ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Ֆրանսիայի իշխանությունները չեն մատակարարի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում, հինգշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը` մեկնաբանելով Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ Փարիզի կողմից էմբարգոն չեղարկելու` ադրբեջանական ԶԼՄ–ներում տարածված ապատեղեկատվությունը։
Ավելի վաղ AzeriDefence պորտալը, դրան հղում անելով նաև այլ ադրբեջանական ԶԼՄ–ներ, տեղեկություն էին տարածել, որ Փարիզը ֆրանսիական ընկերություններից հանել է` Ադրբեջանին ռազմական նշանակության արտադրանք վաճառելու վերաբերյալ էմբարգոն։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքել էր այդ տեղեկությունը։
«Այդ տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո հերքում ենք տվել։ Մեզ համար դա մեր դիրքորոշումը ևս մեկ անգամ հաստատելու հնարավորություն էր` Ֆրանսիան հարգում է միջազգային օրենսդրության շրջանակներում ստանձնած պարտավորությունները. չի մատակարարում այնպիսի զենք կամ ռազմամթերք, որը կարող է օգտագործվել Արցախում», – ասաց Լաքոտը։
Լաքոտի խոսքով` Բրյուսելում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը երկար սպասված հանդիպում էր։ Նա նշեց, որ Փարիզը հավատարիմ է ստանձնած պարտավորություններին և սկզբունքներին նաև արցախյան հակամարտության կարգավորման հարցում։
«Հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ։ Արցախի ժողովրդին միայն խաղաղ լուծում կարող է առաջարկվել», – ասաց Լաքոտը։
Այս մասին, ըստ նրա, ՀՀ վարչապետին ասել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Լաքոտը նշեց, որ Ֆրանսիայի իշխանությունները դրական են ընդունում Հայաստանի հայտարարություններն այն մասին, որ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով։
Հիշեցնենք, որ հուլիսի 11–ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամադյարովի 1–ին հանդիպումը։Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շեֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցերի շուրջ: Նշենք, որ հանդիպումը 4 ժամից ավելի է տևել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։ Ermenihaberi.am-ը գրում է, որ թուրքական մամուլն այսօր հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկապես շեշտվում է, որ նա թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:
Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 4–ին Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող մահացել է, իսկ 2-ը՝ վիրավորվել:
Ո՞վ է Օսման Էրբաշը
Թուրք գեներալ Օսման Էրբաշը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը:
Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ:
Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈւ ակադեմիան:
2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ`աջակցելով Թուրքիայի իշխանություններին:
Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:
Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` իրականում Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո որևէ կերպ չի դադարեցրել ռազմաշունչ հռետորաբանությունը, շատ արագ համալրում է ռազմական կորուստները, գնում է նոր սպառազինություն, վերախմբավորում է զինված ուժերը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համարում պատերազմն ավարտված և պատրաստվում է հաջորդ լայնածավալ ռազմական գործողություններին։
«Ընդհանրապես մեր անվտանգության ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում է։ Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ–ի ու ԱԱԾ–ի լրատվական բաժիններն ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանում, քան Հայաստանի քաղաքացիների։ Մանավանդ բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև վերջին կոնֆլիկտը միանշանակորեն լավ չէ ընդհանուր անվտանգության համատեքստում։ Այն, ինչ կատարվում է պատերազմից հետո, պետք է ընթանար բոլորովին այլ ճանապարհով։ Նույնիսկ մի կողմ թողնելով այն հարցը, որ երկիրը պարտության տարած թիմը պետք է հրաժարական տար, մենք շատ արագ պետք է զբաղվեինք մեր բանակի վերազինմամբ, կորուստների վերականգնմամբ, նորությունների մշակմամբ»,– նշեց ռազմական փորձագետը։
Վրթանեսյանի կարծիքով` պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի` դրանից բխող բոլոր ռիսկերով։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, որ բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 3 միլիարդ դոլար, Վրթանեսյանն ընդգծեց, որ իրենց թիմի ու նախկին նախագահի հաշվարկները գրեթե նույնն են, և այդ գումարն անհրաժեշտ է մեր զինված ուժերը գոնե մինչպատերազմյան վիճակի բերելու համար։
«Բայց հաշվի առնենք, որ նաև շատ մեծ քանակով ռազմական ենթակառուցվածքներ են ոչնչացվել կամ հանձնվել թշնամուն` սկսած զորամասերից, վերջացրած դիրքերով։ Պետք է նորից իրականացվեն ամրաշինական աշխատանքներ, կառուցվեն ճանապարհներ, իսկ որոշ տեղերում ենթակառուցվածքները պետք է հիմնվեն զրոյից»,– նշեց ռաազմական փորձագետը։
Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են Հովհաննես Թևոսյանի կիսանդրին. տեսանյութ
Վրթանեսյանի խոսքով` վերջին պատերազմը ցույց տվեց, որ պետք է շատ արագ զարգացնել բանակը` այդ ուղղությամբ կատարելով անհրաժեշտ գնումներ, մասնավորապես՝ պետք է ձեռք բերել ԱԹՍ–ներ։ Ըստ նրա` մեզ պետք են ավելի մեծ գումարներ, որպեսզի փորձենք ոչ միայն բալանսի բերել բանակը, այլև որոշակի գերակայություն ապահովել։



