Սերգեյ Լավրով և Էդվարդ Նալբանդյան

Սատանան մանրուքների մեջ է. ի՞նչ նոր գաղափարների մասին է խոսել Լավրովը

73
(Թարմացված է 12:09 11.04.2018)
Մադրիդյան սկզբունքները շարունակում են մնալ բանակցային գործընթացի հիմքը, այդպես եղել է Կազանում, այդպես է նաև հիմա։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik, Դավիթ Գալստյան. Կազանը արցախյան հակամարտության կարգավորման իր դերով չի մտել Հայաստանի և Ադրբեջանի պատմության մեջ, բայց Թաթարստանի մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցություններից ինչ–որ բան պահպանում է իր արդիականությունը։

Ավելին` ինչպես նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, համանախագահները «նոր գաղափարներ» ունեն։ Sputnik Արմենիան փորձագետների հետ պարզում է, թե ինչի մասին կարող է խոսքը  լինել։

Բայց սկսենք սկզբից։ Հայկական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ–ը վստահություն է հայտնել, որ շատ բաներ, որոնք առկա են այսպես կոչված «կազանյան փաստաթղթում», նախկինի նման պահանջված են։ Բացի այդ, անցած յոթ տարիների ընթացքում բանակցային գործընթացի շրջանակում հայտնվել են նոր գաղափարներ, որոնք համանախագահները հիմա առաջ են մղում տարբեր կողմերի հետ շփումներում։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, խոսքը հիմնարար գաղափարների մասին է։

«Չեմ կարծում, որ գաղափարները, որոնց մասին խոսել է Լավրովը, հիմնովին նոր են։ Ամենայն հավանականությամբ, խոսքը  մանրամասների մասին է, որոնց շուրջ կողմերը չեն կարողացել հանգել համաձայնության։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի ու Հայաստանի փոխհարաբերությունների այս փուլում կարող են տեղ գտնել հիմնարար նոր մոտեցումներ կամ գաղափարներ», – ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով` ստատուս քվոն և տարածաշրջանում ուժերի իրական հարաբերակցությունը բավական կայուն են, ինչ–որ փոփոխություններ, որոնք կնպաստեին հարաբերությունների զարգացմանը, չկան։

Ինչ վերաբերում է այդ մանրամասներին, ապա քաղտեխնոլոգի կարծիքով, ինչպիսին էլ դրանք լինեն, չեն կարող հանգեցնել իրական փոփոխությունների։

«Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերում առայժմ դիվանագիտական նրբություններ են, դիվանագիտական ուղերձներ։ Բանակցային գործընթացի յուրաքանչյուր նոր փուլում լինում են նոր ուղերձներ, բայց դրանք չեն հանգեցնում արմատական փոփոխությունների, որոնք կողմերին կմոտեցնեին ինչ-որ փաստաթղթի ստորագրման», – ասաց Հակոբյանը։

Լավրովը նշել է, որ միջնորդները փորձում են հաշվի առնել բոլոր ցանկությունները, բոլոր նրբությունները, որոնք հնչում են կողմերի ներկայացուցիչներից։ Մանրամասները վերաբերում են հրադադարի հարցերին, շփման գծում հսկողությանը։ Այդ հարցն ընդհանրապես քաոսային է դարձել։

Քաղտեխնոլոգի կարծիքով` «Մադրիդյան սկզբունքները» պահպանում են իրենց արդիականությունը, դրանք ընկած են համանախագահների առաջարկների հիմքում։

Հարցն այն է, թե որքանով հակամարտության կողմերի համար արդի կլինեն այս կամ այն կետերը։

«Բացի այդ, կարևոր է այդ առաջարկների հերթականության հարցը։ Պատահական չէ, որ հակամարտության կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում ապագա համաձայնագրի սկզբունքները։ Մի կողմն այն անվանում է փաթեթային, մյուսը` փուլային», – ասաց Հակոբյանը։

Ինչ-որ շրջանակային համաձայնագիր ստորագրելու հարցն ընկած է հենց այս հարթությունում։ Հակոբյանի կարծիքով` առաջիկայում բանակցային գործընթացում առաջխաղացում չի սպասվում։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ուշադրություն է դարձնում  հարցազրույցի հայտնվելու ժամանակահատվածին ` Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ։

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ մյուս համանախագահները, և՛ համաշխարհային հանրությունը գիտի, որ Իլհամ Ալիևն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո «մոռացել» է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածությունների մասին։ Դա շատ կարևոր պահ է», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` ոչ ոք չի կարող ասել, ինչպիսի կոնկրետ գաղափարների մասին է խոսել Լավրովը, բայց դրանք կարող են կապված լինել հենց չիրագործված պայմանավորվածությունների հետ։

Մադրիդյան սկզբունքները ոչ մի տեղ չեն անհետացել, հենց դրանց հիմա վրա է ընթանում բանակցային գործընթացը։ Բնական է և տրամաբանական, որ մշտապես հայտնվում են ինչ-որ նոր մտքեր, գաղափարներ։ Դրանք համանախագահները կողմերին ներկայացնում են ինչպես միասին, այնպես էլ առանձին–առանձին», – ասաց քաղաքագետը։

Այսպիսով, փորձագետները վստահ են` Լավրովի խոսքերն առաջին հերթին վերաբերում են մանրամասներին, այլ ոչ թե սկզբունքորեն նոր գաղափարներին։

73
Ըստ թեմայի
Արցախյան ողջույն. Բակո Սահակյանի այցն ԱՄՆ ամենևին «դիվանագիտական զբոսաշրջություն» չէ
Ինչով են նման Արցախյան դիմակայությունը և արաբա-իսրայելական հակամարտությունը
Վաշինգտոնի արցախյան հանգույցը. ինչո՞ւ ԱՄՆ—ը չի պատժի Հայաստանին