Հյուսիս-հարավ ավտոմայրուղի

Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցք. ի՞նչ է պետք Երևանին նախագծին մասնակցելու համար

437
(Թարմացված է 01:03 02.03.2019)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բանակցությունների ժամանակ քննարկել են Պարսից ծոց – Սև ծով միջանցքը գործարկելու հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի տարածքով Պարսից ծոցի և Սև ծովի միջև միջանցքն արմատապես կփոխի Երևանի դիրքը տարածաշրջանում։ Տեսականորեն երթուղու գործարկումը հնարավոր է՝ հաշվի առնելով Հայաստանի և Իրանի իշխանությունների կամքը։ Սակայն դրա գործարկումը շատ առումներով կախված է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության նախագծի իրականացումից։

Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջանցք ստեղծելու մասին առաջարկն ինքնին նոր չէ։ Թեման կրկին արդիական է դարձել փետրվարի 27-28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Թեհրան կատարած առաջին պաշտոնական այցից հետո։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՀՀ վարչապետի հետ երկկողմ հանդիպման ժամանակ կրկին բարձրացրել է Հայաստանի տարածքով այդ միջանցքը գործարկելու հարցը։

Երթուղու գործարկումը թույլ կտա Երևանին դառնալ «Պարսից ծոց – Սև ծով» տրանսպորտային միջանցքի առանցքային հանգույցը։ Դրանով իրանական ապրանքների համար ուղի կբացվի դեպի սևծովյան նավահանգիստներ, իսկ այնտեղից՝ Եվրոպա։ Ի դեպ, երթուղու հայկական ուղղությունն ավելի կարճ է, քան Ադրբեջանով անցնող ճանապարհը։

Ինչպես նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, «Պարսից ծոց – Սև ծով» նախագիծը Երևանի մասնակցությամբ ակտիվացնում է նաև վրացական ուղղությունը։ Նա նշեց, որ իրանական իշխանությունները հնչեցրել են այդ գաղափարը վերջին մի քանի տարիների ընթացքում։

«Այլ խնդիր է, որ Երևանը պետք է աշխատի, որպեսզի նախաձեռնությունը վերցնի Բաքվից։ Առավել ևս, որ արդեն գործարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին», - ասաց Մելիքյանը։

Փորձագետը նշեց, որ անհրաժեշտ է հնարավորին շուտ ավարտել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը, որը կմիացնի Հայաստանի հյուսիսային սահմանը հարավայինի հետ։

Իր հերթին իրանագետ Արմեն Իսրայելյանը նշեց, որ Իրանը ձգտում է օգտագործել մի քանի տարանցիկ ուղղություններ։ Դրանցից մեկը Հայաստանի տարածքով «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքն է։

Նա շեշտեց, որ եթե մի քանի տարի առաջ Ադրբեջանի տարածքով անցնող տարանցիկ ուղղությունը բավական գրավիչ էր Իրանի համար, ապա այսօր իրավիճակը փոխվել է։

«Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցությունն իրականանում է ոչ Հայաստանի հաշվին», - ասաց Իսրայելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ հիմա Իրանը և Ադրբեջանը կապվում են Ռուսաստանի հետ այլ տրանսպորտային միջանցքի շրջանակում, ուստի Թեհրանի և Երևանի համագործակցությունն այդ ոլորտում կախված չէ Բաքվից։

Բացի այդ, Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները վերջին շրջանում նույնպես փոխվել են, ինչը, փորձագետի կարծիքով, կապված է ադրբեջանա-իսրայելական համագործակցության, Իրանի շուրջ իրադարձությունների զարգացման և Ադրբեջանի դիրքորոշման հետ։

Փորձագետը վստահ է, որ հիմա Հայաստանի միակ խնդիրը «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության հարցն է։ Նա համակարծիք է ճանապարհի գործարկումը շուտափույթ կերպով արագացնելու անհրաժեշտության հետ։

Նշենք, որ «Հյուսիս-հարավը» կարևոր դեր է խաղում Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններում։ Այդ մասին վերջին տարիներին բազմիցս հայտարարել են իրանական իշխանությունները՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել նախագծի շրջանակում երկաթուղու հայկական հատվածի շինարարության ձևաչափում։

Երևանն իրեն այդ նախագծում տեսնում է որպես «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի կապող օղակ։

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ 550 կմ երկարություն ունեցող այդ ճանապարհը թույլ կտա դուրս գալ դեպի Սև ծով և եվրոպական երկրներ՝ կապ ապահովելով Իրանի և Վրաստանի հետ:

Հայաստանը դեռևս 2009 թվականին վարկային համաձայնագիր է ստորագրել Ասիական զարգացման բանկի հետ։ Համաձայնագրով նախատեսվում էր մայրուղու շինարարությունն ավարտել 2016 թվականին, սակայն շինարարական աշխատանքները սկսեցին բանկի հետ պայմանագիրը կնքելուց միան երեք տարի անց։

437
թեգերը:
Թուրքիա, Եվրամիություն, Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Պարզ իրավիճակի» հանգուցալուծումը. Երևանը կարո՞ղ է «Վերին Լարսի» այլընտրանքի հույս ունենալ
Թբիլիսիում Երևան բեռներ տեղափոխելու նոր շնչերակ են գտել. Անակլիան Փոթիից գրավի՞չ կդառնա
Սկանդալ Վրաստանով Հայաստան ռուսական գազի տարանցման պատճառով. կօգնի՞ Երևանը Թբիլիսիին
«Մաքոքային դիվանագիտությու՞ն». ինչո՞ւ Թբիլիսին պաշտպանության նախարարին ուղարկեց Երևան
«Ջավախքից չես, վճարիր»․ ինչպես է հայրենադարձը հիասթափվում Հայաստանից և կրկին սիրում
Ցորենը վերադարձնել ռելսերի վրա, քանի դեռ Բենդեր–Աբասը պատժամիջոցների տակ է