Մևլութ Չավուշօղլու

Թուրքիան միջամտում է և փորձում ճնշում գործադրել Հայաստանի վրա. ինչպե՞ս դուրս գալ փակուղուց

335
(Թարմացված է 20:46 22.01.2019)
Հայաստանի ղեկավարությունն առայժմ հստակ պատկերացում չունի, թե ինչ անի Թուրքիայի հետ։ Նման պասիվությունը ձեռնտու է Անկարային։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիան պարբերաբար փորձում է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացներում, և Անկարային դա մասամբ հաջողվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը։

Նախարարն ավելի վաղ ասել էր, որ չլուծված ղարաբաղյան հակամարտության պայմաններում անհնար է կայունություն ապահովել Կովկասում և կարգավորել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները։ Նա նաև հավելել էր, որ Թուրքիան 2019թ.–ին ավելի հետևողական կլինի այդ հարցերում։

Գեղամյան խոսքով` Թուրքիան երկկողմ և եռակողմ ձևաչափերում ակտիվորեն աշխատում է ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, պարբերաբար անցկացվում են եռակողմ գագաթնաժողովներ` արտգործնախարարների, պաշտպանության նախարարների մասնակցությամբ։ Բացի այդ, Անկարան համագործակցում է արտատարածաշրջանային ուժի կենտրոնների հետ, որոնք իրենց շահերն ունեն Կովկասում։ Այդ առումով Չավուշօղլուի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության և հետևողականության մասին պետք է դիտարկել որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ։

«Թուրքիան ցույց է տալիս, որ ասելիք ունի տարածաշրջանում, և Երևանը պետք է հաշվի նստի իր կարծիքի հետ։ Ինչ-որ առումով Անկարայի նման պահվածքը կարելի է բնական համարել, քանի որ այս ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից մենք չենք տեսել հստակ գործողություններ և արտաքին քաղաքական ռազմավարություն», – ասաց Գեղամյանը։

Հայաստանի ղեկավարությունը հստակ պատկերացում չունի, թե ինչ անի Թուրքիայի հետ։ Այո, Երևանը արդարացիորեն և հիմնավորված ասում է, որ Թուրքիան չպետք է խառնվի ղարաբաղյան հիմնախնդրին։ Բայց, որպես Անկարայի չմիջամտելու այլընտրանք, կարելի է առաջարկել վերացնել Հայաստանի շրջափակումը, ինչը թույլ կտար ավելի բարենպաստ պայմաններ և մթնոլորտ ստեղծել ղարաբաղյան կարգավորման համար։ Դա առկա վեճի լուծման բազմաթիվ ուղիներից և տարբերակներից մեկն է։

«Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ ամբողջական և համապարփակ մոտեցումներ մշակելու կարիք ունի ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերություններում, այլ նաև այլ ուղղություններով», – ասում է Գեղամյանը։

Նա նաև կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում միջնորդներից մեկը կարող էր դառնալ Ռուսաստանը։ Հայաստան–Թուրքիա–Ռուսաստան ձևաչափը հետաքրքիր հարթակ կլինի կուտակված հարցերը քննարկելու համար։ Ռուսաստանն ազդեցիկ խաղացող է, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, միևնույն ժամանակ սերտ հարաբերություններ ունի Անկարայի հետ։ Մոսկվան կարող էր օգտագործել իր ձեռքում ունեցած լծակները` այդ խնդիրը լուծելու համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փորձ ձեռնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` 2008թ.–ին` Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման պատրվակով, ինչի առիթով այդ նախաձեռնությունը ստացավ ֆուտբոլային դիվանագիտություն անվանումը։

2008 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև ստորագրվեց արձանագրություն` երկու երկրների միջև առանց որևէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։

Թուրքիայի կողմից 10 տարի շարունակ չստորագրված արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին միայն 2018 թվականի մարտի 1-ին։

 

335
թեգերը:
Թուրքիա, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Լապշինի «Բաքվի ճեպընթացը». բլոգերը գիրք է գրելու իր անհաջողությունների մասին
Հայ հասարակության ոգևորությունն անտեղի է. Տիգրան Քոչարյանը` Բաքվի ցույցերի մասին
Գեղամյան.«Չավուշօղլուի հայտարարությամբ Թուրքիան փորձ արեց ճնշում գործադրել Հայաստանի վրա»