօր ոչ միայն այս ավտոճանապարհն է հուզում, այլև Բավրա–Բաթումի հատվածը:

«Որովհետև այս պարագայում է իր տրամաբանության մեջ տեղավորվում մեր Հյուսիս-հարավ նախագիծը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ աշխարհաքաղաքական վիճակը չի խոչընդոտի այս ծրագրի իրականացմանը: «Մենք պիտի մեր ծրագրերում ունենանք այս հաշվարկները, և, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը մի ինչ-որ պահի առավել բարենպաստ դառնա, իրականացնենք այդ ծրագիրը»,- ասաց վարչապետը:

Առայժմ, նրա խոսքով, օրակարգային է Հայաստան-Բաթումի ավտոճանապարհի նախագիծը: Փաշինյանը նշեց, որ Վրաստանի վարչապետի հետ վերջին հանդիպմանն է միայն տեղեկացել, որ նոր ճանապարհի կառուցման դեպքում Երևանից Բաթումի հասնելը գրեթե նույն ժամանակը կպահանջի, ինչ Թբիլիսիից Բաթումի:

ՀՀ վարչապետը մեկ այլ բացահայտում էլ է արել: «Մենք Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցում ենք, արդեն 100 միլիոնավոր գումարներ ենք ծախսել այդտեղ, բայց պայմանագիր չենք ստորագրել վրացական կողմի հետ, որովհետև մենք այդ ճանապարհով պիտի շարունակենք մինչև Բաթումի, այդ ճանապարհն առանց շարունակության ուղղակի անիմաստ է»,- ասաց Փաշինյանը:

Հյուսիս- հարավի Գոգավանի անցակետ տանող հատվածն էլ, վարչապետի խոսքով, փայլուն կառուցված ճանապարհ է, բայց դրանով երթևեկող չկա, որովհետև Վրաստանի կողմից շարունակությունը քարուքանդ վիճակում է: Բագրատաշենի անցակետի հատվածում հակառակ պատկերն է. հայկական կողմն է ավիրված, վրացականը` փայլուն կառուցված:

Սա, Փաշինյանի դիտարկմամբ, փայլուն օրինակ է այն բանի, որ գումարները ծախսվել են, բայց դրանց ազդեցությունը երկու երկրների հարաբերությունների վրա զրոյական է:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:

129
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (65)
Ըստ թեմայի
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. պատգամավորները վիճել են օրինագիծը քննարկելիս
Բուլղարիան չեղարկել է Հայաստանի և Վրաստանի հետ փոխադրումների «ժամկետանց» համաձայնագիրը
Ինչո՞ւ էր Վրաստանի վարչապետը եկել Ենոքավան․ Փաշինյանի մամուլի քարտուղարը բացեց փակագծերը