ԴԱՆԱ ինքնագնաց հրետանային համակարգ

Մահաբեր զենքի առաքումը Ադրբեջան. ինչո՞ւ է Սլովակիան թաքնվում Իսրայելի թիկունքում

390
(Թարմացված է 09:19 19.07.2018)
Որոշ եվրոպական երկրներից Իսրայելի միջոցով Ադրբեջան զենք առաքելու սխեման արդեն գործում է մոտ երկու տարի, հայտարարեց փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հայաստանը պետք է պարզի, թե ինչու է Սլովակիան օգտագործում Իսրայելի միջոցով Ադրբեջանին զենք վաճառելու սխեման։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Սլովակիայում հայտնի Dennik N պարբերականն օրերս մեծ հոդված է հրապարակել Բաքվին զենք վաճառելու աղմկահարույց գործարքի մասին։ Այդ հոդվածի համաձայն՝ Բրատիսլավան ռազմական տեխնիկան Ադրբեջան է առաքում Իսրայելի միջոցով։

Իրավիճակը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը.

«Միայն միամիտ մարդը կարող է կարծել, որ Սլովակիայի իշխանություններն այս գործարքի վերջնակետի մասին տեղյակ չեն եղել, մանավանդ, որ, ինչպես ասացի` սեպտեմբերից մենք զգուշացրել էինք նրանց դրա մասին` ասելով, որ լիցենզիան խախտվում է, և սպառազինություններն Իսրայելից ուղարկվում են Բաքու։ Հետևաբար, նրանք բավական ժամանակ ունեին ստուգելու, ճշտելու այդ տեղեկություններն ու դադարեցնելու»,– ասաց Սեյրանյանը։

«Սխեման վաղուց է գործում, այն նոր չէ։ Նույնիսկ, եթե նայենք բաց աղբյուրները, ապա կտեսնենք, որ վերջին ամիսների շաբաթական մեկ կամ երկու անգամ բեռնատար ինքնաթիռները, որոնք զենք են տեղափոխում Ադրբեջանի պաշտպանության նախարարության համար, թռել են Բաքվից Չեխիա, Սլովակիա, Իսրայել և հակառակը», – ասաց Հովհաննիսյանը։

Այդ սխեման արդեն գործում է մոտ երկու տարի, և Ադրբեջանը շարունակում է զենք ստանալ Չեխիայից և Սլովակիայից Իսրայելի միջոցով, հավելեց նա։

Որքանով հայտնի է փորձագետին, Սլովակիան իր վրա պարտավորություն չի վերցրել զենք չառաքել հակամարտող կողմերին։ Եթե այդպես է, ապա միջազգային իրավունքի առումով առաքումները դադարեցնելու համար Բրատիսլավայի վրա ճնշում գործադրելու ոչ մի մեխանիզմ չկա։

Եվրոպական երկրները, որոնք մահաբեր զենք չեն վաճառում հակամարտող կողմերին, կա՛մ հետևում են ԵԱՀԿ–ի 1992թ–ի կոչին, (որը պարտադիր բնույթ չի կրում), կա՛մ հեռուն են գնացել և օրենսդրական մակարդակում էմբարգո են սահմանել։ Հակամարտության կողմերին մահաբեր զենք վաճառելու վերաբերյալ նման սահմանափակումներ են ներդրել, օրինակ, Գերմանիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

«Եթե նրանք նման սահմանափակումներ չունեն, ապա հարց է ծագում, թե ինչու բացահայտ զենք չեն վաճառում, այլ անում են դա Իսրայելի միջոցով։ Այս հարցը հստակություն է պահանջում։ Մյուս կողմից, եթե վաճառքը սահմանափակելու վերաբերյալ պարտավորություններ կան, ապա այդ դեպքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է զբաղվի դրանով», – կարծում է Հովհաննիսյանը։

Ժամանակին բուլղարացի հաքերները փաստաթղթեր էին հրապարակել, որոնցից պարզ դարձավ, թե ով է այդ զենքի վերջնական օգտագործողը, հիշեցրեց ռազմական փորձագետը։

Բացի այդ, հազարավոր մարդիկ բաց աղբյուրների շնորհիվ կարող են որոշել, թե ինչպիսի ուղիներով են թռչում ադրբեջանական Silk Way ավիաընկերության ինքնաթիռները, որոնք զենք են տեղափոխում։

«Պրահայի և Բրատիսլավայի հայտարարություններն այս հարցի մասին առնվազն անհասկանալի են։ Եթե նրանք իսկապես «չգիտեն», ապա նրանց պետք է տեղեկատվություն տրամադրել, թեև դա ծիծաղելի կլինի», – ասաց Հովհաննիսյանը։

Փորձագետը նշեց, որ զենք մատակարարող ցանկացած երկիր պետք է հետևի դրա հետագա վերավաճառքին։ Որոշ երկրներ առաքումից նույնիսկ 10-20 տարի հետո հետևում են վերավաճառքին։ Օրինակ, նման քաղաքականություն է վարել Գերմանիան Թուրքիայի դեպքում` թույլ չտալով վերավաճառել գերմանական զենքը, այդ թվում` Բաքվին։

Նրա կարծիքով` իրեն հարգող ցանկացած երկիր պետք է հետևի  վերավաճառքին, առավել ևս, որ այդ հարցի պարզաբանումը պահանջում է նույնիսկ ոչ թե ամիսներ, այլ հաշված օրեր։

Նշենք, որ Dennik N–ի  հուլիսի 14–ին հրապարակված հոդվածում նշվում է, որ չեխական հեռուստատեսությունը, սկսած 2017թ–ի սեպտեմբերից մինչև 2018թ–ի հունիս, երեք ռեպորտաժ է ցուցադրել սլովակական ընկերության արտահանման մասին։ Հեղինակները համոզված են, որ խոսքը է հենց այն զենքի մասին է, որն արդյունքում հայտնվել է Բաքվում։

Ավելին, վերջին ռեպորտաժում ասվել է, որ արտահանված զենքն արդեն փորձարկվել է մարտական պայմաններում։

390
թեգերը:
Եվրախորհուրդ, Եվրամիություն, Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Գնդակներն ընկել են խանութի մոտ. գյուղապետը` ադրբեջանական կրակոցների հետևանքների մասին
Ադրբեջանն օրեցօր ավելի ագրեսիվ է դառնում Հայաստանի նկատմամբ. Փաշինյան
Հովհաննիսյան. «Ադրբեջանական կողմից կրակել են Ճամբարակի ուղղությամբ»
«Թավշյա» հեղափոխությունը մերկացրեց Ադրբեջանի նախագահի վախերը». Փաշինյան
Հայաստանի հեղափոխությունից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել. Փաշինյան
Ոսկանյան. Իրանական հովանավորչությունը վայելող ընդդիմությունն Ադրբեջանում ունի լուրջ դիրքեր