Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործ նախարարները

Ստամբուլյան դեժավյու Արցախի հարցով. Ադրբեջանը պատճենել է հին փաստաթուղթը

473
Իրանը տարածքային ամբողջականության սկզբունքը հռչակում է սեփական ներքին խնդիրների պատճառով, սակայն Արցախի հետ կապված ամեն ինչ այդքան հեշտ չէ։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի –Sputnik. Սոցցանցերի հայկական տիրույթում բուռն քննարկումների առարկա է դարձել Ստամբուլում` Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունն այն մասին, որ արցախյան հակամարտությունը պետք է լուծել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտարարություն էին տարածել այն մասին, որ Ստամբուլում հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներն ընդգծել են արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։

Սակայն փորձագետները կոչ են անում չշտապել հետևություններ անել։ Բավական է հիշել, որ սա նման արդեն 6-րդ հանդիպումն է, և նման հայտարարությունները նորություն չեն։ Այս փաստին Sputnik Արմենիայի հետ զրույցում ուշադրություն է հրավիրում իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Նույն կարծիքներն են հնչել, ինչ անցած տարի։ Սա նման արդեն 6-րդ հանդիպումն է, ամեն անգամ նման հայտարարություններ են ընդունվում։  Թեև ձեռքերը ծալած նստել, կարծելով, թե ոչինչ չի փոխվել նույնպես չի կարելի», – ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` իրավիճակը տարածաշրջանում փոխվում է, այն էլ ոչ թե տարեցտարի, այլ ամեն վայրկյան, դրան պետք է պատրաստ լինել։

Երևանն ավելի «ագրեսիվ»  քաղաքականություն պետք է վարի` երկկողմ, եռակողմ հանդիպումներ նախաձեռնելով։

Ըստ Վարդանյանի` դրա համար ներուժ կա։ Ժամանակին նման ձևաչափեր գոյություն ունեին, դրանք պետք է թարմացնել, նոր խթան հաղորդել։

Տարածքային ամբողջականության մասին կետը մեկնաբանելով` նա նշում է. Թուրքիան ամեն անգամ հայտարարում է, որ արցախյան հակամարտությունը պետք է լուծվի հօգուտ Ադրբեջանի։ Իրանն էլ բազմիցս հայտարարել է, որ իր համար, նախևառաջ, տարածաշրջանում խաղաղությունն է կարևոր։

«Բացի այդ, Թեհրանն այլ դիվանագիտական մեթոդներով բազմիցս հասկացրել է, որ Արցախում հայ զինվորները նպաստում են Իրանի հյուսիսային սահմանների մերձակայքում անվտանգության պահպանմանը։  Իսկ Արցախի ստատուս քվոն Իրանի համար առավել շահավետ իրավիճակ է, նա դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխմանը», – ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` հասկանալի է, թե ինչու է Իրանը նշում տարածքային ամբողջականության սկզբունքը, քանի որ նա էլ ներքին խնդիրներ ունի։ Դա կապված է էթնիկ բնույթի բազմաթիվ խնդիրների հետ, որոնք կարող են հարցականի տակ դնել Իսլամական հանրապետության տարածքային ամբողջականությունը։

«Դրանց մի մասը բնական է, մյուսն արտասահմանից է գալիս։ Նման խնդիրներ ունենալով` Իրանը տարածքային ամբողջականությունն իր սկզբունքներից մեկն է հայտարարում», – նշեց Վարդանյանը։

Մեկ այլ իրանագետ Արտյոմ Տոնոյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Արցախի հարցով հայտարարությունների մի մասը պարզապես պատճենել են անցած տարվա փաստաթղթից։

Նրա խոսքով` Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցները սկզբում նույնիսկ մոռացել էին փոխել Բաքու անվանումը (որտեղ անցած տարի անցկացվել էր հանդիպումը) և դարձնել Ստամբուլ։

«Հարցը քննարկվել է անցած 5 հանդիպումների ժամանակ, և համատեղ հայտարարության մեջ ես որևէ նոր բան չտեսա, առավել ևս՝ Հայաստանի նկատմամբ Իրանի դիրքորոշման փոփոխություն», – գրել է Տոնոյանը։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ կայքում հասանելի են պայմանագրի երկու տարբերակներ։ Երկու տարբերակում էլ (Արցախի մասում) կողմերը նշում են ընդհանուր շահերը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով, միջազգային իրավունքին հավատարիմ մնալու սկզբունքները, մասնավորապես, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, սահմանների անձեռնմխելիությունն ու վեճերի խաղաղ կարգավորումը։

Միակ տարբերությունն առաջին մասում է. այն կապված է ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ բառակապակցությանը, որն ավելացվել է։

Եվ, այո,  երկրորդ մասում, որտեղ կողմերը կոչ են անում վերոնշյալ սկզբունքների հիման վրա լուծել արցախյան հակամարտությունը, երկու ստորակետ անհետացել են։

Գուցե այստեղ գաղտնի իմա՞ստ կա...

473
Ըստ թեմայի
Հայկական նավթ. ի՞նչ արձագանք է գալիս երկրի ընդերքից
Վաշինգտոնը Բաքվից ավելի շատ բան կպահանջի, քան Երևանից. փորձագետը` Իրանի խնդրի մասին
Հայաստանն ուզում է ամրապնդել Իրանի հետ «թմրանյութային» համագործակցությունը
Ոսկանյան. «Հայ–իրանական հարաբերություններում այս պահին սպասողական դրություն է»