Հայկական բանակի զինծառայող

«Թավշյա» Հայաստանի ուրվականը. Ադրբեջանն ուժեղացնում է թշնամու կերպարը

1049
(Թարմացված է 15:43 27.06.2018)
Հունիսի 26-ին Բաքվում Ադրբեջանի ԶՈՒ 100-ամյակին նվիրված ռազմական շքերթ անցկացվեց, որի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Արցախում պատերազմը դեռ չի ավարտվել։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացած «թավշյա հեղափոխությունը» իր ազդեցությունն է թողել նաև Ադրբեջանի վրա, այս մասին է վկայում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ ելույթը։

Ադրբեջանի նախագահը, հունիսի 26-ին Բաքվում կազմակերպած ռազմական շքերթին հանդես գալով ելույթով, հերթական անգամ մի շարք ամպագոռգոռ և մարտական հայտարարություններ արեց` մասնավորապես հայտարարելով, որ «Արցախում պատերազմը չի ավարտվել»։

© Sputnik / Kamilla Alieva, Talekh Makhmudov
Բաքվում ցուցադրվել է Ադրբեջանի ռազմական հզորությունը

Քաջ ծանոթ խոսքեր

Ալիևի խոսքն, ընդհանուր առմամբ, նման էր իր նախորդ հայտարարություններին, Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց արևելագետ Արտյոմ Տոնոյանը։

Օրինակ, այն, որ Արցախում ավարտվել է պատերազմի միայն առաջին փուլը, կամ Ադրբեջանը մտադիր է վերականգնել երկրի «տարածքային ամբողջականությունը». նման հայտարարություններին, նրա խոսքով, և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում արդեն ծանոթ են։

«Ալիևն անդրադարձել է նաև ՄԱԿ–ի չորս բանաձևերին` ակնհայտորեն խեղաթյուրելով դրանց էությունը։ Ընդհանուր առմամբ, հայտարարությունները նման են նախորդ հայտարարություններին, որոշ մեջբերումներ ամբողջությամբ առանց խմբագրելու վերցված են նախկին ելույթներից», – ասաց Տոնոյանը։

Համեմատաբար նոր կետ և միաժամանակ վիճակագրական սխալ էր Ալիևի խոսքում հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2003 թվականից հետո 15 անգամ աճել է։ Բյուջեն, իհարկե, աճել է, սակայն ավելի քիչ, քան 10 անգամ, (163  մլն–ից մինչև 1,61 մլրդ դոլար) եթե հաշվի չառնենք դոլարի գնողունակության անկումը վերջին տարիների ընթացքում։

Նրա խոսքով` ակներև մանիպուլյացիա էր հայտարարությունն այն մասին, որ Նախիջևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների արդյունքում Ադրբեջանն այսօր կարող է վերահսկել Հայաստանի ռազմական ճանապարհները։

Իլհամ Ալիևը ապահովագրվում է «հայկական սցենարից»

Անկախ Ալիևի խոսքերում առկա բազմաթիվ  «կրկնություններից» կային նաև հատկանշական կետեր, մասնավորապես ներքաղաքական իրավիճակին վերաբերող։

«Տեքստում նաև այնպիսի շեշտադրումներ էին արվել, որոնք վկայում են ներքին քաղաքականության մեջ առկա սուր խնդիրների մասին։ Տեքստի առաջին մասը նվիրված էր նրան, որ «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» ներկայիս ընդդիմադիր կուսակցությունների քաղաքականության պատճառով Ադրբեջանը  1991-1993 թվականներին կանգնած էր անկախությունը կորցնելու վտանգի առաջ», – ասաց Տոնոյանը։

Այսպիսով, որոշակի ուղերձ կար ուղղված նաև քաղաքական ընդդիմախոսներին։ Տոնոյանի խոսքով` Ալիևը որևէ հնարավորություն բաց չի թողնում իր ֆորմալ ընդդիմախոսներին խայթելու համար։

Արևելագետը ուշադրություն է դարձնում նրան, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, տարածաշրջանում իրավիճակը փոխվել է։ Ադրբեջանի իշխանությունները մտավախություն ունեն, որ Հայաստանի օրինակը կարող է վարակիչ լինել նաև ադրբեջանական հասարակության համար, այդ պատճառով էլ ամեն կերպ ուժեղացնում է արտաքին թշնամու կերպարը` այդպիսով ուշադրությունը շեղելով ներքին խնդիրներից։

Բացի այս ամենից,  հաշվի առնելով Հայաստանի քաղաքական ինստիտուտներում փոփոխությունների շարունակվող գործընթացը,  Տոնոյանի խոսքով, Ադրբեջանը նաև դիտարկում է  որոշակի արկածախնդիր քայլերի իրականացման հավանականությունը։

Հայաստանի պաշտոնական արձագանքը

Նշենք, որ Ալիևի հայտարարություններին արձագանքել է ՀՀ ԱԳՆ–ն։ Twitter–ի իր էջում` Ադրբեջանի նախագահի հայտարարություններն առաջինը մեկնաբանեց գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Անագե զորքերի գերագույն գլխավոր հրամանատարն ամենաժամանակակից զենքով  գրոհում է հնարավոր բոլոր բարձունքները, ինչպես նաև փոստը, հեռագիրը և այլն: Ադրբեջանի ժողովուրդը ցավով փաստում է` իմաստությունը ժառանգաբար չի փոխանցվում», – գրել է Բալայանը` գրառմանը կցելով ադրբեջանական ԶԼՄ–ների վերնագրերի սքրինշոթերը։

Այնուհետև ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ ռազմամոլությունն ու զենք ճոճելը ռացիոնալ չեն, ցավալի են, եթե չասենք, որ անհեթեթ են։

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ միջազգային հանրությունը պետք է որակապես այլ մոտեցում ցուցաբերի այդ հայտարարություններին։

«Դա արցախա–ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային իրավունքի, 1994 թվականից ի վեր ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է։ Սա մեջքից հարված է ԵՍՀԿ ՄԽ համանախագահներին և նրանց քրտնաջան աշխատանքի հանդեպ անհարգալից դրսևորում», – ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` Ստեփանակերտում լուրջ են ընկալում բոլոր այդ հայտարարությունները. դրանք ցույց են տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է պահպանել իշխանությունը ռազմատենչ հայտարարությունների օգնությամբ։ Սա բնակչությանը` Ադրբեջանի ներքին լուրջ խնդիրներից շեղելու փորձ է։

Ինչ վերաբերում է Բաքվի շքերթին, ապա, Բաբայանի խոսքով,  դա  յուրօրինակ պատասխանն էր Երևանի շքերթին։

«Կարևոր չէ, թե ինչ կցուցադրեն նրանք։ 1991  թվականին մենք ընդհանրապես անկլավային վիճակում էինք։ Բայց, քանի որ մեր գործն արդար է մենք հաղթելու ենք։ Մենք պատերազմից չենք վախենում, սակայն նաև չենք ուզում, որ պատերազմ լինի», – նշեց Բաբայանը։

Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Իլհամ Ալիջևը հայտարարել էր, որ ավարտվել է Արցախյան պատերազմի միայն առաջին փուլը։

Նրա խոսքով` 1991-1992 թվականներին «հայկական կողմի զավթողական քաղաքականությունը` ադրբեջանական հողերի մի մասի բռնազավթման է հանգեցրել», իսկ ներքին երկպառակություննների արդյունքում առաջացել է անկախությունը կորցնելու վտանգ։ Այդ դժվարին ժամանակ ժողովուրդը «իշխանության կանչեց Հեյդար Ալիևին», ինչից հետո իրավիճակը կայունացավ, և Ադրբեջանը թևակոխեց զարգացման ճանապարհը։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարեց, որ Բաքուն երբեք չի համակերպվի «բռնազավթման» հետ և արդյունքում կվերականգնի իր «տարածքային ամբողջականությունը»։

Ադրբեջանի նախագահը չմոռացավ հիշատակել նաև Նախիջևանի մասին։ Ալիևն ընդգծեց, որ արդյունքում երկիրն ազատագրեց «ռազմավարական բարձունքներ, 11 հազար հեկտար հող, որոնք հակառակորդը բռնազավթել էր 1990-ականների սկզբին»։

1049
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչ տեսք ունեն Նախիջևանի ադրբեջանական դիրքերը հայկական կողմից. տեսանյութ
Ադրբեջանի փոխարտգործնախարարը Երևան կժամանի. ավելորդ կրքեր չեն լինելու
Ադրբեջանի սուր ճոճելն անմտություն է. Մնացականյան
Ազատ գազ չկա. կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը «լիցքավորվել» Թուրքմենստանում
Ոսկանյան. «Ադրբեջանական կողմը փորձ է կատարում Հայաստանի ներքին խնդիրները ծառայեցնել իրեն