Փաշինյան-Բախտաձե հանդիպումը Ենոքավանում

Համագործակցության նոր ձևաչափ. ինչու են Փաշինյանն ու Բախտաձեն հանդիպել Ենոքավանում

102
(Թարմացված է 21:43 25.03.2019)
Փորձագետները կարծում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ոչ պաշտոնական հանդիպումները վկայում են, որ կողմերը ձգտում են ամրապնդել համագործակությունն ու աշխուժացնել միջպետական երկխոսությունը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի և Վրաստանի իշխանությունները երկկողմ համագործակցության նոր ձևաչափ են գործարկել՝ երկու երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումների շարք։ Նման հանդիպումներն ավելի կարևոր են, քան արարողակարգայինները, համոզված են փորձագետները Երևանում և Թբիլիսիում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին Ենոքավանում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել վրացի գործընկեր Մամուկա Բախտաձեի հետ։ Սա Փաշինյանի և Բախտաձեի երկրորդ նման հանդիպումն է, առաջին անգամ նրանք հանդիպել են Վրաստանի Բոլնիս ավանում։

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ, քաղաքագետ Պետրե Մամրաձեն ընդգծել է կառավարությունների ղեկավարների նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը` հաշվի առնելով տարածաշրջանի, աշխարհաքաղաքական իրավիճակի ու երկկողմ հարաբերությունների առանձնահատկությունը։

Նրա կարծիքով` նախարարությունների և հանձնաժողովների մակարդակով ոչ մի հանդիպում չի կարող փոխարինել դեմ առ դեմ բանակցություններին։ Եթե կարևոր որոշումներ ընդունելու համար պետությունների առաջին դեմքերը չհանդիպեն, տարբեր հարցեր չքննարկեն, դա կարող է հարաբերություններում լուրջ բացթողման հանգեցնել։

Քաղաքագետը չի բացառում, որ երեկվա հանդիպման ժամանակ զրուցակիցները կարող էին քննարկել նաև խնդրահարույց թեմաները, ինչը նորմալ է երկրների առողջ հարաբերությունների համար։

«Նույնիսկ ընտանիքում են խնդիրներ լինում, էլ չենք խոսում երկու հարևան երկրների հարաբերությունների մասին», – ասել է Մամրաձեն։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն իր հերթին նույնպես դրական է գնահատում ոչ պաշտոնական հանդիպումների շարքը։ Նրա խոսքով` տարածաշրջանում համագործակցության նոր ձևաչափ է ստեղծվում, որի նախաձեռնողները Հայաստանն ու Վրաստանն են։

Փորձագետի կարծիքով` նման հանդիպումների շարքը թույլ կտա ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը։

«Երկկողմ հարաբերություններից բացի, կողմերը կարող էին քննարկել հարցեր հայ–վրացական բիզնես ֆորումի անցկացման հետ կապված, ինչի մասին, ի դեպ, խոսվել է առաջին ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ», – ասաց Մելիքյանը։

Կողմերը, հավանաբար, անդրադարձել են նաև Բաքու և Երևան` Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու առաջին այցի արդյունքներին։

Խոսքը երկու կողմերի համար նուրբ հարցի մասին է, որը քննարկվել է ԱԺ–ում ընդլայնված կազմով վրացական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Մասնավորապես, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Բաքու կատարած այցի ժամանակ Զուրաբիշվիլու արած հայտարարությունը տարակուսանք է առաջացրել հայ հասարակության շրջանում։

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահը Բաքվում Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսել է երկու երկրների տարածքային ամբողջականության մասին։ «Կարող էր հստակեցվել այն հարցը, թե Զուրաբիշվիլու որ հայտարարություններն էին արտացոլում Վրաստանի կառավարության դիրքորոշումը, իսկ որոնք` նրա անձնական կարծիքը։ Հայկական կողմը կարող էր փորձել ստանալ բոլոր այս հարցերի պատասխանները վրացական կողմից», – կարծում է Մելիքյանը։

Փորձագետը համոզված է, որ ոչ պաշտոնական բանակցությունները վկայում են, որ կողմերը կարևորում են համագործակցությունը, մտադիր են խորացնել կապերն ու աշխուժացնել միջպետական երկխոսությունը։

Մյուս կողմից, հանդիպումներ անցկացնելով մայրաքաղաքից դուրս (պաշտոնական հանդիպումները սովորաբար անցկացվում են մայրաքաղաքում)՝ կողմերը ծանոթացնում են միմյանց իրենց երկրների ներուժին։

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ վրացական պատվիրակության առաջին պաշտոնական այցը Երևան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 10-ին։ Ավելի վաղ՝ նույն տարվա մայիսի 30-ին, Նիկոլ Փաշինյանն էր առաջին պաշտոնական այցով Թբիլիսի այցելել։

 

102
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (65)
Ըստ թեմայի
Սահակաշվիլին հայ չէ. Վրաստանի նախկին նախագահը ներկայացրել է ԴՆԹ թեստի տվյալները
«Սրտանց կարեկցում եմ հայ ժողովրդին». Վրաստանի նախագահը գրառում է կատարել Հուշամատյանում
Այս անգամ՝ Հայաստանում. Փաշինյանն ու Բախտաձեն կրկին հանդիպել են