Ռեստորան

Երևանը և Թբիլիսին խոհարարական «մարտի» են պատրաստվում. հայտնի է օրակարգը

102
Կազմակերպիչները խոստանում են, որ միջոցառումը ոչ միայն լայնածավալ և շատ հետաքրքիր կլինի, այլ նաև նույնքան ուրախ, որքան հայ-վրացական բարեկամությունն է։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Պատմության մեջ առաջին հայ-վրացական խոհարարական փառատոնը կամ, այսպես կոչված` բաթլը տեղի կունենա Հայաստանում 2019թ.–ի հոկտեմբերին։

Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը Երևան–Թբիլիսի տեսակամրջի ընթացքում։

Երկու շաբաթ առաջ հայկական պատվիրակությունը` Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ, մեկնել էր Թբիլիսի։ Վրացական կողմի հետ ձեռք է բերվել համագործակցության մասին համաձայնություն։

«Փառատոնը կկազմակերպվի աշնանը, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին Լոռու մարզում կամ Տավուշում։ Փառատոնին կմասնակցեն թիմեր Վրաստանից և Հայաստանից։ Այն հերթով տեղի կունենա մե՛կ Վրաստանում, մե՛կ Հայաստանում», – ասաց Մամուլյանը։

Խոհարարական բաթլն ուղղված է երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։ Կազմակերպիչները հատուկ ընտրել են այն ճաշատեսակները, որոնք հաճախ դառնում են վեճի առարկա։

Պետք է ասել, որ նույն ճաշատեսակները կարող են ունենալ եղբայրական ժողովուրդները, բայց  իրենց հասկանալի անվանումներով։ Օրինակ` վրացական չախոխբիլի, բայց հայկական խոխոբ, վրացական կուպատի` հայկական բումբար։

«Ապրիլի վերջին մենք Երևանում կհանդիպենք վրացի գործընկերների հետ և ավելի մանրամասն կքննարկենք միջոցառման ծրագիրը, ժամանակը, վայրը և այլ մանրամասներ», – ասաց Մամուլյանը։

Նա նշեց, որ հետագայում այդ հարթակը կարող է օգտագործվել այլ երկրներ ներգրավելու համար։ Փառատոնը կարող է վերածվել տարածաշրջանային խոհարարական իրադարձության։

Իր հերթին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նախաձեռնությունը շատ կարևոր է համարում։ Նրա խոսքով` այն կօգնի ավելի շատ մտերմացնել երկու ժողովուրդներին։

«Փառատոնը հետաքրքրիր կլինի զբոսաշրջիկներին, արդեն կան զբոսաշրջային օպերատորներ, որոնց հետաքրքրել է այդ նախաձեռնությունը», – ասաց Ապրեսյանը։

Ուսանողների փոխանակումը, երկկողմ ծրագրերի մշակումը կարևոր է համարում նաև Վրաստանի Խոհարարների ֆեդերացիայի փոխնախագահ Մանուել Ֆաունդեզ Բարանդան։

«Մենք կարող ենք համատեղ մասնակցել միջազգային նախագծերին, միջազգային դրամաշնորհների հայտեր ներկայացնել», – ասաց Բարանդան։

Հիշեցնենք, որ Հայաստանում տեղի են ունենում տարբեր թեմատիկ փառատոններ` տոլմայից և ղափամայից մինչև ժինգյալով հաց ու խորոված։

102
թեգերը:
Սեդրակ Մամուլյան, Ռուսաստան, Հայաստան